News
02/03/2022
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ստեղծած ռուս-հայկական գործընկերության ինտերակտիվ քարտեզը

   Ս.թ. մարտի 1-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ կլոր սեղան՝ նվիրված Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության կողմից ստեղծած ռուս-հայկական գործընկերության ինտերակտիվ պատմական քարտեզի ներկայացմանն ու քննարկմանը: Քարտեզը ներառում է տեղեկատվություն 19-րդ դարի ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների մասին: Այն ցույց է տալիս աշխարհագրական դիրքերը, տեսարանները՝ պատմական և ժամանակակից, ինչպես նաև ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների հերոսների մարտերի և թաղման վայրերի նկարագրությունը, հուշարձաններն ու ամրոցները:

   Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ողջունելով ներկաներին, ասաց. «Ինտերակտիվ պատմական քարտեզի ստեղծմանն ուղղված այս նախագիծը մեզ համար շատ կարևոր է: Նախագիծը մեկնարկել է անցյալ տարի, ներկայում ունենք պիլոտային տարբերակը: Մենք ակնկալում ենք գիտական հանրության աջակցությունն այս նախագծի կատարելագործման համար»: 
   ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ 19-րդ դարի պատմական իրադարձությունները հետաքրքիր են նաև գիտական տեսանկյունից. «Քննարկվող հարցը շատ ակտուալ է՝ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրականության մեջ: 19-րդ դարը ճակատագրական էր հայ ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար, երբ Արևելյան Հայաստանի և Ղարաբաղի տսրածքները ներառվեցին Ռուսաստանի կազմի մեջ, ինչն ունեցավ դրական ազդեցություն տնտեսության, գիտության, մշակույթի վրա, ինչպես նաև պետականության վերականգնման համար:

   Ցավոք, մեր հարևանները փորձում են խեղաթյուրել պատմությունը, անգամ ստիպում են ռուսական իշխանություններին հրաժարվել «Արևելյան Հայաստան» արտահայտությունից: Նման քաղաքականությունը, իմ կարծիքով, հղի է գլոբալ ռիսկերով, ինչպիսին են Ղարաբաղի և Նախիջևանի ներառումն Ադրբեջանի կազմի մեջ 20-րդ դարի սկզբին, ինչը 100 տարի անց թույլ տվեց Թուրքիային մտնել Հարավային Կովկասի տարածք և հայտարարել, որ մենք շարունակում ենք մեր նախնինների գործը: Ռուսական իշխանությունները, իմ կարծիքով, պետք է շատ ուշադիր և կշռադատված որոշեն ազգամիջյան և տարածքային բնույթի հարցերը»: 
   Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության պատմական ծրագրերի համակարգող Լիլիթ Ասոյանը նշեց. «Հատուկ տեղ է տրված առանձին անձանց, գործիչների, ովքեր նշանակալի դեր են ունեցել ռուս-հայկական հարաբերությունների հաստատման և զարգացման գործում: Մեր նպատակն է յուրաքանչյուրին հասցնել պատմական այդ տեղեկատվությունը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները»:

   Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց. «Նման քարտեզը կարող է նպաստել տարածաշրջանում տուրիզմի զարգացմանը՝ տրամադրելով մատչելի տեղեկատվություն Հայաստանի տարածքում պատմական հուշարձանների վերաբերյալ: Իսկ տուրիզմն այն ուժն է, որը կարող է նպաստել ոչ միայն տնտեսության զարգացմանը, այլ նաև մշակութային, քաղաքական հարցերի որոշմանը»:
   «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության էթնոգրաֆիկ ծրագրերի համակարգող Ելենա Շուվաևան մանրամասնորեն ներկայացրեց ինտերակտիվ քարտեզը՝ նշելով, որ ներկայում քարտեզում արտացոլված են ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների պատմական ժառանգության 50 օբյեկտներ, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր շրջաններում։ Հետագայում քարտեզը կհամալրվի։
   Գիտնականները բարձր գնահատեցին նախագծի իրականացումը՝ կիսվելով իրենց կարծիքներով և առաջարկություններով:

   ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ նախագիծն ունի մեծ և դաստիարակչական նշանակություն երիտասարդների համար. «Ես առաջարկում եմ մեր պատմաբանների հետ համագործակցելով ստեղծել այս քարտեզի կոնտենտը, որի հիման վրա էլ կարելի է ստեղծել ավելի կոնկրետ քարտեզներ և նախագծեր՝ ռուս-հայկական հարաբերությունների պատկերավորման համար»: 
   ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ասաց, որ ռուս-հայկական հարաբերությունների վերաբերյալ կա շատ մեծ գրականություն, և 19-րդ դարի ռուս հետազոտողների շնորհիվ պատմաբանները գրել են իրենց թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները: Նա նաև նշեց. ««Արևելյան Հայաստան» արտահայտության հետ կապված հարցին դեռևս 1828 թ-ի մարտի  21-ին  պատասխանել է ռուս կայսր Նիկոլայ I-ը՝ ստեղծելով հայկական շրջան Նախիջևանի խանության տարածքում՝ դրանով իսկ ասելով, որ դա հայկական հող է»:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   02.03.2022թ.