News
03/12/2021
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը՝ գիտական զարգացումների մասին

   Ի՞նչ արդիական խնդիրներով է զբաղվում ֆիզիոլոգիայի ինստիտուտը, և ի՞նչ հեռանկարներ ունեն այդ հետազոտությունները:
   ֆիզիոլոգիայի ոլորտում ստացված արդյունքների առաջին շահառուն բժշկագիտությունն է: Իզուր չէ, որ Նոբելյան մրցանակներից մեկը կոչվում է Ֆիզիլոգիայի և բժշկագիտության Նոբելյան մրցանակ: Այս տարվա մրցանակը կիսել են մի քանի գիտնականներ, որոնցից մեկը մեր հայրենակից, ամերիկահայ հետազոտող Արտեմ Փաթափությանն է՝ կծուի և ակուստիկ ռեցեպտորների ուսումնասիրության համար: 
   ֆիզիոլոգիայի ինստիտուտը ներկայում ունի մի շարք մեթոդաբանություններ՝ հիմնված ժամանակակից մոտեցումների վրա՝ ինչպիսին են կենսաֆիզիկան, մոլեկուլյար կենսաբանությունը, հյուսվածքային ինժեներիան: Վերջին 10 տարվա ընթացքում ինստիտուտի հիմնական ուղղվածությունը ենթակառուցվածքների արդիականացումն է, որը խիստ անհրաժեշտ է ժամանակակից գիտության հետ համընթաց քայլելու համար: Մենք մասնակցել ենք արդիականացման մանր և խոշոր մրցույթներին և ձեռք ենք բերել Հայաստանի համար մի քանի յուրահատուկ սարքավորումներ, որոնց շնորհիվ վերջերս շահել ենք մեծ և հեղինակավոր դրամաշնորհ:
   Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացրած «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագիրն արժանացել է «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» (Chan Zuckerberg Initiative) հիմնադրամի դրամաշնորհի: Այս ծրագրի նպատակն է ձևավորել տարածաշրջանային ցանց, որը բաղկացած է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետազոտողներից, ովքեր հետաքրքրված են կենսաբժշկական գիտություններում պատկերավորման մոտեցումների կիրառմամբ: 
   Ծրագրի ակնկալվող արդյունքները ներառում են իրենց աշխատանքում պատկերավորման մոտեցումները կիրառող կենսաբժշկական հետազոտողների թվի ավելացում, տարածաշրջանային պատկերավորման առկա ենթակառուցվածքի ավելի լավ օգտագործման միջոցով տարածաշրջանային համագործակցության առաջընթաց և պատկերավորման վրա հիմնված կենսաբժշկական հրապարակումների ավելացում:
   Մեր ծրագրի ղեկավարը ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդատու, ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոն համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանն է, իսկ ես և Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի կենսաֆիզիկայի և բջջային ինժեներիայի ինստիտուտի կենսաբանական գիտությունների դոկտոր Դմիտրի Շչերբինը հանդիսանում ենք համաղեկավարներ: Ծրագրի ֆինանսավորումը 300 հազար ԱՄՆ դոլլար է 3 տարվա համար: 
   Այդ ցանցի մեջ մենք ազատ ենք ներառել նաև ԱՄՆ-ից կամ եվրոպական երկրներից  վերապատրաստմանն ուղղված գիտական կենտրոններ: Ամբողջ իմաստը նրանում է, որպեսզի առավելագույնս ներգրավվենք ցանցի մեջ բժշկագիտական թևի ներկայացուցիչների, երիտասարդների, պատրաստենք մասնագետներ, ովքեր կկարողանան կիրառել նորագույն մեթոդները նաև բժշկագիտության մեջ: Դրամաշնորհի հիմնական թիրախը հենց ցանցի ստեղծումն է մասնագետների համար, որոնք կկարողանան կրթել նոր մասնագետների, և դա կլինի բժիշկ-գիտնական համագործակության հիման վրա: Սա է մեր ծրագրի ռազմավարությունը:
   Որքա՞ն է կազմում դրամաշնորհների բաժինը ինստիտուտի ընդհանուր ֆինանսավորման մեջ:
   Վերջին տարիներին ստացել ենք երիտասարդ գիտնականների համար նախատեսված դրամաշնորհներ: Պատերազմի տարիներին մենք դարձանք «Հորիզոն-2020» դրամաշնորհայի ծրագրի շահառու: Ինստիտուտը ունի միջազգային լավ համբավ թունաբանության ոլորտում:

   Ներկայում ինստիտուտի կողմից իրականացվում է 10 գիտական ծրագիր՝ Գիտության կոմիտեի աջակցությամբ: Այս տարվա մեր երկու խոշոր կիրառական դրամաշնորհները ենթադրում են ֆարմակոլոգիական/կենսատեխնոկոգիական պատրաստի պրոդուկտների մշակում և ստացում, որոնցից մեկն իրականացվելու է բելառուս գործընկերների հետ: Այն կապված է ոսկյա և արծաթյա նանոմասնիկիների ստացման հետ, որը կարող է կիրառվել օնկոթերապիայի մեջ:  
   Ինստիտուտը սերտ համագործակցում է Ռուսաստանի, մասնավորապես Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի գիտական կենտրոնների հետ: Մենք ոչ միայն պահպանում ենք սովետական միությունից մնացած ավանդական կապերը, այլ նաև դրանք բարձրացնում ենք նոր որակական մակարդակի: Ընդլայնվել է համագործակցությունը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բաժանմունքների՝ մասնավորապես Հեռավոր Արևելյան մասնաճյուղի հետ: Մենք համատեղ ուսումնասիրում ենք օվկիանոսային ֆաունայի ներկայացուցիչների արտադրած կենսաբանական ակտիվ նյութերի կիրառումը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման մեջ: Նոր և հետաքրքիր ծրագիր է՝ հիմնված մեր նախորդ տարիներին ունեցած թույների և կենսաբանական ակտիվ նյութերի հետ աշխատելու փորձի վրա: 
   Ամենամեծ ծրագիրը, որը ներկայում իրականացնում է ֆիզիոլոգիայի ինստիտուտը, կապված է հայկական իժերի թույնի դեմ հակաթույնի ստացման հետ: Այն նպատակաուղղված ծրագիր է արդեն պրոդուկտի ստացման համար: Մենք կկարողանանք առաջարկել մեր արտադրանքը տարածաշրջանի երկրներին, որոնք ունեն նմանատիպ օձատեսակներ, ինչու չէ, նաև մեթոդաբանության առումով կարող ենք նոր մշակումներ առաջարկել եվրոպական երկրների գիտական կենտրոններին: Արդեն ստացել ենք հակաթույնի նախատիպը, որը փորձարկվել է, և այդ մասին տպագրվել է գիտական հոդված Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի հանդեսում: 
   Այս տարի ինստիտուտի ընդհանուր ֆինանսավորման մեջ դրամաշնորհային ֆինանսավորումը հասել է 50 տոկոսի, սակայն ֆինանսավորման մեծ մասը բյուջետային է: 
   Ո՞ր կառույցների հետ է ինստիտուտը հիմնականում համագործակցում իր ծրագրերի իրականացման շրջանակներում, և որքանո՞վ են երիտասարդ գիտնականներն ընդգրկված այդ ծրագրերի մեջ:
   Մենք համագործակցում ենք ակադեմիական ինստիտուտների, ԲՈՒՀ-երի հետ: Համատեղ մեծ գիտակրթական ծրագիր ունենք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ՝ ուղեղի կենտրոնի հիմնադրման վերաբերյալ: Արտասահմանյան համագործակցությունը շատ լայն է: Ներկայում ընտրված եմ Թունաբանության միջազգային ասոցիացիայի Եվրոպական սեկցիայի նախագահ հաջորդ 3 տարվա համար: Պահպանում եմ կապերը բոլոր եվրոպական երկրների հետ, որոնք ունեն բարձրորակ կենտրոններ: Համագործակցում ենք Խորվաթիայի, Իսպանիայի ինստիտուտների հետ, ֆրանսիական ֆարմակոլոգիական ընկերության հետ, որն արտադրում է հակաթույներ, Լատինական Ամերիկայում Բրազիլիայի Բուտանտան ինստիտուտի հետ, մի շարք նախագծեր ենք իրականացրել գերմանացի, բելգիացի գործընկերների հետ: Մեր համագործակցության աշխարհագրությունը ձգվում է Հարավային Ամերիկայից մինչև Ավստրալիա: 
   Երիտասարդ գիտնականներին պարտադիր ներգրավվում ենք ծրագրերում, աշխատում ենք ուսման 3-րդ տարուց սկսած, որովհետև, ցավոք, նկատել ենք, որ դիպլոմ ստանալը բավական չէ լավ մասնագիտացում և ձիրք ունենալու համար: Հաճախ դիպլոմային աշխատանքները մեզ մոտ են իրականացվում, ինչը մեզ հնարավորություն է տալիս ընտրելու որակյալ աշխատակիցներ:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   03.12.2021թ.