News
01/11/2021
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պարգևատրեց «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին

   Հայաստան-Լիբանան բազմակողմ հարաբերությունների և հայկական սփյուռքի հետ գիտակրթական կապերի ու հայ մշակույթի զարգացմանը նպաստելու համար «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը պարգևատրվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով: 
   Շահան Գանտահարյանին պատվոգիրը հանձնեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Յուրի Սուվարյանը: «Պարոն Գանտահարյանն արժանացել է այս պատվոգրին իր երկարամյա հայանպաստ գործունեության համար: Մենք պետք է մեր խնդիրները դիտարկենք համահայկական չափանիշներով և Հայաստանը հզորացնենք նաև սփյուռքի աջակցության շնորհիվ: Հայը միշտ պետք է վստահ լինի, որ ցանկացած պարագայում կարող է վերադառնալ իր հայրենիք, պետք է հպարտանա, որ  աշխարհի պետությունների շարքում կա Հայաստան, որը զարգանում և հզորանում է: Մենք սրան կարող ենք հասնել համատեղ ջանքերով, մեր բոլորի հնարավորությունները միագումարելով: Մենք պետք է սովորենք աշխարհաքաղաքական նոր պայմաներում տիրապետել բոլոր այն եղանակներին, որոնք օգնում են հզորացնելու մեր երկիրը, պետականությունը, պաշտպանենք մեր տարածքները, մշակույթը, պատմությունը զանազան նկրտումներից: Այդ գործում ձեր նման գործիչների դերը շատ մեծ է: Ես ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում ձեր հայանպաստ գործունեության մեջ, իսկ Լիբանանին, որը  մեզ շատ է օգնել, կայունացում և հզորացում եմ ցանկանում», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
   ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, շնորհավորելով Շահան Գանտահարյանին, ասաց. «Արևելագիտության ինստիտուտի համար պատիվ էր նման նախաձեռնությամբ հանդես գալ և գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անունից այս պատվոգիրը շնորհել ձեզ հայրենանվեր գործունեության համար, որը դուք տարիներ շարունակ ծավալել եք:

   Լիբանանը Մերձավոր Արևելքում հայության ամենակարևոր հենակետերից մեկն է, մեզ համար էական նշանակություն ունի իր ավանդական կուսակցությունների, հայկական եկեղեցիների, լրատվամիջոցների, Հայկազյան համալսարանի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության գործունեությամբ: Ցավոք սրտի, վերջին տարիներին քաղաքական, տնտեսական և այլ պատճառներով Լիբանանի հայությունը նույնպես բավականին ծանր վիճակում է հայտնվել, և պարոն Գանտահարյանն այն մարդկանցից է, ով իր եռանդով և էներգիայով աշխատում է պահպանել այնտեղի հայության գոյությունը և կենսագործունեությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է մեր հայության հպարտությունը: Արտաքին ուժերը՝ Թուրքիան և մյուսները, ամեն ինչ անում են, որպեսզի հայությանը դուրս մղեն Մերձավոր Արևելքից: Այդ գործընթացներն այսօր էլ ակտիվ շարունակվում են: Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Մերձավոր Արևելքի ամենահարավային քրիստոնեական պետություն, պետք է շատ ուշադիր հետևի այդ գործընթացներին և փորձի աջակցել հայ համայնքների գործունեության ամրապնդմանը»: 
   ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը, միանալով շնորհավորանքներին, նշեց. «Այս օրինակը պետք է տարածվի այն առաջատար թերթերի խմբագիրների նկատմամբ, ովքեր ծավալում են նման հայանպաստ գործունեություն: Շատ կարևոր է, որ Մերձավոր Արևելքում, հատկապես այս դժվարին պայմաններում, մամուլը կարողանում է շարունակել իր գործունեությունը»:
   Շահան Գանտահարյանը, շնորհակալություն հայտնելով պարգևատրման համար, ասաց. «Տարբեր մրցանակներ, պատվոգրեր, շնորհակալագրեր են եղել, բայց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից նման պատվի արժանանալն իսկապես շատ պարտավորեցնող է: Մենք համագործակցության որոշակի ճանապարհ ենք անցել պատմության, արևելագիտության ինստիտուտների հետ, և գիտական հիմքի վրա արված կարևոր ուսոմնասիրություններն ու աշխատանքները մեզ շատ գիտելիք են տվել:

   Գիտական ուղղության մեջ շատ կարևոր է ազգային-քաղաքական բաղադրիչը:  Այսօր մեր հակառակորդներն ամեն ինչ անում են աղավաղելու համար մեր պատականելիությունն ու պատմությունը: Մեզ համար շատ կարևոր է գիտությունների ազգային ակադեմիայի գիտական արտադրանքը, որի հիման վրա մեր ապրած երկրներում մենք կարող ենք ճիշտ լուսաբանել խնդիրների էությունը, վերլուծել դրանք և փոխանցել: Մեր արտաքին քաղաքականության մեջ մենք պետք է անպայման հաշվի նստենք գիտությունների ակադեմիայի կազմակերպած գիտաժողովների քննարկումների և եզրահանգումների հետ: Սփյուռքը պետք է խորացնի իր համագործակցությունը նման գիտական կենտրոնների հետ, մենք հասկանում ենք, որ կարիք ունենք համախմբվելու ակադեմիայի շուրջ, ճիշտ ուղղությամբ ներկայացնելու մեր հրապարակումները, քաղաքական մեկնաբանություններն ու վերլուծությունները: Ճիշտ ուղղությամբ ասելով ես նկատի ունեմ ազգային-պետական քաղաքականության հիմնադրույթները, որը մենք զգացել ենք մեր համագործակցության ճանապարհին: Ես համոզված եմ, որ սփյուռքի մեջ գործող որևէ մամուլ անպայման իր հայացքը պետք է ուղղի Երևան և առաջին հերթին գիտությունների ակադեմիա, որպեսզի մենք կարողանանք համահայկական մտածողությամբ, գիտական բոլոր տվյալների հիման վրա ճիշտ համահայկական օրակարգ մշակել և միասին աշխատել այդ օրակարգը իրականացնելու համար»: 


   01.11.2021թ.
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն