News
22/10/2021
ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին ընտրել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ՝ ՀՀ ԳԱԱ նախագահության որոշման հիման վրա:  

    Ալեքսանդր Սերգեևը ՌԳԱ նախագահ է 2017 թ-ից: Նրա գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի, ֆեմտովայրկյան օպտիկայի, ոչ գծային ալիքային երևույթների տեսության, պլազմայի ֆիզիկայի և բիոֆոտոնիկայի բնագավառները: 

    Ակադեմիկոս Սերգեևի ղեկավարած գիտական խմբի մշակած պատկերապատման մեթոդները հնարավորություն են ընձեռում ախտորոշել ուռուցքաբանական հիվանդությունները: Խմբի աշխատանքներն ուղղված են կենսաբանական հյուսվածքների օպտիկական տոմոգրաֆիայի գործիքների ստեղծմանն ու օգտագործմանը և ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են օպտիկական համահունչ տոմոգրաֆիան, օպտիկական դիֆուզիոն տոմոգրաֆիան, դիֆուզիոն լյումինեսցենտային տոմոգրաֆիան, ուլտրամիկրոսկոպիան: 

    Ալեքսանդր Սերգեևի բեղմնավոր գիտական գործունեության մասին են վկայում նրա 350 գիտական հոդվածներն ու աշխատությունները՝ զուգակցված մանկավարժական արգասաբեր աշխատանքի հետ: 

    Գիտության մեջ ծանրակշիռ ներդրումների համար վաստակաշատ գիտնականն արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի  (1999թ.), կառավարության մրցանակի  (2012թ.), պարգևատրվել է Պատվո շքանշանով (2006թ.):

    Ալեքսանդր Սերգեևը ՀՀ և ՌԴ գիտությունների ակադեմիաների  համատեղ գիտահետազոտական գործունեության ջատագովներից է: Համաձայն գիտատեխնիկական համագործակցության ճանապարհային քարտեզի նախագծի՝ երկու երկրների ակադեմիաների  կողմից իրականացվելու են լայնամաշտաբ ծրագրեր՝ լեռնային  լճերի էկոլոգիական վիճակի գնահատման հեռահար մեթոդի մշակում, երկրաֆիզիկական և սեյսմագեոդինամիկ գործընթացների ուսումնասիրություն, սինթեզված նոր նյութերի վրա հիմնված ակուստաէլեկտրոնային սարքերի մշակում և ստեղծում, COVID-19 ախտորոշիչ փաթեթների մշակում,  երիտասարդ գիտնականների առաջխաղացման  հարցերի քննարկում  և այլն:

    Հիշեցնենք, որ  սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը Մոսկվայում հանդիպել էր ՌԳԱ նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ,  քննարկվել էին երկու պետությունների ակադեմիաների համագործակցության գերակա ուղղությունները: 

22.10.2021
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն