News
18/10/2021
Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

    Ս․թ․ հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Արցախի Հանրապետության (ԱՀ) ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի հզորացնել Արցախի գիտական ներուժը, և տեղի ունեցավ աստղագիտական լաբորատորիայի բացումը։ 

    ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը քննարկեցին հուշագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները՝ ծրագրելով մոտ ժամանակներում դրանց իրագործումը։ 

    Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է ապահովել ԱՀ ԿԳՄՍՆ Արցախի գիտական կենտրոնում հիմնադրված Արցախի աստղագիտական լաբորատորիան մասնագիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ, ներգրավել աստղագիտությամբ հետաքրքրվող Արցախի երիտասարդների, ուսանողների, և համակարգել ԲԱ-ի և Արցախի միջև աստղագիտական համագործակցությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում իրականացնել մասնագիտական փորձի փոխանակում և գիտական համագործակցություն, կազմակերպել համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ, կազմակերպել աստղագիտական դասախոսություններ ինչպես Արցախի պետական համալսարանում, այնպես էլ Արցախի դպրոցներում և այլ կրթական կենտրոններում, Արցախում ԲԱ կողմից տեղադրված աստղադիտակն օգտագործել մասնագիտական, ուսումնական և հանրային նպատակներով և այլն։ Հուշագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև Արցախի ուսանողների և դպրոցականների խմբերի պարբերական այցերը Բյուրականի աստղադիտարան։

    Հոկտեմբերի 6-9-ին աշխատանքային այցով լինելով Արցախում՝ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը դասախոսություններով հանդես եկավ Ստեփանակերտի ավագ դպրոցի բնագիտական ուղղվածության, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի և Մարտունու շրջանի ավագ դպրոցի աշակերտների համար: 

    Այցի շրջանակներում Արեգ Միքայելյանը և ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը հանդիպում ունեցան նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։ Վերջինիս հետ քննարկեցին Արցախում գիտության զարգացման և համագործակցության վերաբերյալ հարցեր, իսկ հանդիպման ավարտին նախարարության կողմից Արեգ Միքայելյանին շնորհվեց շնորհակալագիր Արցախի կրթական համակարգի հանդեպ ցուցաբերած հոգատարության և ԲԱ-ում Արցախի երեխաների համար ամառային մաթեմատիկական ճամբար կազմակեպելու համար։ 

    Արցախը միշտ էլ եղել է Բյուրականի աստղադիտարանի ուշադրության կենտրոնում։ Արդեն երկար տարիներ է, որ ԲԱ գիտնականները գնում են Արցախ՝ հանդես գալու դասախոսություններով։ Դեռևս 2006թ-ին ԲԱ-ն Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանում (ԱՊՀ), տեղադրել է Նյուտոնի համակարգի 30սմ հայելու տրամագծով աստղադիտակը։ 2020թ-ին Ստեփանակերտում ԲԱ և ԱՀ ԿԳՄՍՆ միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր։ Իսկ այս նոր հուշագիրը ևս մեկ ապացույց է ստեղծված կապերի շարունակական զարգացման։

Մելինե Ասրյան
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան