News
23/07/2021
Քննարկվել են գիտության ոլորտի խնդիրները և լուծման ճանապարհները

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Բյուրականի աստղադիտարանում գիտական համայնքի հետ քննարկել է ոլորտի խնդիրներին և զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ գիտության և կրթության ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ/ANSEF) գիտնականների, Հայ օգնության ֆոնդի, երիտասարդ աստղագետների հանդիպման նպատակը քննարկումների ու մտագրոհների միջոցով գիտությանն ու մասնավորապես ԳԿՀԱՀ-ի շրջանակում դրամաշնորհ ստացած գիտնականներին վերաբերող խնդիրների բարձրաձայնումը և դրանք ոլորտի ներկայացուցիչների, գիտության քաղաքականությունն առաջ տանողների հետ քննարկելն էր:
    ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհակալություն հայտնելով ՀՕՖ-ին սեմինար-խորհրդակցության կազմակերպման համար, շեշտել է պարբերաբար նման հանդիպումներ անցկացնելու և այդպիսով ոլորտի բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը: Կարեն Թռչունյանի խոսքով՝ բոլոր ծրագրերի հիմքում պետք է լինեն հենց ոլորտի ներկայացուցիչների առաջարկությունները և նկատառումները:


    ՀՕՖ-ի Գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ընդգծելով ԳԿՀԱՀ-ի երկարամյա դերը հայաստանցի գիտնականներին աջակցելու ու ոլորտում նրանց կայացման գործում, խոսել է կատարած և առաջիկա անելիքների, համագործակցության նոր ուղիների մասին. «2001-ին՝ ԳԿՀԱՀ-ի ստեղծման ժամանակ, խնդիրներն այլ էին. մենք փորձում էինք կասեցնել գիտական մտքի արտահոսքը, աջակցել գիտահետազոտական ինստիտուտներին, քանի որ շատերը նույնիսկ համակարգիչ չունեին: Մինչ օրս ԳԿՀԱՀ հետազոտական խմբին ներկայացվել է շուրջ 3100 գիտական աշխատանք, դրամաշնորհ է ստացել ավելի քան 500 գիտական խումբ, որոնցում ընդգրկված են մոտ 2000 գիտնականներ, իսկ դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 700 հազար դոլար»:
    ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն առկա համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել՝ ընդգծելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը պետական կառավարման համակարգին առնչվող հարցերին արդյունավետ լուծումներ տալու համար:
    ՀՀ ԳԱԱ նորընտիր ակադեմիկոս-քարտուղար, ԳԿՀԱՀ դրամաշնորհառու Արթուր Իշխանյանն ընդգծել է ԳԿՀԱՀ-ի առանձնահատկությունը Հայաստան-Սփյուռք համատեքստում, խոսել գիտության հանրայնացման կարևորության մասին՝ հասարակության շրջանում դիսկուրսի փոփոխություն մտցնելու առումով, իսկ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը զեկույց է ունեցել «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» խորագրով և ներկայացրել աստղագիտության զարգացման ներկայիս միտումները: Քննարկվել են նաև դպրոցներում գիտության դերի բարձրացման ներկայիս հնարավորությունները և հեռանկարները:
    Հանդիպման մասնակիցներն այցելել են նաև Վ. Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթացել Շմիդտի համակարգի 1 մ հայելու տրամագծով ու 2.6 մ հայելու տրամագծով աստղադիտակների հնարավորություններին:

Սկզբնաղբյուր՝ escs.am

Photogallery