News
21/05/2020
ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2019թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

    Սույն թվականի մայիսի 19-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 
    ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների  բաժանմունքի կազմում ընդգրկված են՝ Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:Բաժանմունքի կազմում ընդգրկված են` ՀՀ ԳԱԱ 13 ակադեմիկոս, 7 թղթակից անդամ, 25 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 
    2019թ-ին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են  4  մենագրություն, 1 գիտաժողովների ժողովածու, 1 ուսումնական ձեռնարկ,  259 հոդված, որոնցից 119-ը` արտերկրում, 13 թեզիս, որոնցից 11-ը` արտերկրում: 
Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են  միջազգային և հանրապետական 17 գիտաժողովներ, կլոր սեղաններ, նպատակային դասըթացներ, միջազգային ֆինանսավորմամբ իրականցրել են 5  դրամաշնորհային ծրագիր (Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ):
    Հրատարակվել են` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա» (4 համար), «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը, ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր» (տեխնիկական գիտություններ սերիա) (4 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն` «Կիբերնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): 
    Ժողովի ընթացքում 2019թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այնուհետև ներկայացվեց հետևյալ գիտական զեկուցումը՝
    «ASNET-AM ցանցի տեսակոնֆերանսների և հեռավար ուսուցման հարթակ», (զեկուցող` Արթուր Պետրոսյան, ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ):

20200521_1.jpg

Բաժանմունքի հիմնարկների կարևորագույն տեսական-կիրառական արդյունքներ

Մաթեմատիկայի ինստիտուտ

  • Դիֆերենցիալ հավասարումների մերոմորֆ լուծումների խնդիրն առաջին անգամ դիտարկվել է ընդհանուր տիրույթների համար։ Արձանագրվել են մի շարք կարևոր արդյունքներ (ղեկ.` ֆ.-մ.գ.դ. Գ. Բարսեղյան):

Մեխանիկայի ինստիտուտ

  • Դիտարկված է գազի գերձայնային հոսանքով շրջհոսվող իզոտրոպ գլանային թաղանթի ոչ գծային տատանումների խնդիրը: Հետազոտությունը կատարված է երկու տիպի ոչ գծայինությունների հաշվառմամբ՝ քառակուսային և խորանարդային: Աէրոառաձգական ոչգծայնության հաշվառման շնորհիվ ցույց է տրված, որ գազի հոսքի արագության պարամետրի փոփոխության որոշակի հատվածներում, «ամպլիտուդա-արագություն» կախվածությունը բազմարժեք է: Ցույց է տրված շրջհոսման արագության մեծության փոփոխության որոշակի տիրույթների գոյությունը, որտեղ հնարավոր չէ գրգռել չմարող ֆլատերային տատանումներ ինչպես մինչկրիտիկական, այնպես էլ հետկրիտիկական վիճակներում (լռության տիրույթներ): Ցույց է տրված, որ թաղանթի երկրաչափական պարամետրերի համապատասխան ընտրությամբ կարելի է ղեկավարել ամպլիտուդա-արագություն և ամպլիտուդա-հաճախություն կախվածությունների վարքը ինչպես որակական, այնպես էլ քանակական տեսանկյունից (ղեկ.՝ ակ. Գ. Բաղդասարյան, ֆ.մ.գ.թ. Մ.Միկիլյան, Ի. Վարդանյան):
  • ՀՀ շինարարական նորմերում  («Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» ՀՀ ՇՆ 52-01-2019)  ճշգրտվել է բետոնի հաշվարկային դիմադրության մեծության վրա բեռնվածքների ազդեցության երկարատևությունը հաշվի առնող գործակցի (γբ1) արժեքը, թեթև բետոնների համար այն ենթարկվել է փոփոխության՝ 0,9 ից դառնալով 0,85 (ղեկ. ՝ տ.գ.դ.Կ. Կարապետյան):

Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

  • Կողմնորոշված գրաֆը կոչվում է համիլտոնյան, եթե այն պարունակում է կողմնորոշված ցիկլ, որն անցնում է գրաֆի բոլոր գագաթներով; և կոչվում է  k-ուժեղ կապակցված, եթե գրաֆի ցանկացած x և y գագաթների կարգավորված զույգի համար գոյություն ունի x–ից դուրս եկող և  y մտնող ներքին գագաթներով չհատվող առնվազն k հատ կողմնորոշված ճանապարհ: Ապացուցվել է, որ ճիշտ է Մանոուսակիսի կողմից 1992 թ. առաջադրված (J. of Graph Theory, vol. 16, pp. 51-59, 1992) վարկածը: Ապացուցված վարկածից հետևում են սովորական գրաֆների համար Դիրակի (1952), Օրեի (1960) և կողմնորոշված գրաֆների համար (1960), Վուդալի (1972), Կամիոնի (1960), Նեշ-Վիլիամսի (1970) համիլտոնյանության բավարար պայմանները (ղեկ.՝ ֆ.մ.գ.թ. Ս.Դարբինյան):
  • Մշակվել է համակարգ, որն ապահովում է հնարավոր անվտանգությունը գաղտնի հաղորդագրությունը գաղտնալսողից  (ղեկ. ֆ.մ.գ.դ. Մ.Հարությունյան):
  • Մշակվել են մտավոր ունակությունների կառուցողական մոդելներ, mentals, որոնք ակնհայտորեն ընդլայնում են ալգորիթմները և օբյեկտ-կողմնորոշված ծրագրերը՝ մինչև բնական լեզվով հաղորդակցությունների ադեկվատ մոդելավորումը, միաժամանակ, համատեղելի են դասակարգիչների կապակցվածության վրա հիմնված մենթալ մոդելների՝ «արհեստական նեյրոնային ցանցերի» հետ (ղեկ.՝ ֆ.մ.գ.դ. Է.Պողոսյան):
  • Մշակվել և ստեղծվել են IMAP connector-ների միջոցով eduroam ծառայության մուտքի մեխանիզմը և LetsEncrypt հավաստագրերի կենտրոնացված տարաբաշխման համակարգը, որի օգնությամբ ստեղծվել է eduroam WiFi անլար միջավայրում freeradius IMAP connector-ների ավտոմատացված լուծում։ Մշակվել և ստեղծվել է LetsEncrypt սերվերային SSL հավաստագրերի wildcard տարբերակի ավտոմատացված կարգավորումը մի քանի դոմենների համար (ղեկ.՝ տ.գ.թ. Ա.Պետրոսյան):
  • Իրականացվել է «eduroam log-analysis ELK Dashboard» համակարգը, որի օգնությամբ հնարավոր է վերլուծել eduroam WiFi անլար միջավայրում գործող freeradius սերվերների աշխատանքը: Մշակվել և ստեղծվել է LetsEncrypt սերվերային SSL հավաստագրերի wildcard տարբերակի ավտոմատացված կարգավորումը մի քանի դոմենների համար։ Մշակվել և ներդրվել են վեբ կայքերի և վեբ սերվերների պաշտպանության առաջադեմ մեթոդներ։ Ստեղծվել է վեբ փոստ միջավայրի նոր տարբերակ (Rainloop փաթեթի հիման վրա)։ 
  • Ստեղծվել է մոնիթորինգային սերվերից ստացված տվյալների վիճակագրական SSL սերտիֆիկացման համակարգ։ Կատարվել է NextCloud համակարգի ընդհանուր օգտագործման ցանցային միջավայրում ներդրում։ Տեղադրվել են ծրագրային փաթեթներ աստղաֆիզիկայի ոլորտում բարձր արտադրողականություն պահանջող հաշվարկներ իրանականցելու համար (ղեկ.՝ տ.գ.թ. Ա.Պետրոսյան):
  • Նախապատրաստվել է «Ինքնակազմակերպվող համակարգերում բարդ դինամիկական պրոցեսների կոլեկտիվ հետազոտական և ղեկավարման համար բազմաօգտատեր համապիտանի ծրագրային հարթակի ստեղծում» նախագիծը: Մշակվել և ծրագրային իրականացվել են համակարգի մի շարք կոմպոնենտների փորձնական տարբերակները (ղեկ.՝ տ.գ.թ Ս. Պողոսյան): 
  • Մշակվել և իրականացվել է համայնքների հայտնաբերման վրա հիմնված նոր խորհրդատվական միջավայր, որն արդյունավետ է որոշ կիրառություններում, որտեղ այլ մոտեցումները ձախողվում են (ղեկ.՝ ֆ.-մ.գ.դ. Մ. Հարությունյան):
  • RGT Solver֊ների տիրույթի հետագա զարգացումը ներառում է նոր ինտերֆեյսների կառուցում տարբեր RGT խնդիրների ներմուծման համար, ինչը, հիմնվելով նեյրոնային ցանցերի վրա, RGT իրավիճակները փոխակերպում է սիմվոլիկ նկարագրությունների, ինչպես նաև նոր միջոցների ստեղծում սիստեմիկ դասակարգիչների ներկայացման և մշակման համար։ Նոր RGT Solver֊ները հաջողությամբ փորձարկվել են շախմատում և ռազմադաշտի խնդրի որոշակի ներկայացուցիչ հանդիսացող ռազմական ստրատեգիա “Generals: Command and Conquer” խաղում (ղեկ. ֆ.-մ.գ.դ. Է. Պողոսյան):
  • Զարգացվել են ցանցի մոնիթորինգ իրականացնող մասնագիտացված PostMaster և Nagios գործիքների հետ համագործակցման հնարավորությունները։ Իրականացվել է UniMail համակարգի ժամանակային բնութագրերի գնահատում՝ ռեգրեսիոն վերլուծության միջոցով։ Ստեղծվել են համակարգի կիրառության մասի ավտոմատացված կերպով ստատիստիկ տվյալների դուրս բերման գործիքներ (ղեկ.՝ տ.գ.դ. Ա.Նանասյան):
  • Ստեղծվել է աշխարhագրական տվյալների Հայկական խորանարդը (Armenian Data Cube), որը տրամադրում է ինտեգրված աշխարհագրական տվյալների միասնական միջավայր (տես http://datacube.sci.am) ներառելով իր մեջ Հայաստանի տարածքին վերաբերվող արբանյակային մուլտիսպեկտրալ նկարներ։ Տվյալները պարբերաբար համալրվում են Ամերիկյան (Landsat 7, 8) և Եվրոպական (Copernicus Sentinel-2) երկրի դիտարկման արբանյակներից ստացվող նկարներով։ Արբանյակային նկարների վերլուծության համար մշակվել է ծրագրային հարթակ օգտագործելով Python ծրագրավորման լեզուն և Jupyter միջավայրը։ Հարթակի աշխատանքը փորձարկվել է ջրային մակերեսի վերլուծության խնդիրների համար:
  • Հայկական վիրտուալ աստղադիտարանի համար մշակվել է աստղագիտական տվյալների փնտրման համակարգ SIA (Simple Image Access) արձանագրության հենքի վրա։ Միջավայրի իրականացման համար մշակվել է ձևաչափերի ձևափոխման գրադարան, որը փորձարկվել է Բյուրականի թվայնացված առաջին շրջահայության սպեկտրալ տվյալների համար (ղեկ.՝ տ.գ.թ. Հ.Ասցատրյան):
  • Մշակվել են «White Box» ծածկագրական համակարգեր և այն իրականացնող ծրագրային համակարգ (ակ. Գ. Խաչատրյան):
  • Մշակվել է տեսահսկման միջոցով օբյեկտների հայտնաբերման և ճանաչման լավարկմած տարբերակ (ֆ.-մ.գ.դ. Հ. Սարուխանյան):
  • Կատարվել է անօդաչու թռչող սարքի նկարահնման արդյունքներով օբյեկտների հայտնաբերման կատարելագործված տարբերակների մշակում (տ.գ.դ. Դ. Ասատրյան):

«Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ

  • Մղիչ սարքավորումներում (պոմպեր, կոմպրեսորներ, մոտոկոմպրեսորներ), նրանց միակցված մասերում և խողովակաշարերում ալիքային և տատանողական պրոցեսների ուսումնասիրման և կառավարման հետազոտությունների արդյունքում մշակվել են մեթոդիկա և միջոցներ, որոնք զգալիորեն փոքրացնում են նշված համակարգերում հեղուկի և գազի հոսքի ալիքային և հիդրավլիկ դիմադրությունները (ղեկ.՝տ.գ.թ. Գ.Ավետիսյան):

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
21.05.2020թ.