News
28/11/2019
Կյանքից հեռացավ ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Թերզյանը

   Երկարատև և ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանը: Նա ժամանակակից խոշորագույն գիտնականներից մեկն էր, ով հայտնի էր միջաստղային միջավայրի, մոլորակաձև միգամածությունների, գալակտիկաների, ռադիոաստղագիտության և այլ բնագավառներում իր հայտնագործություններով, ինչպես նաև հայ գիտության հանդեպ իր ցուցաբերած մեծ ծառայություններով:
   Երվանդ Թերզյանը ծնվել է 1939թ. փետրվարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հայրը հայ էր, իսկ մայրը` հույն. այսպիսով հույները Թերզյանին համարում էին հույն մեծ գիտնական, ինչպես և հայերը` հայ մեծ գիտնական: Դպրոցն ավարտել է Ալեքսանդրիայում և սովորել Կահիրեյի Ամերիկյան համալսարանում: 1960թ. ստացել է նույն համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բակալավրի դիպլոմ: Այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, Ինդիանայի համալսարանում 1963թ. ստանում է աստղագիտության գծով մագիստրոսի, իսկ ավելի ուշ` 1965թ., գիտությունների դոկտորի աստիճան: 
   1965թ.-ից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ (Իթաքա, Նյու-Յորք նահանգ): 1965-1967թթ. դառնում է Պուերտո Ռիկոյի Արեսիբոյի աստղադիտարանի գիտական աշխատակից, 1967-1972թթ.` աստղագիտության պրոֆեսորի օգնական, 1968-1974թթ.` նույն համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի օգնական, 1972-1977թթ.` աստղագիտության դոցենտ և 1977թ. Կոռնելի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր: 
   1968թ. Թերզյանը նշանակվեց Կոռնելի համալսարանի աստղագիտության բաժանմունքի փոխտնօրեն, իսկ 1979թ.` տնօրեն և գլխավորեց այս մեծ բաժանմունքը (ԱՄՆ-ում խոշորագույններից և կարևորագույններից մեկը) 20 տարով: 1979-80թթ. և 1992-93թթ. եղել է Կոռնելի համալսարանի Արեսիբոյի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: 1996թ.-ից Կոռնելի համալսարանի գիտության կրթության զարգացման Նյու-Յորքի նահանգի ՆԱՍԱ-ի (NASA) տիեզերական դրամաշնորհների ծրագրի տնօրենն էր: 1999թ.-ից` Կոռնելի համալսարանի ֆիզիկայի գծով Դեյվիդ Դունկանի անվանական պրոֆեսոր էր, այնուհետև՝ Համալսարանի Թիշի անվանական հռչակավոր պրոֆեսոր:
   2002թ. Թերզյանն ընտրվեց Քառակուսի կիլոմետրանոց համալիր (SKA) հսկա ռադիոդիտակի կառուցման Միացյալ Նահանգների համալսարանների և ինստիտուտների միավորման նախագահ: 2001թ.-ից նա Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) Գիտական խորհրդի նախագահն էր:
   Պրոֆեսոր Թերզյանի գիտական բնագավառները բազմաթիվ են. մոլորակաձև միգամածություններից և բաբախիչներից (պուլսարներ) մինչև գալակտիկաների զույգեր ու քվազարներ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ, շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին: Նրա խոշորագույն ուսումնասիրությունների և կարևորագույն արդյունքների շարքում կարելի է նշել մոլորակաձև միգամածությունների ռադիո, ենթակարմիր և օպտիկական ուսումնասիրությունները, Գալակտիկայի էմիսիոն միգամածությունների և HII տիրույթների ռադիո դիտումները, չեզոք ջրածնի (HI) և մոլեկուլային ամպերի ուսումնասիրությունը, պարուրաձև նորմալ գալակտիկաների ռադիո ճառագայթման ուսումնասիրությունը, բաբախիչների ռադիո դիտումները և ուսումնասիրությունը, գիսավորաձև միգամածությունների ռադիոճառագայթման գրանցումը, մոլորակաձև միգամածություններ երկբաղադրիչ արագությունների համակարգի մոդելի առաջադրումը, OH/IR (մազերային և ենթակարմիր) աստղերի որոնումները և ուսումնասիրությունը, մոլորակաձև միգամածություններում արագ ցածր իոնացման առաքման տիրույթների (FLIER) և այլ միկրոկառուցվածքների հայտնաբերումը և ուսումնասիրությունը, գնդաձև աստղակույտերի ռադիո դիտումները, Մարգարյանի որոշ գալակտիկաների ռադիո ճառագայթման գրանցումը, գալակտիկաների զույգերի դինամիկական ուսումնասիրությունը, կրկնակի և բազմակի միջուկներով Մարգարյանի գալակտիկաների ձևաբանությունը և կինեմատիկան, գալակտիկական միջուկների դիտումները գերերկար հիմքով ինտերֆերոմետրիայով (VLBI), Կույսի կույտի գալակտիկաների անընդհատ ռադիոճառագայթման գրանցումը, Գալակտիկայի Գերնորերի մնացորդների օպտիկական ատլասի և մոլորակաձև միգամածությունների [NII] և [OIII] պատկերների և սպեկտրների ատլասի հրապարակումը:


20191128_body.jpg 

    Նշված արդյունքները ստացվել են մի շարք այլ գործընկերների հետ համատեղ: Հայ գիտնականներից Թերզյանն աշխատել է Ա. Ռ. Հաջյանի (ԱՄՆ), Հ. Մ. Թովմասյանի, Գ. Ա. Գուրզադյանի, Դ. Մ. Սեդրակյանի և այլոց հետ, որոնց հետ տպագրել է արժեքավոր աշխատանքներ: Թերզյանն ընդամենը 315 գիտական հրապարակումների հեղինակ կամ համահեղինակ էր և 7 գրքերի խմբագիր, այդ թվում՝ «Կարլ Սագանի Տիեզերքը»: Այդ թվում գիտական հոդվածներ է տպագրել Nature ամսագրում, որտեղ տեղ են գտնում միայն ականավոր արդյունքները:
    Պրոֆ. Թերզյանը եղել է Astrophysical Journal-ի` աշխարհի աստղագիտական առաջատար հանդեսներից մեկի խմբագրի տեղակալը և գիտական խմբագիրը (1989-1999): 1982-1992թթ. եղել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի հանրագիտարանի խմբագրական-խորհրդատվական կոլեգիայի անդամ: 2000թ.-ից Թերզյանը նաև Հայաստանում հրատարակվող Աստղաֆիզիկա (Astrophysics) հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ էր:
   Ակադ․ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի ստեղծման սկզբից (2009) Թերզյանն այդ մրցանակի միջազգային հանձնաժողովի անդամ էր և իր կարևորագույն ներդրումն ունեցավ ականավոր առաջադրումների ապահովման, անաչառ գնահատման և մրցանակի դափնեկիրների ընտրության գործում։ Նա նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի միջազգային գիտախորհրդատվական հանձնաժողովի նախագահն էր։ 
   Պրոֆ. Թերզյանը մի շարք պրոֆեսիոնալ ընկերությունների և կազմակերպությունների անդամ էր. Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ; IAU, 1967), Միջազգային ռադիոգիտական միություն, Ամերիկյան աստղագիտական ընկերություն (AAS), Հայկական աստղագիտական ընկերություն (ArAS, 2001), Հունական աստղագիտական ընկերություն (HelAS), Սիգմա Խի, Ամերիկյան գիտության առաջադիմության ասոցիացիա (2001) և այլն: 1990թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) արտասահմանյան անդամ, իսկ 2002-ին` Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ:
   Մեծ էր Թերզյանի կազմակերպական գործունեությունը. նա եղել է ՄԱՄ աշխատանքային խմբերի, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, Նյու Յորքի աստղագիտական ընկերության, NASA-ի, ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի (NSF) և այլ կազմակերպությունների բազմաթիվ կոմիտեների և հանձնաժողովների, ինչպես նաև մի շարք միջազգային (ներառյալ ՄԱՄ-ի) գիտաժողովների և խորհրդակցությունների գիտական կազմկոմիտեների նախագահ, փոխնախագահ կամ անդամ: Նա եղել է ՄԱՄ-ի «Մոլորակաձև միգամածություններ» (1985-1994թթ.) և «Աստղագիտությունը Լուսնից» (1993-1999թթ.) աշխատանքային խմբերի նախագահը:
   Իր գիտական նվաճումների և մանկավարժական վաստակի համար պրոֆ. Թերզյանը պարգևատրվել է բազմաթիվ տիտղոսներով, աստիճաններով, պարգևներով, մեդալներով և կոչումներով, որոնցից են. Ինդիանայի համալսարանի (ԱՄՆ, 1989), Երևանի պետական համալսարանի (Հայաստան, 1994), Թեսալոնիկիի համալսարանի (Հունաստան, 1997) և Յունիոն քոլեջի (Նյու Յորքի նահանգ, ԱՄՆ, 1999) պատվավոր դոկտորի գիտական աստիճանները, մի շարք պարգևներ, մեդալներ, այդ թվում` ՀՀ Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալը (2008), Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան մեդալը (2008), Անանիա Շիրակացու մեդալը (2012), NASA-ի կյանքի նվաճումների պարգևը (2015), NASA-ի բարձրագույն պարգևը՝ «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը (2018): 1999-ին Կոռնելի համալսարանը հիմնադրեց «Երվանդ Թերզյանի անվան համալսարանական կրթաթոշակներ», իսկ 2009-ին՝ «Աստղագիտության ոլորտում Երվանդ Թերզյանի անվան տարեկան դասախոսություններ»։
   Անհրաժեշտ է նշել պրոֆ. Թերզյանի ժամանակակից երկու կարևորագույն գործունեությունները, որոնք մեծապես նպաստում են Հայաստանում աստղագիտության և ընդհանրապես գիտության զարգացմանը. նրա դերը ANSEF-ի և ArAS-ի ստեղծման և գործունեության մեջ: 
   Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամը (ANSEF) հիմնադրվել է 1999թ.-ին Նյու Յորքում ` մի խումբ հայ գիտնականների և այլ մտավորականների կողմից, որոնց թվում է նաև Երվանդ Թերզյանը: Հիմնադրման օրվանից պրոֆ. Թերզյանը ANSEF-ի Գիտական խորհդի նախագահն էր: ANSEF-ը տրամադրում է հետազոտական դրամաշնորհներ: 2001-2019թթ. ընթացքում դրամաշնորհներ է ստացել մոտ 450 նախագիծ, յուրաքանչյուրը` 5000 ԱՄՆ դոլար. ընդհանուր առմամբ ավելի քան 1000 գիտնականներ օգտվել են այս աջակցությունից: Աստղաֆիզիկայի բնագավառում ANSEF-ն աջակցել է 51 ծրագրերի` ներառելով ավելի քան 70 գիտնականների Բյուրականի աստղադիտարանից և Երևանի պետական համալսարանից: 
   Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) նույնպես հիմնադրվել է 1999թ.-ին: Հիմնադրման օրվանից ի վեր պրոֆ. Թերզյանը ArAS-ի նախաձեռնող և ակտիվ անդամներից մեկն էր: 2002թ.-ից մինչև կյանքի վերջ Թերզյանը ArAS-ի համանախագահն էր: Նա մեծապես նպաստում էր ընկերության գոյությանը և գործունեությանը և մեծ դեր ունի Հայաստանում և արտասահմանում ապրող աստղագետների միջև կապեր հաստատելու գործում: 2004թ. Թերզյանը երիտասարդ աստղագետների համար հիմնադրեց ArAS-ի տարեկան մրցանակ և հովանավորում էր այդ մրցանակները: 15 երիտասարդ աստղագետներ են ստացել այդ մրցանակը, որը 2009-ից անվանվեց «Երվանդ Թերզյանի մրցանակ»: Նա նաև 2012-ին նախաձեռնել է ՀԱԸ դպրոցական աստղագիտական դասախոսությունների շարքը։   
   Երվանդ Թերզյանը մեծ հայ էր և մեծ քաղաքացի։ Նա ամբողջ կյանքը դրեց գիտության, մասնավորապես՝ աստղագիտության զարգացման, գիտության կազմակերպման և հայ գիտությանն օժանդակելու, երիտասարդ կադրերի պատրաստման, զանազան կրթական ծրագրերի և գիտության հանրայնացման համար։ Նրա հիշատակը հավերժ կմնա աշխարհի հազարավոր աստղագետների, բազմաթիվ հայ գիտնականների, բոլոր նրան ճանաչողների սրտերում։