News
22/11/2019
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվեց «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը

   Սույն թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում անցկացվեց «Հայաստան-Լեհաստան՝ պատմություն և արդիականություն» թեմայով միջազգային գիտաժողովը: «Գիտաժողովը նվիրված է մեր երկու երկրների, ժողովուրդների պատմական և ժամանակակից կապերին: Մեզ համար շատ կարևոր է ունենալ գիտական կապեր Լեհաստանի հետ»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց, որ սա համատեղ 2-րդ գիտաժողովն է Երևանում: Առաջին գիտաժողովի արդյունքն է եղել Վարշավայում հայ-լեհական համատեղ ժողովածուի հրատարակումը, որն  անդրադառնում է պատմության, իրավունքի և քաղաքագիտության ամենատարբեր խնդիրների: «Մենք որոշել ենք այդ ժողովածուն դարձնել շարունակական գիտական հրատարակություն: Հաջորդը լույս կտեսնի եկող տարի՝ Երևանում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

20191122_body.jpg
   ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան նշեց, որ Լեհաստանը կարևորում է Հայաստանի հետ կապերի խորացումը: Այս օրերին Հայաստանում է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը: Լեհաստանը նախատեսում է իրականացնել Հայաստանին օգնության և աջակցության երկարաժամկետ ծրագիր 2021-2026թթ. համար, այդ նպատակով Լեհաստանի պատվիրակությունն այս օրերին շատ հանդիպումներ է ունենում:  «Մեզ համար շատ կարևոր է այս գիտաժողովի իրականացումը, քանի որ մենք ուզում ենք ակտիվացնել հայ-լեհական հարաբերությունները տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գիտական:  Հույս ունենք, որ գիտաժողովի ընթացքում կնախանշվեն նորանոր հետազոտությունների  քայլեր: Մեզ համար շատ կարևոր է նաև ուսանողների, դասախոսների փոխանակումը»,- ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի խորհրդական Մարեկ Ռեժուտան:
   Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև Վարշավայի համալսարանի դոկտոր Յարոսլավ Տուրլուկովսկին և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
   Հայ և լեհ մասնագետները հանդես եկան 13 զեկուցումներով՝  նվիրված 20-21-րդ դարերում հայ-լեհական հարաբերություններին, Լեհաստանում հայերի գործունեությանը, օրենսդրական բարեփոխումներին և այլն:  

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   22.11.2019թ.