Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Բուսաբանական այգիներում և դենդրոպարկերում լանդշաֆտային ճարտարապետություն» 11-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են 120-ից ավելի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ուկրաինայից, Հարավային Կորեայից, Մոլդովայից, Ղազախստանից, Լիտվայից:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլխավոր բուսաբանական այգու փոխտնօրեն Ելենա Գոլոսովան, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանական այգու տնօրեն Նատալիա Զաիմենկոն, Իրկուտսկի պետական համալսարանի բուսաբանական այգու տնօրեն Վիկտոր Կուզեվանովը:
Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 4-ը:
Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա 6 պլենար նիստ, որոնց շրջանակներում մասնակիցները կներկայացնեն գիտական զեկուցումներ՝ նվիրված լանդշաֆտային ճարտարապետության հիմնախնդիրներին, բուսաբանական այգիների և դենդրոպարկերի դերին լանդշաֆտային ճարտարապետության զարգացման գործում, բուսաբանական այգիներում բնական լանդշաֆտներին և դենդրոէքսպոզիցիաներին, ինչպես նաև բուսաբանական այգիների կրթական գործառույթին: Գիտաժողովի մասնակիցները կայցելեն Ստեփանավանի «Սոճուտ» և Իջևանի դենդրոպարկեր, Սևանի և Վանաձորի բուսաբանական այգիներ:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիային կից ԱՊՀ բուսաբանական այգիների խորհուրդը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլխավոր բուսաբանական այգին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի և WWF-Հայաստանի աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
01.10.2019թ.