News
24/09/2019
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ

   Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:
   Նիստը բացեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Շնորհավորելով ներկաներին՝ քիմիական տարրերի Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Մենք՝ բոլորս, հպարտանում ենք, որ մեր հայրենակից, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը վճռորոշ ներդրում ունի նոր քիմիական տարրերի կանխագուշակման և սինթեզի բնագավառում: Նրա անվան հետ է կապված պարբերական աղյուսակի յոթ նոր քիմիական տարրերի հայտնագործությունը: Դա հնարավոր եղավ իրագործել Յուրի Հովհաննիսյանի կողմից գերծանր ատոմների միջուկների կառուցվածքից կախված «կայունության կղզու» հայտնագործման շնորհիվ: Այդ հայտնագործությունը կարելի է դասել մատերիայի ինքնակազմակերպման հիմնարար օրենքների թվին: Յուրի Հովհաննիսյանի ակնառու հայտնագործությունների շարքի ճանաչումն արտահայտվեց նրանով, որ 2016թ. IUPAC-ը որոշեց ի պատիվ ակադեմիկոս Հովհաննիսյանի՝ նրա ղեկավարությամբ ստացված 118-րդ ատոմական համարով տարրն անվանել oganesson»:

20190924_body_1.jpg
   «Ուրախ եմ, որ ակադեմիան նույնպես ներգրավված է Մենդելեևի պարբերական աղյուսակի ստեղծման 150-ամյակի միջոցառումներին, որոնք ամբողջ աշխարհում են տեղի ունենում: Հայաստանը դրանից անմասն չէ և հատկապես վերջին տարիներին անմասն չէ, որովհետև մեր մեծ գիտնականի անվան հետ էլ է կապվում աղյուսակում որոշակի գործընթացներ և հայտնագործություններ»,- ասաց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ընթերցեց ՀՀ նախագահ Արմեն Սրագսյանի ուղերձը, որում նշված է.  «Հանդիսավոր նիստի հարգելի մասնակիցներ, ջերմորեն ողջունում եմ բոլորիդ՝ ակնկալելով, որ այս միջոցառումը ոչ միայն փորձի, տեղեկատվության փոխանակման լուրջ հարթակ կդառնա, այլև գիտական համագործակցության ամրապնդման հնարավորություն կընձեռի և կնպաստի նոր կապերի ստեղծմանը: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպված այս միջոցառումը նվիրված է մի իրադարձության, որը շրջադարձային է եղել համաշխարհային գիտության զարգացման համար: Ռուս տաղանդավոր գիտնական Դմիտրի Մենդելեևի ստեղծած պարբերական աղյուսակն այն մեծագույն նվաճումներից է, որն առաջացիկ նշանակություն է ունեցել ոչ միայն իր ժամանակի, այլև հետագա տասնամյակների համար: Այն այսօր էլ շարունակում է մնալ հիմնարար և կուռ մի համակարգ հետագա գյուտերի և հայտնագործությունների համար: Պարբերական աղյուսակի պատմությունը մարդկային մտքի և ոգու կարողություններն ի ցույց դնելու լավագույն օրինակ է, որի շնորհիվ գիտությունն ու մարդկությունը շարժվել են առաջ: Միաժամանակ, այն անհատի հանճարեղ մտքի և միջազգային հետազոտական ջանքերի համադրության հրաշալի մոդել է: Խոսելով պարբերական աղյուսակի հոբելյանի մասին՝ չենք կարող չնշել Հայաստանի քիմիկոսների և ֆիզիկոսների` ամբողջ աշխարհում ճանաչում գտած, արդյունավետ գիտական հետազոտությունները և ձեռքբերումները: Այսօր նիստին մասնակցում է նրանցից մեկը՝ մեր ժամանակակիցը, ականավոր գիտնական ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, ով հսկայական ավանդ ունի գիտության, մասնավորապես, միջուկային ֆիզիկայի զարգացման գործում: Նրա հետազոտական անխոնջ ջանքերի և գիտական գործունեության արդյունքում Մենդելեևի աղյուսակը համալրվել է նրա իսկ հայտնագործած նոր տարրով: Այն կոչվել է մեր մեծ հայրենակցի անունով՝ oganesson: Սա մեր ողջ ժողովրդի հպարտությունն է: Վստահ եմ, որ մեր հարգարժան հայրենակիցը կշարունակի իր գիտահետազոտական արդյունավետ գործունեությամբ այսուհետ ևս բարձր պահել հայագիտական միտքը: Կրկին ողջունում եմ ձեզ, մաղթում եմ արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան»:

20190924_body_2.jpg
   ՌԴ ԳԱ ակադեմիկոս,  ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ  Յուրի Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար: Շքանշանը ակադեմիկոս Հովհաննիսյանին հանձնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
   Ողջույնի ելույթներով հանդես եկան Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Հայաստանում Բելառուսի դեսպանատան  ավագ խորհրդական  Սերգեյ Տրոցյուկը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն)  տարրի մրցանակակիր  Սոֆիյա Այդինյանը, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը:
   Յուրի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային Դմիտրի Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար: Իր խոսքում նա ընդգծեց Մենդելեևի գիտական բացահայտման հավերժական նշանակությունը համաշխարային գիտության համար: «Եթե դուք զբաղվում եք այն գիտությամբ, որով զբաղվում էր Դմիտրի Մենդելեևը, ապա փառք ու պատիվ ձեզ: Եթե դուք զբաղվում եք այլ գործերով, ապա իմացեք, որ ամեն մի գործում առկա է Մենդելեևի գիտական ժառանգության մի մասնիկ»,- ասաց Յուրի Հովհաննիսյանը:
   Ելույթներին հաջորդեց «Դ.Ի. Մենդելեևի պարբերական աղյուսակի ստեղծման 150-ամյակը», «Ծանր մետաղների և ռադիոնուկլիդների մուտագեն գործոնները բնության մեջ», «Կենսանմանակային մետաղակոմպլեքսային հակաօքսիդիչներ», «Դ.Ի. Մենդելեևի ներդրումը երկրաքիմիայում: Երկրաքիմիայի կիրառումը երկրաբանական և հնագիտական խնդիրների լուծման մեջ» թեմաներով գիտական զեկուցումների ներկայացումը:

   ՀՀ ԳԱԱ  Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   24.09.2019թ.