News
06/06/2019
ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը OSA-ի տնօրենների խորհրդի կողմից ճանաչվել է 2019թ. «օպտիկայի պաշտպան»

   ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանն Օպտիկական ընկերության տնօրենների խորհրդի կողմից ճանաչվել է 2019թ. «օպտիկայի պաշտպան»:Օպտիկական ընկերությունը (OSA) համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, հիմնադրվել է 1916թ. որպես Ամերիկայի Օպտիկական ընկերություն: OSA-ի առաքելությունն օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում գիտելիքների ստացմանը, տարածմանը և կիրառմանը նպաստելն է:
   Արամ Պապոյանն այս մրցանակին արժանացել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրոպական հետազոտական տարածք (ERA) ինտեգրմանն ուղղված աշխատանքի համար:«Այս մրցանակը ճանաչումն է Արամ Պապոյանի ղեկավար դերի և արտառոց ջանքերի՝ ուղղված ՖՀԻ-ի ինտեգրմանը Եվրոպական հետազոտական տարածք (ERA)»,-նշված է OSA-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:ERA-ն գիտական հետազոտությունների ծրագրերի համակարգ է, որը կապում է Եվրամիության գիտական ռեսուրսները՝ կենտրոնանալով բժշկական, բնապահպանական, արդյունաբերական և սոցիալ-տնտեսական հետազոտություններում միջազգային համագործակցության վրա: 

20160606_1.jpg
   ERA/ՖՀԻ ինտեգրումը քվանտային տեղեկատվական գիտության, ատոմային և նյութական ալիքների ֆիզիկայի, սցինտիլյացիոն նյութերի ուղղություններով համագործակցության մեխանիզմներ է ընձեռում: Հայ հետազոտողները և երիտասարդ մասնագետներն այժմ հնարավորություն ունեն օգտվել ERA-ի ֆինանսավորումից` աջակցելու և խթանելու հետազոտություններն այդ ոլորտներում:«Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրոպական հետազոտական տարածք ինտեգրվելուն Արամ Պապոյանի ջանքերն առանձնանում են որպես լույսի մասին գիտության առաջընթացի շարունակական ձգտում, ինչը ճանաչվել է «օպտիկայի պաշտպանի» մրցանակով: Արամ Պապոյանի աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա օպտիկայի և ֆոտոնիկայի հետազոտական բնագավառներում կարևոր համագործակցությունը Եվրոպական միության և Եվրոպական հանձնաժողովի ստեղծած ծրագրերի միջոցով», - ասել է OSA-ի նախագահ Ուրսուլա Գիբսոնը: 
   OSA-ի «օպտիկայի պաշտպանի» կոչումն ամեն տարի շնորհվում է հանրային այն պաշտոնյային, ով դրսևորում է առաջատարի հատկություններ՝ ուղղված լույսի մասին գիտության առաջընթացի աջակցությանը: Արամ Պապոյանին մրցանակը կշնորհվի 2019թ. հունիսի 24-27-ին Մյունխենում (Գերմանիա) կայանալիք «Laser World of Photonics» համաժողովի ընթացքում՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ: Արամ Պապոյանը ղեկավարում է ՖՀԻ-ն 2006 թվականից: ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ի գործունեության հիմնական ոլորտներն են լազերային ֆիզիկան և նյութագիտությունը:
   Արամ Պապոյանը 2011-2014թթ. համակարգել է Եվրոպական FP7 ծրագրի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ինտեգրումը ERA-ին» նախագիծը: Մինչ այդ նա եղել է  հայ-ֆրանսիական առաջին միջազգային ասոցացված լաբորատորիայի համահիմնադիրը և հայաստանյան համակարգողը, որի շրջանակներում հետազոտվել են ճառագայթման և նյութի փոխազդեցության խնդիրները: Արամ Պապոյանն Օպտիկայի միջազգային հանձնաժողովում (ICO) Օպտիկայի հայկական տարածքային կոմիտեի նախագահն է: 2015թ. նա արժանացել է «ICO Galileo Galilei Award» պատվավոր մրցանակի՝ ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում  կարևոր նվաճումների և Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   06.06.2019թ.