News
12/04/2019
Հայ-իտալական գիտական համագործակցությանը նվիրված միջոցառում` ՀՀ ԳԱԱ-ում

   Սույն թվականի ապրիլի 15-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), տեղի կունենա հայ-իտալական գիտական համագործակցությանը նվիրված միջոցառում, որի նպատակն է ամփոփել գիտության ոլորտում հայ-իտալական համագործակցության ձեռքբերումները, քննարկել ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում: 
   Ելույթներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը,  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ռեմո Ռուֆֆինին:
Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանատունը: 
   ԻԿՐԱՆԵՏ-ը (International Center for Relativistic Astrophysics Network) միջազգային կազմակերպություն է,  հիմնադրվել է 2003 թվականին: ԻԿՐԱՆԵՏ-ի հիմնադիր անդամ պետություններն են Իտալիան, Հայաստանը, Վատիկանը և Բրազիլիան: ԻԿՐԱՆԵՏ-ի համակարգող կենտրոնը գտնվում է Իտալիայի Պեսկարա քաղաքում, իսկ ցանցի կենտրոնները՝ Հռոմում (Իտալիա), Նիցայում (Ֆրանսիա), Ռիո դե ժանեյրոյում (Բրազիլիա) և Երևանում (Հայաստան):

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   12.04.2019թ.