News
11/04/2019
ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Ֆրանսիայի Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի 15-ամյա համագործակցության արդյունքները

   Սույն թվականի ապրիլի 11-ին ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը և Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Միշել Դայդեն ամփոփեցին ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Ֆրանսիայի Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտությունների ինստիտուտի 15-ամյա համագործակցության արդյունքները:

   Շնորհիվ հայ-ֆրանսիական գիտական համագործակցության հնարավոր է դարձել իրականացնել հետևյալ գիտական ծրագրերը.

   - Հայաստանում անցկացված  Ֆրանկոֆոնիայի օրերին ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ին  նվիրաբերվել է բարձր արտադրողականության հաշվողական համակարգ, որը կարող է Հայաստանի ազգային սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծման հիմք ծառայել:
   - Ստեղծվել է ամպային տարածություն, որը գիտական հանրությանը և բիզնես սեկտորին հնարավորություն է տալիս կատարել մեծ հաշվարկներ: Դա հնարավորություն կտա Հայաստանում ստեղծել միասնական ամպային հարթակ՝ նման հայտնի google և amazon ծառայություններին, Հայաստանում արտադրվող մեծ տվյալները և մեծ հաշվարկներն իրականացնել Հայաստանում տեղադրված ռեսուրսների հաշվին: 
   - Մշակվում են ժամանակակից կոմպլեքս ծառայություններ արհեստական բանականության, մեծ տվյալների խնդիրների լուծման համար:

20190411_2_1.jpg
   - Մշակվել են բարձր տեխնոլոգիական ծառայություններ, որոնք կիրառվում են   հիդրոօդերևութաբանության, բնապահպանության, երկրաբանության, կլիմայի փոփոխության համալիր խնդիրների լուծման համար:  Համագործակցության արդյունքում Հայաստանի և Ֆրանսիայի հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջև սկսվել է համագործակցություն հիդրոօդերևութաբանության ոլորտում:
   - Մեծացել է Հայաստանի միջազգային ճանաչելիությունը տեղեկատվական  տեխնոլոգիաների և կոմպյուտերագիտության  ոլորտներում: Հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Հայաստան են այցելել բարձր հեղինակություն ունեցող գիտնականներ և փորձագետներ, ովքեր մասնակցել են բազմաթիվ միջազգային գիտաժողովների և գիտական քննարկումների:
   - Պատրաստվել են միջազգային ստանդարտներին համապատասխանող գիտական կադրեր, որոնց տրվում են ֆրանսիական նմուշի դիպլոմներ: Հայաստանում ֆրանսիական համալսարանում 2019թ. բացվել է նոր՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, որի շրջանավարտները կստանան հայկական և ֆրանսիական նմուշի դիպլոմներ:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   11.04.2019թ.