News
30/01/2019
ՀՀ ԳԱԱ նախագահությունը մեծ ցավով հայտնում է, որ 2019թ. հունվարի 17-ին կյանքի 72-րդ տարում վախճանվել է ականավոր գիտնական Գագիկ Թոմասի Սարգիսովը

   Գագիկ Թոմասի Սարգիսովը ծնվել է 31.08.1946թ. Թբիլիսիում: 1964թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը և ավարտել այն 1969թ.: Նույն տարում ընդունվել է ՀՀ ԳԱԱ-ին կից նեյրոբիոնիկայի լաբորատորիա՝ որպես կրտսեր գիտաշխատող: Իր գիտական գործունեության շուրջ 40 տարիները գիտնականը նվիրել է Կենդանաբանության ինստիտուտում բարձրակարգ կենդանիների ուսուցման և հիշողության գործընթացների ուղեղային մեխանիզմների բացահայտմանը: Այդ բնագավառում նա Հայաստանում առաջատար մասնագետներից մեկն էր:
   1980թ. Գ.Սարգիսովը պաշտպանել է թեկնածուական թեզը և շարունակել հետազոտությունները՝ զարգացնելով, խորացնելով և հարստացնելով նոր մեթոդական մոտեցումներով: 2002թ. այդ մոտեցումներն արտացոլվել են Գ.Սարգիսովի դոկտորական թեզում:
   2007-2011թթ. Գ.Սարգիսովը՝ զբաղեցնելով ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնը, դրսևորել է իրեն որպես հմուտ ղեկավար: Մեծ ըմբռնումով մոտենալով բոլոր խնդիրներին՝ նա կարողանում էր դրանց տալ արագ, տրամաբանական, արդյունավետ լուծումներ, ստեղծել և պահպանել առողջ, աշխատանքային մթնոլորտ:

20190130_body.jpg
   Գ.Սարգիսովը ֆիզիոլոգիայի բնագավառում ճանաչված մասնագետ է, հայրենական և արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում տպագրված 83 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 2 մենագրությունների հեղինակ: Նրա ուսումնասիրությունների արդյունքները քննարկվել են գիտական տարբեր շրջանակներում և արժանացել բարձր գնահատականի:
   Նա բանիմաց, սկզբունքային, վերին աստիճանի ինտելիգենտ, գիտությանը նվիրված, բարձր պատասխանատվությամբ, ինքն իր նկատմամբ բծախնդրությանը հասնող պահանջկոտությամբ, լայն մտահորիզոնով գիտնական էր: Վայելում էր գիտական կենտրոնի անձնակազմի հարգանքն ու վստահությունը:
   Գ.Սարգիսովի մահը մեծ ու անդառնալի կորուստ է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ողջ անձնակազմի, ինչպես նաև Հայաստանի գիտական հանրության համար: