Հունվարի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված հայ-իտալական գիտական կապերի զարգացմանը:Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն: «Լավ է, որ Հայաստանի և Իտալիայի գիտնականները համագործակցության ճանապարհն են ընտրել և վստահեցնում եմ, որ նախագահական ինստիտուտն ամեն ինչ կանի, որ այդ համագործակցությունը խորանա»,- իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ արդեն իսկ ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում հայ-իտալական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրր, որի շրջանակներում կամրապնդվեն երկու երկրների գիտնականների կապերը, կիրականացվեն համատեղ ծրագրեր: Համագործակցության հիմնական ոլորտներն են` ֆիզիկան և աստղաֆիզիկան, քիմիան, մոլեկուլային կենսաբանությունը, գյուղատնտեսական գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, հնագիտություն և արվեստագիտություն:
Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն իր ողջույնի խոսքում նշեց, որ հայ-իտալական գիտական համագործակցության հիմքում ընկած է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Իտալիա, որի շրջանակներում նախագահը հանդիպել է իտալացի գիտնականների հետ:Գիտաժողովին «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասիմո Ինգուշոն ներկայացրեց «Հեղափոխության իրականացումը քվանտային տեխնոլոգիաներում հանուն մարդկության և Մոլորակի» զեկուցումը: Ընդհանուր ներկայացվեց 9 զեկուցում ՀՀ ԳԱԱ-ի կառույցների, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի, Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, «Քենդլ» ինստիտուտի, Իտալիայի օպտիկայի ազգային ինստիտուտի ներկայացուցիչների կողմից:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
26.01.2019թ.