News
29/11/2018
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը նշում է հիմնադրման 75-ամյա հոբելյանը

   Սույն թվականի նոյեմբերի 30-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (Երևան, Գրիգոր Լուսավորիչ փ. 15, 3-րդ հարկ) տեղի կունենա հանդիսություն` նվիրված Գրականության ինսիտիուտի հիմնադրման 75-ամյակին: Շնորհավորական ելույթներով հանդես կգան գիտության, կրթության, մշակույթի և գրական աշխարհի ներկայացուցիչներ, կընթերցվեն տարբեր հաստատությունների ողջույնի և շնորհավորանքի խոսքեր: Հյուրերին կներկայացվեն ինսիտիուտի անցած ճանապարհը, գիտական ձեռքբերումները, ինչպես նաև  գիտական առաջիկա ծրագրերը:
   ՀՀ ԳԱԱ ղեկավարության, տարբեր նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի կողմից կհանձնվեն պարգևներ Գրականության ինստիտուտի վաստակաշատ գիտաշխատողներին:
   ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտը  հիմնադրվել է 1943 թվականին: Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են` հայ հին և միջնադարյան գրականություն, հայ նոր գրականություն, հայ նորագույն գրականություն, բնագրագիտություն, գրականության  տեսություն, արտասահմանյան գրականություն, գրականագիտություն, սփյուռքահայ գրականություն, Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն:
   Գրականության ինստիտուտի ծավածած գործունեության արդյունքում հրատարակվել են` «Հայ նոր գրականության պատմություն» (5 հատոր), «Հայ քննադատության պատմություն» (2 հատոր), «Հայ քննադատության մատենագիտություն» (1 հատոր), «Հայ վեպի պատմություն», «Հայ նոր գրականության ժամանակագրություն» 1801-1875 թթ. (3 հատոր),  «Հովհաննես Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» (6 հատոր): Իրականացվել են` Խ.Աբովյանի, Գ.Սունդուկյանի, Մ.Նալբանդյանի, Ռ.Պատկանյանի, Րաֆֆու, Հ.Պարոնյանի, Պ.Դուրյանի, Սիամանթոյի, Մուրացանի, Ղ.Աղայանի, Շիրվանզադեի, Պ.Պռոշյանի, Հ.Հովհաննիսյանի, Դ.Վարուժանի, Հ.Թումանյանի, Մ.Աբեղյանի, Ա.Բակունցի, Ե.Չարենցի, Դ.Դեմիրճյանի երկերի  լիակատար գիտական (ակադեմիական) հրատարակությունները:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   29.11.2018թ.