News
22/10/2018
«Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել առաջատար տեխնոլոգիական երկիր և դրա համար ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԳԱԱ 75-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներ, միջազգային գիտական կառույցների ղեկավարներ:

Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-րդ տարեդարձի առթիվ՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Այսօր մեր պարտքն է հարգանքի և երախտիքի մեծ զգացումով հիշել նրանց, ովքեր հեռավոր 1943 թ. հիմնեցին այս հաստատությունը: Պատերազմի ծանր տարիներին իրականացնել նման ձեռնարկ նշանակում էր ոչ միայն անվերապահորեն հավատալ հաղթանակին և խաղաղության հաստատմանը, այլև անվերապահորեն հավատալ Հայաստանին, նրա ժողովրդին, մեր գիտության մեծ ներուժին ու ապագային: Սա սխրանք էր, որ գործել են հայ գիտության մեծ երախտավորները, և մենք շնորհակալ ենք նրանց այս հարուստ ժառանգության համար»:

varchapet1.jpg
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԽՍՀՄ տարիներին ՀՀ ԳԱԱ-ն նաև ազգային ինքնության և ինքնագիտակցության կարևոր մաս էր. «Բոլորդ գիտեք, որ Խորհրդային միությունում ազգային ինքնությանը շատ մեծ տեղ չէր տրվում, և ավելի շատ ընդունված էր ընդգծել ինտերնացիոնալիզմի տրամաբանությունը: Այս առումով մեր ԳԱԱ-ն ազգային ինքնության և ինքնագիտակցության, ազգային հպարտության կարևոր ինստիտուտ էր: Սովետական Հայաստանը ԽՍՀՄ-ում ուներ այնպիսի տեխնոլոգիական և գիտական դերակատարում, ինչպիսին ժամանակակից աշխարհում ունի Սիլիկոնային հովիտը: Այս իրավիճակը ստեղծված էր նաև ԳԱԱ համակարգի գործունեության շնորհիվ»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո մեծ ջանքեր գործադրվեցին, որպեսզի Հայաստանի ԳԱԱ համակարգը հարմարվի նոր իրողություններին և արդյունավետ գործելու հնարավորություն ստանա, բայց անցումային շրջանի բարդությունները հնարավորություն չտվեցին, որպեսզի Հայաստանի տնտեսությունը, նաև սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով, կարողանա շարունակել այն դերակատարումը, որն ուներ Խորհրդային միության տարիներին: «Ես այս ամենը հիշում և ընդգծում եմ ոչ միայն ուղղակի որպես հուշ, այլ ուզում եմ սրանով ընդգծել այն ծրագիրը, այն ամբիցիան, որ ունի ՀՀ կառավարությունը, որը ձևավորվել է ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում. մենք ուզում ենք Հայաստանը դարձնել նույնպիսի տեխնոլոգիական առաջատար երկիր, ինչպիսին նա էր ԽՍՀՄ տարիներին և պայմաններում: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը. մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում են այդ գիտելիքը, կարող են փոխանցել այն և, կարևորը, ավանդույթներ, որոնք կապված են ԳԱԱ գործունեության հետ: Մեծ հույս ունենք, որ Հայաստանի գիտությունը, կառավարությունը և հանրությունն այս հարցի շուրջ յուրօրինակ կոնսենսուս ձևավորելու և ՀՀ-ում նոր տեխնոլոգիական առաջընթաց, նոր տեխնոլոգիական հեղափոխություն իրականացնելու հնարավորություն կստեղծեն», - իր ելույթում ընդգծել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ քաղաքական վերջին փոփոխությունների արդյունքում Հայաստանում գիտական, տեխնոլոգիական, ինտելեկտուալ գործունեության համար նոր հեռանկարներ են բացվում: «Հայաստանը պետք է լինի ինտելեկտուալ, զարգացած, տեխնոլոգիական երկիր, որովհետև մենք հավատում ենք, որ բացարձակապես բոլոր խնդիրների լուծման ամենակարևոր գործիքը մարդկային միտքն է, որն անսահման է: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի, յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր ոլորտի առջև բացված են անսահման հնարավորություններ, և հույս ունենք, որ կկարողանանք օգտագործել այդ անսահման հնարավորությունները», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Իր գնահատանքը հղելով բոլոր գիտնականներին, ովքեր ստեղծել են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, աշխատել են այնտեղ և իրենց աշխատանքով կարողացել են բարձրացնել կառույցի հեղինակությունը՝ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ հայ գիտնականները մեր ժողովրդին հպարտանալու նորանոր առիթներ կտան: Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել արտերկրից ժամանած գիտնականներին՝ ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու և միջազգային համագործակցության ամենաարդյունավետ օրինակներից մեկը ցույց տալու համար:

Հանդիպմանը մասնակից երկրների և միջազգային գիտական կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանում գիտության ոլորտի նկատմամբ ցուցաբերվող պետական հոգածությունը: Նրանք ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հնչեցրած ուղենիշները գիտության զարգացման, ՀՀ-ն առաջատար տեխնոլոգիական երկիր դարձնելու գործում և արդյունավետ գնահատել ԳԱԱ հետ համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը նաև շրջայց է կատարել ՀՀ ԳԱԱ 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպությունների ձեռքբերումներին, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքներին և նորարարական ներուժն արտացոլող գիտատեխնիկական նախանմուշներին:


Սկզբնաղբյուր՝ http://www.primeminister.am/hy/press-release/item/2018/10/18/Nikol-Pashinyan-National-academy-of-sciences-75/