News
12/09/2018
Երևանում մեկնարկում է Եվրամիության «Հորիզոն-2020» ծրագրին նվիրված տեղեկատվական օր

    Սույն թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Հորիզոն-2020» ծրագրին նվիրված տեղեկատվական օր: 
    Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն-2020» ծրագրի Twinning և ERA Chair ենթածրագրերը, որոնք Հայաստանի ասոցացման կարգավիճակից բխող մասնակցության լրացուցիչ հնարավորություններից են: Նախագծերի շնորհիվ հնարավորություն կլինի ավելի սերտ համագործակցություն հաստատել եվրոպական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ հեռանկարային գիտական ուղղություններում, ինչպես նաև իրականացնել բարեփոխումներ և կառուցվածքային փոփոխություններ՝ համաշխարհային համբավ ունեցող արտասահմանյան գիտնականների ներգրավմամբ: 
    Միջոցառմանը կմասնակցեն փորձագետներ Կիպրոսից և Լեհաստանից, որոնք կներկայացնեն «Հորիզոն-2020» ծրագրի Twinning և ERA Chair ենթածրագրերի այս երկրների փորձը: Սեպտեմբերի 14-ին գիտնականների համար կանցկացվի սեմինար` «Ինչպես գրել հաջող նախագծեր» թեմայով: 
    Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար պլյուս» (EaP Plus Project) նախագծի շրջանակներում: 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12.09.2018թ.