News
10/07/2018
Թղթակից անդամ Ռաֆիկ Եդոյանի ծննդյան 80-ամյակը

   Հուլիսի 10-ին լրանում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆիկ Հայկոյի Եդոյանի ծննդյան 80-ամյակը: Ռ.Եդոյանը ծնվել է Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում (ներկայիս Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում): 1958թ.-ին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, որն ավարտել է գերազանցությամբ, ստանալով գիտնական ագրոնոմի որակավորում: 1964թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա ՀՀ ԳԱ երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի բույսերի սելեկցիայի և բուսական ռեսուրսների բաժնում՝ «Սելեկցիա» մասնագիտությամբ: 1967թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: 1970թ. աշխատանքի է անցել ՀՀ ԿԳ նախարարության Կիրովականի Պետական Մանկավարժական ինստիտուտում (ներկայիս Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում): Աշխատել է ավագ դասախոս, ապա դոցենտ, ընտրվել է ամբիոնի վարիչ, դեկան: 1983թ. պաշտպանել է դոկտորական թեզ, իսկ 1984թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 1987թ. ինստիտուտի կոլեկտիվի կողմից ընտրվել է ռեկտոր:
   Ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը: Նույն տարում նրա ղեկավարած բուհն ընդունել է Ադրբեջանի կողմից փակված Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ուսանողությանը: Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով փլվել է ինստիտուտի հանրակացարանային շենքը և վթարային են դարձել ուսումնական մասնաշենքերը: Մասնակցելով փրկարարական, որոնողական ու երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին՝ Ռ. Եդոյանը կոլեկտիվի հետ միասին կատարել է ծանրագույն աշխատանք. պահպանել է ուսումնական գործընթացն էքստրեմալ պայմաններում: Հետագայում նա մեծ դժվարությամբ տեղափոխել է Ղարաբաղի ուսանողներին Արցախ և ստեղծել ինստիտուտի բաժանմունքը:
20180710_body.jpg
   Ռ. Եդոյանը կատարել է լուրջ հետազոտական աշխատանքներ իմունային սելեկցիայի և գենետիկայի ոլորտներում: Ուշագրավ են ոչ ավանդական բույսերից գետնախնձորի, ինչպես նաև բույսերի էկոլոգիայի և բանջարային բույսերի ուսումնասիրությունները, կենսահումուսի ստացման տեխնոլոգիաների մշակումը, տեխնիկական մշակաբույսերի հարուստ հավաքածուի ստեղծումը:
   Ռ. Եդոյանը շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնցից մոտ 15-ը բուհական դասագրքեր և ձեռնարկներ են: Նրա գիտամանկավարժական գործունեության ամենամեծ գնահատականը 2000թ. ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ ընտրվելն է:
   Գիտության և մանկավարժության բնագավառներում ունեցած վաստակի համար 2010թ.-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացու», իսկ 2011թ.-ին՝ Արցախի նախագահի «Երախտագիտության» մեդալներով: Նա Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի է:
   Ռաֆիկ Հայկոյի Եդոյանն անցել է վաստակաշատ գիտնականի և գիտակ մանկավարժի ազնիվ ու արժանավայել ճանապարհ:
   ՀՀ ԳԱԱ նախագահությունը և բնական գիտությունների բաժանմունքը շնորհավորում են Ռաֆիկ Եդոյանի հոբելյանը, ցանկանալով նրան առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ: