Սույն թվականի հուլիսի 6-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Մտավոր սեփականության իրավունքի կարգավորում» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կառույցների տնօրեններ և գիտաշխատողներ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության և «Հայհեղինակ» ՀԿ-ի ներկայացուցիչներ: Ողջունելով քննարկման մասնակիցներին` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանն ասաց, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է «ԱՊՀ երկրների գիտնականների ֆորում 2018»-ը, որի շրջանակներում անցկացվելիք կլոր սեղաններից մեկը վերաբերելու է մտավոր սեփականության կարգավորման հարցերին և որ քննարկումը կազմակերպել է` ի մի բերելու հեղինակային իրավունքի պաշտպանության, մտավոր սեփականության, գյուտերի, արտոնագրերի, օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հարցադրումները` կլոր սեղանի ժամանակ քննարկելու համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանի առաջարկով քննարկմանը մասնակից գիտնականները հանդես եկան հեղինակային իրավունքի վերաբերյալ տարաբնույթ հարցերով, որոնց պատասխանեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Հայհեղինակ» ՀԿ-ի ներկայացուցիչները:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
06.07.2018թ.