News
07/05/2018
Ակադեմիկոս Ալբերտ Գարերինի Ղուլյանի ծննդյան 80-ամյակը

   2018թ. մայիսի 2-ին լրացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալբերտ Գարեգինի Ղուլյանի 80-ամյակը:
Ալբերտ Գարեգինի Ղուլյանը ծնվել է Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում, ուսուցիչների ընտանիքում:
   1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը` ստանալով աստղաֆիզիկոսի որակավորում:
   Աշխատանքային մկրտությունն Ա. Գ. Ղուլյանը ստացել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի Բյուրականի աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնում` աշխատանքի անցնելով որպես լաբորանտ: Նույն թվականին տեղափոխվում է ռադիոաստղագիտության բաժնի հենքի վրա ստեղծված ՀՍՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտ` որտեղ և աշխատում է մինչ օրս:
   Ա. Գ. Ղուլյանի գիտական հետազոտությունները կապված են անտենաների բնութագրերի ուսումնասիրության ճշգրիտ մեթոդների մշակման հետ` հիմնված հաճախությունների լայն տիրույթում տիեզերական աղբյուրների աղմկային ռադիոճառագայթման ընդունման սահմանային զգայնությամբ ընդունիչ սարքերի և համակարգերի նախագծման և իրականացման վրա: Այս բնագավառում կատարած հիմնարար և կիրառական հետազոտությունների արդյունքների հիման վրա Ա.Գ.Ղուլյանը 1975թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1990թ.` դոկտորական թեզեր:
   Որպես գիտնականիՙ Ա.Գ.Ղուլյանի կայացման գործընթացում նշանակալի է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Է.Հ.Միրզաբեկյանի և Ռ.Մ.Մարտիրոսյանի, Ռուսաստանի ԳԱ Ֆիզիկայի իaնստիտուտի պրոֆեսոր Ա.Ե.Սալոմոնովիչի, Ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր, ակադեմիկոս Տրոիցկու, Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Բ. Գ. Կուտուզայի, դերն ու գիտական ղեկավարությունը:
   1978թ.-ից մինչ այժմ Ա. Գ. Ղուլյանը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան: Նրա ղեկավարությամբ լաբորատորիայում մշակվել են անտենաների բնութագրերի չափման մեծ ճշտություններ ապահովող նոր մեթոդներ, ստեղծվել` բարձր զգայնությամբ, աշխարհի խոշորագույն կենտրոնների լավագույն նմուշներին չզիջող, շահագործման հարմարավետությամբ ավելի նախընտրելի ընդունիչ համակարգեր: Կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիայի արգասաբեր գործունեության արդյունքը Ա. Գ. Ղուլյանի գիտական ղեկավարությամբ առաջատար գիտական ամսագրերում հրատարակված ավելի քան 250 աշխատանքները և 30 գյուտերի հեղինակային վկայագրերն են:
   Նախկին Խորհրդային Միության կառավարական հատուկ որոշումների համաձայն Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտը, մասնավորապես կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիան, ԽՍՀՄ-ի խոշորագույն գիտական կենտրոնների, այդ թվում ԽՍՀՄ ԳԱ Տիեզերական հետազոտությունների, Ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի, Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտների, ինչպես նաև Բնական ռեսուրսների ուսումնասիրման պետական կենտրոնի, Տիեզերական սարքաշինության գիտատեխնիկական միավորման ճյուղային ինստիտուտների հետ համատեղ մասնակցել է «Վեգա», «Ֆոբոս», «Կոսմոս», «Պրիրոդա», «Օկեան» և այլ միջազգային գիտատեխնիկական ծրագրերին` իր ծանրակշիռ ներդրմամբ նպաստելով այդ ծրագրերի կատարմանը:

20180507_body.jpg
   Ա.Գ.Ղուլյանի ղեկավարությամբ կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիայում ստեղծված նոր, ռադիոաստղագիտական մեթոդների և զգայուն ընդունիչ սարքերի միջոցով մեծ ճշտությամբ չափվել են նախկին Խորհրդային Միության տիեզերական կապի նպատակով ստեղծված բոլոր անտենաների բնութագրերը:
   Հիմնվելով իր ղեկավարած լաբորատորիայում ստացված գիտական արդյունքների վրաՙ Ա. Գ. Ղուլյանը արժանացել է երկու երկարաժամկետ դրամաշնորհի (Սորոս, ՄԳՏԿ), ինչը զգալիորեն նպաստել է դժվարին տնտեսական շրջանում լաբորատորիայի գիտական ներուժի և գիտական հետազոտությունների դրական դինամիկայի պահպանմանը:
   Ա. Գ. Ղուլյանը որպես գիտնական հայտնի է ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նա ՀՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է գիտության և տեխնիկայի ասպարեզում, ինչպես նաև մի շարք գիտական խորհուրդների անդամ: Հաշվի առնելով ռադիոֆիզիկայի հիմնարար պրոբլեմներից մեկի` գերբարձր հաճախային տիրույթում ընդունիչ համակարգերի նոր կառուցվածքների նախագծման, ստեղծման, անտենաների բնութագրերի ուսումնասիրության ռադիոաստղագիտական նոր մեթոդների մշակման ասպարեզում Ա.Գ.Ղուլյանի մեծ ավանդը և նրա գիտակազմակերպական լայնածավալ գործունեությունը` 2000թ.-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,  2010թ. պարգևատրվել Անանիա Շիրակացու մեդալով, 2014թ.-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
   Հանրապետության սահմանների պահպանության տեխնիկական վերազինմանը միտված Ա. Գ. Ղուլյանի ղեկավարած գիտական խմբի կատարած աշխատանքների շարքն արժանացել է 2011թ. հանրապետության նախագահի մրցանակին:
   Գիտական գործունեությանը զուգընթաց, Ա. Գ. Ղուլյանը զգալի ավանդ է ունեցել երիտասարդ կադրերի պատրաստման և հետազոտական աշխատանքներում նրանց ներգրավման գործում: 1975թ.-ից նա անընդմեջ դասախոսել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ռադիոսարքավորումներ» ամբիոնում, որի պրոֆեսոր է 1992թ.-ից և մինչ օրս այդ մասնագիտացման պետական քննական հանձնաժողովի նախագահն է: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 8 թեկնածուական  և 2 դոկտորական թեզեր:
   Ա. Գ. Ղուլյանը սիրող ամուսին է, գորովագութ հայր և իր 4 թոռնիկներին անսահմանորեն նվիրված պապիկ, որոնցից  երկուսը ապրում են իր հոգածության ներքո:
   Շնորհավորելով ճանաչված գիտնականին՝ ցանկանում ենք քաջառողջություն, երկար տարիների բեղմնավոր ստեղծագործական կյանք:

   ՀՀ ԳԱԱ Նախագահություն