News
13/04/2018
ԳԱԱ-ում քննարկվեցին «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի կազմակերպչական աշխատանքները

   Ապրիլի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. Փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների քննարկմանը նվիրված հանդիպում՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Միջազգային գիտաժողովի նպատակն է համախմբել ականավոր և երիտասարդ գիտնականներին՝ կիսվելու փորձով, հանդես գալու զեկույցներով, ինչպես նաև՝ քննարկելու այս բնագավառում առկա նորարարությունները և հետագա մարտահրավերները:
   Հանդիպման օրակարգում դրված էին գիտաժողովի բացման և անցկացման ձևաչափի ու վայրի, օտարազգի ականավոր գիտնականների և հասարակական գործիչների հրավիրման, նրանց և հայ գիտնականների կողմից ներկայացվելիք զեկույցների, գիտաժողովի նյութերի՝ ժողովածուի տեսքով հրատարակման, երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներդրում ունեցած հայ և օտար գործիչների պարգևատրման, դեպի Գյումրի և էպիկենտրոնային գոտի այցելության, թեմատիկ վարժանքների անցկացման վերաբերյալ հարցեր: 
   ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդգծեց, որ միջոցառման կարևորությունն ու գլխավոր ուղերձն այն է, որ հայ ժողովուրդը ոչ միայն հիշում է աղետալի երկրաշարժը և հարգում զոհերի հիշատակը, այլև առաջ է նայում և ձգտում ստեղծել դիմակայուն Հայաստան:

20180413_body1.jpg
  -Աղետների ռիսկի նվազեցումն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել՝ ուստի ԱԻ նախարարությունը մշտապես պատրաստակամ է համագործակցել Գիտությունների ազգային ակադեմիայի հետ լայն ձևաչափերով, - ընդգծեց Դ. Տոնոյանը:
   ԱԻ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի աշխատակիցներին տարեսկզբին Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի կայունացման աշխատանքներում ցուցաբերած աջակության և փոխգործակցության համար:
   ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ ակադեմիայի ինստիտուտները միշտ պատրաստակամ են համատեղ աշխատանքների իրականացման, գիտական խորհրդատվության տրամադրման համար:
   Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻ նախարարության և ՀՀ ԳԱԱ միջև տարբեր ոլորտներում գիտատեխնիկական լայն համագործակցություն ձևավորելու հեռանկարները: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկեց կազմել փոխգործակցության վերաբերյալ իրավական փաստաթուղթ, հստակեցնել մասնակից կողմերին և ներառել ԳԱԱ մի շարք ինստիտուտների ևս՝ Երկրաֆիզիկային և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ, Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ, Մեխանիկայի ինստիտուտ և այլն:

20180413_body2.jpg
   Նշենք, որ միջազգային գիտաժողովը նախատեսված է անցկացնել այս տարվա դեկտեմբերի 3-7-ը: Դրա առանցքային թեմաները կլինեն.

  • 1988 թ. Սպիտակի երկրաշարժ. դաշտային դիտարկումներ էպիկենտրոնի տարածքում, տարածաշրջանի ներկայիս սեյսմիկությունը, նոր ուսումնասիրություններ և արդյունքներ 30 տարի անց,
  • Սեյսմոլոգիական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, սեյսմոտեկտոնիկա, պալեոսեյսմոլոգիա, արխեոսեյսմոլոգիա և սեյսմակայուն շինարարություն,
  • Երկարաբանական վտանգներ, սեյսմիկ վտանգի գնահատում և սեյսմակայունություն,
  • Ուժեղ երկրաշարժերի սոցիալական և մշակութային ազդեցությունների ուսումնասիրություններ,
  • ԱՌՆ ուղղված ռազմավարություն և միջազգային համագործակցություն:

   ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն