News
28/03/2018
ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2017թ-ի գիտակազմակերպական գործունեության արդյունքները

   Մարտի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին, հյուրերին:

20180328_body8.jpg
Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2017թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանի, Սերգեյ Սարինյանի, Սերգեյ Մատինյանի հիշատակը:
   Ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք մշտապես ունեցել ենք ցանկություն, օգտագործել ենք մեր հնարավորությունները Հայաստանում գիտությունը պահպանելու և զարգացնելու համար: Միգուցե մեզ չի հաջողվել հատկացնել այնքան միջոցներ, որքան բավարար է դրա համար: Բայց մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, որ քիչ  եկամուտներից քիչ բաժին է հասնում: Եկամուտները կավելանան, պետության բաժինները կավելանան: Մենք այլ ճանապարհ չունենք: Եվ միակ զարգացման ճանապարհն այստեղ, եղած միջոցներն արդյունավետ օգտագործելու մեջ է: ….Մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ: Գիտությունը Հայաստանում միշտ պահանջված է: Եվ ուրեմն և դուք, և ձեզանից հետո եկողները մեծ գործ ունեն անելու, ցավոք սրտի, սուղ միջոցներվ: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»,- իր ելույթում մասնավորապես ասաց ՀՀ Նախագահը:
   2017թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: 

20180328_body7.jpg
   Հաշվետու տարին հագեցած էր ՀՀ ԳԱԱ-ի համակարգի զարգացմանը միտված կարևոր ծրագրերով: Համաձայն ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի` կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների ինովացիոն առաջարկների փաթեթը: 
   Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ առաջին անգամ ՀՀ ԳԱԱ-ում իրականացվել է ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների 2012-2016թթ. գործունեության արդյունավետության գնահատում: Մշակվել է «ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կանոնակարգը»: Կազմվել է ՀՀ ԳԱԱ համակարգում ակնկալվելիք իրական բարեփոխումների ցանկը:Գնահատման արդյունքների համաձայն` ՀՀ ԳԱԱ հիմնարկների կողմից իրականացված գիտական հետազոտությունները համապատասխանում են ՀՀ կառավարության կողմից սահմանված ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին: Արևելյան Եվրոպայի 24 և նախկին ԽՍՀՄ ասիական երկրների մեջ, ըստ մեկ գիտական հոդվածի վրա կատարված հղումների քանակի, Հայաստանը զբաղեցնում է 1-ին տեղը: 2012-2016թթ. ԳԱԱ-ում իրականացվել է տարեկան միջինը 277 ծրագիր:
Արդյունավետության գնահատումը ցույց տվեց ՀՀ ԳԱԱ հիմնարկների պոտենցիալը` ուժեղ գիտական դպրոցների առկայությունը, կայացած միջազգային համագործակցությունը, հիմնարար հետազոտությունների միջազգային մակարդակը, արդյունավետ համագործակցությունը ՀՀ ԲՈՒՀ-երի հետ, միջգիտակարգային հետազոտությունների  իրականացման հնարավորությունը, տպագրված հոդվածների բարձր որակը, կիրառական նշանակության աշխատանքները:  Այս պոտենցիալը պետք է նպաստի բարեփոխումներին, Սփյուռքի գիտական ներուժի առավելագույնս ներգրավմանը, միջազգային շրջանակային ծրագրերին մասնակցությանը, գիտական մշակումների առևտրայնացմանը, արդյունաբերության մեջ մշակված տեխնոլոգիաների ներդրմանը, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրերի իրականացմանը:

20180328_body9.jpg
   2017թ-ին ՀՀ ԳԱԱ-ում կատարվել են գիտական աշխատանքներ 6 նպատակային, 52 բազային և 136 թեմատիկ ծրագրերով: Ստացված արդյունքներով հրապարակվել են` 118 մենագրություն և ժողովածու (17-ը` արտերկրում), 28 ուսումնական ձեռնարկ և դասագիրք (3-ն` արտերկրում), 2311 հոդված (842-ն` արտերկրում), 508 թեզիս (211-ն` արտերկրում):
   Իր ելույթում Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց  ՀՀ ԳԱԱ-ի գիտական կարևորագույն և կիրառական արդյունքները` ստացված ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, մաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնական գիտությունների, քիմիայի, Երկրի մասին գիտությունների, հայագիտության և հասարակական գիտությունների բնագավառներում:  
   Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի միջազգային համագործակցությունը: ՀՀ ԳԱԱ-ն ներկայումս համագործակցում է Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Չինաստանի, Լիտվայի, Ռումինիայի գիտությունների ակադեմիաների, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիաների, Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժայի քաղաքային համալսարանի հետ: Նախատեսվում է համագործակցություն Մեծ Բրիտանիայի ակադեմիայի և Չեխիայի Գիտությունների ակադեմիայի հետ: 
   ՀՀ ԳԱԱ-ն իր արտասահմանյան անդամների հետ համատեղ իրականացնում է  հետազոտություններ, մշակվում են հետազոտական նոր ծրագրեր, պատրաստվում և վերապատրաստվում են մասնագետներ, կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ:
   ՀՀ ԳԱԱ-ն ակտիվ ներգրավված է միջազգային գիտական կառույցներում: «ԳԱԱ-ի միջազգային համագործակցության ձևերից է մասնակցությունը և անդամակցությունը միջազգային գիտական, գիտակրթական կառույցներին՝ «Գիտական միջազգային խորհուրդ» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիա» (ALLEA)»,-  նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
   ՀՀ ԳԱԱ-ն ակտիվորեն մասնակցում է միջազգային տարբեր գիտական ծրագրերի, այդ թվում՝  Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC), Եվրոպական «Հորիզոն 2020», Սևծովյան տնտեսական համագործակցության և այլ ծրագրերի:
   «Հորիզոն 2020»  ծրագրի շրջանակներում հավանության է արժանացել 12 նախագիծ՝ 1.3 միլիոն եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ: Նախագծերից 9-ը ներկայացնում են ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները:
   Դրամաշնորհային  ծրագրերով ՀՀ ԳԱԱ-ն 2017թ-ին իրականացրել է 100 գիտահետազոտական աշխատանք` 528630 դոլլար, 448481 եվրո, 1557100 ռուբլի, 88 702240 դրամ արժողությամբ: 
   ՀՀ ԳԱԱ-ի գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2017թ. կազմել է 7 միլիարդ դրամ: Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է մոտ 2 միլիարդ դրամ: Ամսական միջին աշխատավարձը, առանց արտաբյուջետային միջոցների, կազմել է 100 000 դրամ:

20180328_body4.jpg
   ՀՀ ԳԱԱ-ն մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ  գիտական կադրերի պատրաստմանը: ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի ասպիրանտուրայում պետական պատվերով  2017թ-ի սովորել է 165 ասպիրանտ, մագիստրատուրա է ընդունվել 385 մագիստրանտ: Ամրապնդվել է ՀՀ ԳԱԱ-ի և ԲՈՒՀ-ական համակարգի համագործակցությունը: 
   Առ 01.01.2018թ. ՀՀ ԳԱԱ կազմում ընդգրկված են 49 ակադեմիկոս և 57 թղթակից անդամ: Ընդհանուր ՀՀ ԳԱԱ աշխատակիցները 3875-ն են, որոնցից 2362-ը գիտական աշխատողներ են, 336-ը` գիտության դոկտորներ, 1079-ը` գիտության թեկնածուներ, 947-ը գիտական աշխատողներ են առանց գիտական աստիճանի:
   ՀՀ  ԳԱԱ  2017թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ  թղթակից անդամ  Հրանտ Մաթևոսյանը: Եույթներով հանդես եկան  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Վիգեն Թոփուզյանը, Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը,  ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   28.03.2018թ.