Սույն թվականի մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են` Պատմության, Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը: Բաժանմունքի կազմում գործում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոս և 18 թղթակից անդամ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: 2017 թ. բաժանմունքի հիմնարկների կողմից հրատարակվել է 101 գիրք, այդ թվում` 8-ը արտասահմանում, 12 դասագիրք և ձեռնարկ, այդ թվում` 2-ը արտասահմանում, 1056 հոդված, այդ թվում` 230-ը արտասահմանում: 2017 թ. հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդեսի», «Բանբեր հայագիտության» հանդեսի և «Լրաբերի» 3-ական համարներ, թողարկվել է «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլերեն հանդեսի 2 համար, «Լեզու և լեզվաբանություն» հանդեսի 2 համար, «Կանթեղ»-ի 4 համար, «Ցեղասպանագիտական հանդեսի» 1 համար: Բաժանմունքի հիմնարկները կազմակերպել են 45 գիտական միջոցառում, այդ թվում` միջազգային 9 գիտաժողով և 2 կլոր սեղան: Ժողովի ընթացքում 2017թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
- «Հայոց նորօրյա պետականության վերականգնման պատմական խորհուրդը», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Մելքոնյան
- «Արցախյան հիմնախնդիրը. պատմությունը, պայքարի նոր շրջափուլը և հիմնախնդրի լուծման ուղիները», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Մանասյան
- «Առաջին երկրագործներից մինչև պետականություն (նոր տվյալներ, նոր մոտեցումներ, նոր հայեցակարգեր)», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պ. Ավետիսյան
- «Քեմալական Թուրքիոյ ցեղասպան քաղաքականութիւնը Հայոց նկատմամբ (1919-1942թթ.)», զեկուցող` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Զաւեն Մսըրլեան (Լիբանան):
Բաժանմունքի կարևորագույն արդյունքներն են`
- Հրատարակվել է «Հայ պարբերական մամուլի պատմություն» երկհատորյակի 2-րդ հատորը, որն ընդգրկում է 1900-1922 թթ. ժամանակահատվածում հրատարակված հայերեն թերթերի և ամսագրերի պատմությունն ու բովանդակությունը, ինչը մեծ մասամբ ներկայացվում է առաջին անգամ:
- Ուսումնասիրվել է Աղթամարի կաթողիկոսության պատմությունը՝ սկզբնավորումից մինչև լուծարում (1113-1895 թթ.)։
- Ուսումնասիրվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի XIX դ. վերջերի-XX դ. սկզբների պատմաժողովրդագրությունը, քննության են առնվել նահանգի հայ բնակչության թվաքանակի և Հայոց ցեղասպանության պատմության խնդիրները:
- Ուսումնասիրվել է Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում, տեղի ունեցող հակամարտության պատմությունը:
- «Հին, միջնադարյան և նոր շրջանի արևելյան աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» ծրագրի շրջանակներում անգլերեն հրատարակվել են ուշմիջնադարյան և նոր շրջանի պարսկական աղբյուրները:
- Լեռնագոգ 1 նորահայտ հնավայրի պեղումներով և նյութերի ուսումնասիրությամբ բացահայտվել և ուսումնասիրվել է մ.թ.ա. VIII-VII հազարամյակով ժամանակագրվող, վաղ հոլոցենի` նոր քարի դարի նախակերամիկական փուլի (PPNB/C) մշակույթը ներկայացնող հնագույն բնակատեղի:
- «Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ-2» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում՝ Ջրափի գյուղի տարածքում` Ախուրյանի ջրամբարի ափին, հայտնաբերվել են քանդակազարդ և արձանագրված օրորոցաձև տապանաքարեր, նաև նոր հնավայր, որը հնագիտական հետախուզության նախնական տվյալներով վերագրվում է անտիկ ժամանակաշրջանին: Հնագիտական հետախուզության միջոցով Ախուրյանի աջ և ձախ ափերին հայտնաբերվել են 4 ամրաշինական կառույցներ՝ կիկլոպյան շարվածքով, անշաղախ պատերով ամրոցներ Փոքր Սեպասարում, Ջրափիում և Ջրաձորում: Ախուրյանի ափամերձ բոլոր ամրաշինական կառույցները հաշվառվել և քարտեզագրվել են:
- Վերհանվել ու արժևորվել են Կարս-Ալեքսանդրապոլ աշուղական առնչությունները, Ալեքսանդրապոլի աշուղական համքարության ձևավորման ընթացքը, նրա պատմական դերն ու նշանակությունը, որ ցայժմ կատարված չէր հայ աշուղագիտության մեջ:
- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմել և ներկայացրել է 5 ժամանակավոր ցուցադրություն՝ «Մանթաշյանցի ժամանակը. հայ գործարար կյանքը XIX-XX դարերում», «Ավրորա Մարդիգանյան», «Եղեռնից դեպի անկախության վերականգնում», «Հայոց ցեղասպանության զոհրերի հուշահամալիր-50», «Հայ թագավորների ու թագուհիների պատկերները XVII-XX դարերի եվրոպական և հայկական փորագրանկարներում»: Հրատարակության է պատրաստվել «Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի հայ բնակչության թվաքանակը Մեծ եղեռնի նախօրյակին մենագրությունը:
- «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Հանրագիտական բառարանի» երկրորդ հատորը (ղեկ.` ք.գ.դ. Հ.Այվազյան):
- Առանձին կայքով պատրաստ է գործարկման «Հայկական էլեկտրոնային համաբարբառ» նախագիծը, որով գիտական հանրությանը կմատուցվի համակարգչային ծրագրերով ստեղծված, որոնողական ճկուն համակարգ ունեցող, համացանցում հասանելի էլեկտրոնային համաբարբառների մեծածավալ շտեմարան:
- Կոտայքի մարզում կենդանի բարբառային խոսքի հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ Վանի բարբառն ամբողջովին կորստի չի մատնվել, և ՀՀ-ում Կը ճյուղի Մշո, Սասնո, Դիադինի, Կարնո բարբառների խոսվածքներից բացի գործառում է նաև Վանի բարբառի խոսվածք:
- Քրիստոնեության առաջին դարերի ասորաբյուզանդական ավանդությունների համատեքստում ուսումնասիրվել են վերջիններիս հայկական տարբերակները և խմբագրությունները՝ սկսած Աբգարի մասին ավանդազրույցներից մինչև Կոստանդիանոս Մեծի հետ կապված պատումները:
- Բացահայտվել է ԵՏՄ անդամության հետ կապված հնարավոր խնդիրների ու հետևանքների անորոշության աստիճանը` անդրադառնալով ԵՏՄ անդամ և ոչ անդամ պետությունների հետ հարկային և մաքսային մարմինների գործունեության կազմակերպման առանձնահատկություններին, անդամակցությունից բխող օրենսդրական և վարչարարական նորամուծություններին։
- Ցույց է տրվել, որ ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը հնարավոր է մարզային արդյունաբերական համալիրի ձևավորման, վերամշակող արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման, մարզի ներսում ներճյուղային ու միջճյուղային արտադրական կապերի ստեղծման պարագայում:
- Ամփոփվել են միգրացիային նվիրված բազմամյա սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները, որոնց հիման վրա կարևոր գիտական եզրակացություն է արվել ՀՀ-ում սկզբնավորված մի նոր երևույթի՝ բնակչության բնաթափման գործընթացի մասին: Մատնանշվել են մեր երկրի անվտանգությանը սպառնացող այս վտանգավոր երևույթը կանխելու ու հաղթահարելու ուղիներն ու մեթոդները: Գիտական արդյունքներն ու առաջարկվող լուծումները տպագրվել են մենագրության տեսքով և ուղարկվել հանրապետության պետական ու հանրային բոլոր շահագրգիռ մարմիններին:
- Հայրենական թատերագիտության մեջ առաջին անգամ իրականացվել է XX դարի և XXI դարասկզբի Հայաստանի բալետային արվեստի ձևավորման, առանձնահատկությունների ու միտումների համակողմանի ուսումնասիրություն հայ խորեոգրաֆների ստեղծագործության օրինակով:
Բաժանմունքի կիրառական աշխատանքների արդյունքներն են` Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- Կազմվել և http://www.armeniatotalitaris.ru/ կայքում տեղադրվել է 1949 թ. հունիսի 14-ին Հայաստանից աքսորի ենթարկված անձանց տվյալների շտեմարանը: Հրատարակության են պատրաստվել Խորհրդային Հայաստանում ԽՍՀՄ քաղաքական բռնությունների շրջանում բռնադատվածների մասին «Գիրք հիշողության» տեղեկատուի երկու հատորները՝ շուրջ 23000 անձի մասին տեղեկություններով:
- Աննախադեպ ծավալների դաշտային ազգագրական հետազոտական աշխատանքներ են կատարել ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում: Կատարված և ընթացող ուսումնասիրություններով փաստագրվել, վերլուծվել և գնահատվել են Հայաստանում մշակութային, գյուղական և էթնիկ տուրիզմի զարգացման հնարավորությունները, որոնց հիման վրա մշակվելու են զբոսաշրջության զարգացման ռազմավարական և ընթացիկ ծրագրեր:
- Ավարտվել են Արենի 1 քարայրի` որպես զբոսաշրջության օբյեկտի թանգարանացման առաջին փուլի՝ ցանկապատման, լուսավորության կազմակերպման, անցուղիների և օժանդակ շինության կառուցման, տեղեկատվական վահանակների պատրաստման և տեղադրման աշխատանքները:
- Ինստիտուտում լրամշակված «Քոչարի. ավանդական խմբապար» ("Kochari, traditional group dance") հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
- Վերականգնվել և թանգարանացման համար նախապատրաստվել են 900 անուն պատմամշակութային մեծ արժեք ունեցող գտածոներ:
Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
- Պատրաստվել և հրատարակվել են՝ «Նոր բառեր», «Հատուկ անունների ուղղագրական բառարան», «Անհարկի փոխառյալ բառերի հայերեն համարժեքների բառարան» բառարանները, կազմվել է «Հայոց լեզվի ուղեցույց»:
Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
- Առաջարկվել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում թույլատրել արագացված ամորտիզացիայի կիրառումը և էներգիայի մասնավոր ցրված հզորությունների կառուցման խթանման նպատակով էներգիայի կուտակման կայաններին էլեկտրաէներգիայի վաճառքի և հետգնման գնի երաշխավորված մարժայի սահմանումը: Մշակվել են առանց լիցենզիայի ինքնավար արևային կայանների գործունեության խթանման մեխանիզմներ` հիմնված արտադրված էներգիայի գնման սակագնի սանդղակի և վարկային միջոցներով կառուցված հզորությունների վարկի դիմաց հաշվարկված տոկոսադրույքը ֆիզիկական անձանց վճարած եկամտային հարկից փոխհատուցելու տարբերակի վրա, հիմնավորվել է «կանաչ սերտիֆիկատների» ներդրման արդյունավետությունը և հիդրոակումուլյացիոն հզորությունների գործարկման անհրաժեշտությունը։
- Գործարարության դյուրինության ինդեքսի բարելավմանն ուղղված վերլուծությամբ ցույց է տրվել, որ անհրաժեշտ է բարելավել շինարարության թույլտվության ստացման, էլեկտրաէներգիայի միացման, փոքր ներդրողների պաշտպանության, հարկերի վճարման, պայմանագրերի կիրարկման և վեճերի քննման ընթացակարգերը: Հայաստանի ներդրումային ներուժի և ներդրումային ռիսկի գնահատման արդյունքով պարզվել է, որ առավել մտահոգիչ են ՕՈՒՆ ներհոսքի, 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի, աղքատության, բիզնեսի կողմից վճարվող հարկերի ցուցանիշները:
- «Ռազմարդյունաբերության, նորարարությունների և տնտեսական աճի միջև փոխկապվածությունները փոքր բաց տնտեսությունում (ՀՀ օրինակով)» թեմայի շրջանակներում ՀՀ օրինակով տեղայնացվել է ռազմարդյունաբերության զարգացման հիմքով տնտեսական աճի էական ցուցանիշներ արձանագրած փոքր բաց տնտեսությամբ որոշ երկրների (Իսրայել, Հարավային Կորեա, Սինգապուր) հաջող փորձը։
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն 27.03.2018թ. |