News
14/11/2017
Կյանքից հեռացավ ճանաչված երկրաբան Արկադի Կարախանյանը

   2017 թ-ի նոյեմբերի 13-ին 66 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ ճանաչված երկրաբան, մեծ հեղինակություն վայելող գիտնական, 2006-2017 թթ-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, 2017 թ-ից նույն ինստիտուտի երկրամոնիտորինգի և երկրահնագիտության լաբորատորիայի վարիչ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արկադի Ստեփանի Կարախանյանը:
   Արկադի Կարախանյանի մահը մեծ կորուստ է Հայաստանի գիտության և հատկապես երկրաբանական գիտության համար: Նրա բազմամյա ուսումնասիրություններն ակտիվ տեկտոնիկայի, սեյսմատեկտոնիկայի և երկրաբանական տարբեր վտանգավոր երևույթների` երկրաշարժերի, սողանքների հետազոտման  և նրանց ռիսկի գնահատման ոլորտներում ստացան բարձր հնչեղություն միջազգային երկրաբանական հանրության շրջանում և բերեցին մեծ հեղինակություն Հայաստանի գիտությանը: Արկադի Կարախանյանը բազմիցս հրավիրվում էր հետազոտական աշխատանքների Իրան, Վրաստան, Կիպրոս, Սիրիա, Եգիպտոս, Ռուսաստան, Ղազախստան և այլ երկրներ: Նա հանդիսանում  էր ատոմակայանների սեյսմիկ վտանգների գնահատման ԱԷՄԳ (МАГАТЭ) միջազգային փորձագետ:

20171114_body.jpg
   Արկադի Կարախանյանը հաջողությամբ ղեկավարում և իրականացնում էր գիտա-կիրառական ծրագրեր, որոնք ունեն մեծ նշանակություն Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, մասնավորապես՝ Երևան, Գյումրի, Դիլիջան, Կապան քաղաքների և այլ բնակավայրերի և առանձնապես Հայկական ատոմակայանի նոր բլոկի շինարարության համար նախատեսվող տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատման գործում: Արկադի Կարախանյանի անվան հետ է կապված ակտիվ տեկտոնիկայի,  պալեո և արխեոսեյսմաբանության դպրոցի հիմնադրումը և զարգացումը Հայաստանում:Արկադի Կարախանյանի ղեկավարությամբ պաշտպանվել են 6 թեկնածուական ատենախոսություններ:  Նա հեղինակ է շուրջ 70 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 3 մենագրությունների, որոնք հրատարակվել են ամենահեղինակավոր միջազգային ամսագրերում և հրատարակչություններում: Մասնակցել և ղեկավարել է INTAS, CRDF, NATO, ISTC, PEER և այլ միջազգային գիտահետազոտական ծրագրեր, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ բազմաթիվ թեմաներ, ինչպես նաև՝ շուրջ 16 գիտա-արտադրական նախագծեր:
   Արկադի Կարախանյանի՝ ճանաչված գիտնականի, գիտության  կազմակերպչի, ազնիվ, համակրելի և կենսուրախ անձնավորության կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:
   ՀՀ ԳԱԱ Նախագահությունը, Քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը հայտնում են խորը ցավակցություն Արկադի Կարախանյանի մահվան կապակցությամբ:
   Արկադի Կարախանյանի հուղարկավորությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 15-ին` ժամը 13:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   14.11.2017թ.