Սույն թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Քաղաքական բռնությունները Հարավային Կովկասում խորհրդայնացումից մինչև 50-ական թթ. պատմություն, մշակույթ, հիշողություն» միջազգային գիտաժողովը:
Այն նվիրված է ԽՍՀՄ-ում խորհրդանշական 1937թ-ից մեկնարկած ստալինյան բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների «Մեծ տեռորի» 80-րդ տարելիցին: Գիտաժողովը մեկտեղել է խորհրդային ժամանակաշրջանի ուսումնասիրությամբ զբաղվող պատմաբաններին, ազգագրագետներին, սոցիոլոգներին, մշակութաբաններին, քաղաքական գործընթացների վերլուծաբաններին և բոլոր շահագրգիռ հետազոտողներին` քննարկելու Հարավային Կովկասում խորհրդային տարիների քաղաքական բռնությունները, ներկայացնելու տվյալ ժամանակահատվածի բիրտ քաղաքանության վերաբերյալ նոր ուսումնասիրությունները:
Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից: Կներկայացվի 29 զեկուցում` նվիրված հետևյալ թեմաներին`
- Հարավային Կովկասը 1920-1953 թթ.: Հայտնի և անհայտ էջեր
- Խորհրդահայ պատմագրություն. Հայաստանի խորհրդային շրջանի պատմության վերանայումը արխիվային փաստաթղթերի, բանավոր պատմությունների, այլ աղբյուրների, ԽՍՀՄ քաղաքական բռնությունների շուրջ կատարված նոր ուսումնասիրությունների լույսի ներքո
- 1937-1938 թթ. «Մեծ տեռորը» Հարավային Կովկասի խորհրդային հանրապետություններում
- 1949 թ. հայերի աքսորը Հարավային Կովկասի Խորհրդային Հանրապետություններից և Կրասնոդարի երկրամասից
- Խորհրդային առօրյան քաղաքական բռնությունների պայմաններում
- Ստալինիզմի շրջանի տեռորի հիշողությունը և հուշարձանացումը:
Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը` Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
25.10.2017թ.