News
12/10/2017
Ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանի առթիվ Երևանում անցկացվեց «Կենսաբանական օբյեկտների ինֆորմացիոն պոտենցիալը» միջազգային գիտական նստաշրջանը

   Գիտական հանրությունը նշեց հանրահայտ  ֆիզիոլոգ, գիտության վաստակավոր գործիչ,  էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանը: Լևոն Օրբելու հոբելյանի առթիվ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում մեկնարկեց «Կենսաբանական օբյեկտների ինֆորմացիոն պոտենցիալը» միջազգային գիտական նստաշրջանը: Նստաշրջանին մասնակցեցին գիտնականներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Միջոցառմանը մասնակցեցին Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին, և  ֆիզոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը:

20171012-main.jpg
   ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանը ներկայացրեց Լևոն Օրբելու դերը ֆիզիոլոգիայի ինստիտուտի կայացման և զարգացման գործում: ՀՀ ԳԱԱ նախագահության կողմից նստաշրջանը ողջունեց ՀՀ  ԳԱԱ Բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը:Նա իր ելույթում մասնավորապես ասաց. «Լևոն Օրբելու հանճարն այն է, որ նա առաջինը մշակեց ֆիզիոլոգիական գիտության ինֆորմացիոն պոտենցիալը: Նա զարգացրեց ֆիզիլոգիայում էվոլուցիոն և ֆիզիկաքիմիական մոտեցումները: Լևոն Օրբելու վաստակը նաև այն է, որ նա կարողացավ Խորհրդային Միությունում կենսաբանական գիտությունների զարգացման համար դժվարին 40-50-ական թվականներին պահպանել իր կողմից ստեղծված ֆիզիոլոգիական գիտության նորագույն ուղղությունները»:

20171012-4.jpg
   Լևոն Օրբելու և Կոնրադ Լորենցի կյանքից և գործունեությունից ուշագրավ դրվագներ ներկայացրեցին Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին և Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը:

 20171012-2.jpg 
   Լևոն Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օրբելին կարևոր ավանդ ունի  Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում և ստեղծել է Հայաստանում ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ Ֆիզոլոգիայի ինստիտուտը:

20171012-3.jpg
   Այս սեմինարի ընթացքում կներկայացվի 14 զեկուցում: Սեմինարն ունի շարունակական բնույթ և հաջորդ նստաշրջանը տեղի կունենա հաջորդ տարի Սանկտ-Պետերբուրգում:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   12.10.2017թ.