News
28/03/2025
ՆԱՏՕ-ի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի մարտի 31-ին՝ ժամը 09:20-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կլոր դահլիճում (Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Ցածր դոզայով ճառագայթահարման ռիսկերը. ընթացիկ հետազոտություններ և ապագա հեռանկարներ» («Low dose radiation risks: present research and future perspectives») խորագրով միջազգային գիտաժողովը։ Միջոցառումը կազմակերպվում է ՄքՄասթեր համալսարանի (Կանադա) և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի նախաձեռնությամբ և իրականացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի աջակցությամբ։

Գիտաժողովի հիմնական նպատակն է հավաքագրել գիտական տվյալներ, մշակել հնարավոր ուղիներ  ռիսկերի գնահատման, կանխարգելման և նվազեցման համար։ Սա հնարավորություն կտա ձևավորել առավել հստակ մոտեցումներ ճառագայթային պաշտպանության ոլորտում։

Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝

  • Ցածր դոզայով ճառագայթահարման կենսաբանական ազդեցությունը
  • Ռադիոէկոլոգիա
  • Էկոթունաբանության և կենսամարկերների դերը ռիսկերի գնահատման մեջ
  • Ճառագայթային պաշտպանության ժամանակակից մոտեցումները
  • Կարգավորող մարմինների և գիտական համայնքի փոխգործակցության հեռանկարները։

Գիտական զեկուցումներով հանդես կգան առաջատար գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Կանադայից, Հայաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից,  Նորվեգիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 2-ը ներառյալ։

Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
28․03․2025թ․