| ||||||||
Քչերին է վիճակվել դասվել հայագիտության մեծերի շարքում, համաշխարհային ճանաչում ու համբավ ձեռք բերել և իր ժողովրդի հետ հավերժ ապրել: Այդ մեծերից է Հրաչյա Հակոբի Աճառյանը: Ծնվել է 1876թ. մարտի 8-ին Կոստանդնուպոլսում: Ավարտել է տեղի Կեդրոնական վարժարանը, ապա 1895թ. մեկնել է Փարիզ՝ սովորելու Սորբոնի համալսարանում: 1898թ. եկել է Անդրկովկաս և զբաղվել մանկավարժական ու գիտական գործունեությամբ: Որպես ուսուցիչ աշխատել է Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում: Երբ հիմնադրվել է ԵՊՀ-ը, նրան հրավիրել են որպես հայագիտական, լեգվաբանական ու արևելագիտական առարկաների դասախոս: 1943թ., երբ հիմադրվել է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան, Հ. Աճառյանը ընդգրկվել է ակադեմիայի հիմնադիր անդամների կազմում: Նա նաև Փարիզի լեզվաբանական միության անդամ էր, Չեխոսլովակիայի Արևելյան գիտությունների ինստիտուտի թղթակից անդամ: Հ. Աճառյանը գիտության այն երախտավորներից է, որոնց հիմնարար աշխատությունները հայագիտության և լեզուների համեմատական քննության բազմազան ոլորտներում ելակետ և ուղենիշ են եղել ու դեռ պիտի ուղենիշ լինեն հայ լեզվաբանների ու բանասերների սերունդների համար։ Գիտնականի կյանքը հարթ չի ընթացել. կրել է եղեռնի հետևանքներն ու աստանդական կյանքի դժվարությունները, ճաշակել է ծանր աշխատանքով հաց վաստակելու «դառնությունն ու քաղցրությունը» և ի վերջո հանգրվանել մայր հայրենիքում ու իր ամբողջ կյանքը նվիրել հայրենի գիտության զարգացմանն ու առաջընթացին։ Եվ զարմանալի չէ, որ իր բազմաբեղուն կյանքի ընթացքում նա վաստակել է գիտական կոչումներ, վայելել իր աշակերտների ու գործընկերների անկեղծ հիացմունքն ու սերը։ Աճառյանը հսկա ու առհավետ կենդանի մի հուշակոթող է կերտել 60-ամյա տքնաջան աշխատանքով. այդ կոթողը հայագիտությունն է, պատվանդանը՝ 250-ից ավելի գիտական աշխատանքները, որոնց ձեռագրերի էջերի թիվը հասնում է 32 հազարի, և այս բոլորը, ակադեմիկոս Գ. Ջահուկյանի բնութագրմամբ՝ «մասնագիտական ամենաբարձր որակումով, ամենաբծախնդիր ճշգրտությամբ, վիրտուոզության հասնող նրբությամբ և պարզ ու հստակ շարադրելու մեծ վարպետությամբ»: Թե՛ օտար և թե՛ հայ նշանավոր գիտնականները Հ. Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք են համարում, իսկ կյանքը` բացառիկ լեգենդ ու հրաշք: Ավետիք Իսահակյանը նշում է. «Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք է. քանի դեռ երկրի երեսին ապրում է գեթ մեկ հայ, կհիշվի մեծատաղանդ լեզվաբան Հրաչյա Աճառյանը»: Իրոք, հայերենագիտության մեջ չկա որևէ բնագավառ, որտեղ Աճառյանն իր հիմնարար ներդրումը չունենա և իր վճռական խոսքն ասած չլինի: Նա հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի փորձառական հնչյունաբանության գիտաճյուղերի հիմնադիրն է: Հ. Աճառյանի ընդհանուր լեզվաբանական հայացքներն արտացոլված են նրա «Լիակատար քերականության» և «Հայոց լեզվի պատմության» մեջ։ Հրաչյա Աճառյանը երկրորդ կնոջ՝ տիկին Սոֆիկի և դստեր ̀ Քնարիկի հետ Լինելով Ա. Մեյեի աշակերտը՝ Հ. Աճառյանը պատկանում էր լեզվաբանության մեջ սոցիոլոգիական կամ հանրաբանական ուղղության փարիզյան դպրոցին, համեմատական լեզվաբանության մեջ ներկայացնում էր դրա դասական մակարդակը, լեզվի պատմական զարգացման ընթացքի մեկնաբանության մեջ կողմնակից էր էվոլյուցիոնիստական (հարաշրջականության) տեսությանը։ Դեռ երիտասարդ տարիներին ծրագրել էր ստեղծել մի աշխատություն՝ նվիրված ինչպես ընդհանուր լեզվաբանությանը, այնպես էլ հնդեվրոպական լեզուների ու հայերենի համեմատական և պատմական քերականությանը: Իր տեսակի մեջ եզակի «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» բազմահատոր աշխատությունը նվիրված է հայերենի պատմահամեմատական, մասամբ նաև տիպաբանական քննությանը։ Հայերենի քերականության յուրաքանչյուր առանձնահատկություն հեղինակը քննում է նախ՝ ընդհանուր լեզվաբանական տեսակետից՝ պարզելու տվյալ երևույթի դրսևորումներն աշխարհի լեզուներում, այնուհետև՝ այդ նույն երևույթը ավելի հանգամանորեն ներկայացնում է հնդեվրոպական լեզուներում: Այդ նկարագրությունը կազմում է աշխատության համեմատական քերականության բաժինը, ապա Հ. Աճառյանն անցնում է հայերենին՝ քննելով հայերենում այդ երևույթի ընդհանրություններն ու տարբերությունները հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ, և վերջապես ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է հայերենի լեզվանյութը տարածաժամանակային համապարփակ ընդգրկումով՝ անդրադառնալով դրա գրաբարյան, միջինհայերենյան, աշխարհաբարյան և բարբառային դրսևորումներին, այսպիսով ամբողջացնելով երևույթի եռակողմ նկարագրությունը՝ ընդհանուր լեզվաբանական, պատմահամեմատական և բուն հայերենագիտական մոտեցումներով։ Այս գործը հնարավոր չէ շրջանցել հայերենին նվիրված քիչ թե շատ ամբողջական ուսումնասիրություն ձեռնարկելիս։ Հ. Աճառյանի գիտական աշխատությունների մեջ ուրույն տեղ ունի «Հայոց լեզվի պատմությունը»՝ երկու հատորով՝ 963 տպագիր էջ(1940, 1951), որոնցում հեղինակն ուսումնասիրում է հայոց լեզվի ծագման, հնդեվրոպական լեզուների ընտանիքում նրա գրաված դիրքի հարցերը, տալիս է հայերենի բառապաշարի ծագումնաբանական դասակարգումը՝ բաժանելով այդ բառապաշարը բնիկ՝ հնդեվրոպական ծագման բառերի, հնագույն և նոր փոխառությունների և անհայտ ծագման բառերի։ Ճիշտ է, Հ. Աճառյանից առաջ եվրոպացի և հայ մի շարք գիտնականներ՝ Պետերման, Անտուան Մեյե, Յոզեֆ Կարստ, Հայնրիխ Հյուբշման, Հոլգեր Պեդերսըն, Արսեն Բագրատունի, Արսեն Այտնյան, Հակովբոս Տաշյան, Քերովբե Պատկանյան, Ղևոնդ Հովնանյան և այլք, զբաղվել են հայերենի ցեղակցության, նրա հնդեվրոպական բառապաշարի ու քերականական կառուցվածքի տարբեր հարցերով, բայց հայոց լեզվի պատմության հանգուցային հարցերի լուծումը վիճակված էր Հ. Աճառյանին: Ինչպես վկայում է Հ. Բարսեղյանը, «Հ. Աճառյանը հայոց լեզվի պատմությունը ստեղծում է վերոհիշյալ հեղինակների գիտական աղբյուրների ու սրանց նվաճումների ընդհանրացմամբ, հայոց լեզվի տարբեր փուլերի ու հատվածների սեփական տքնաջան քննությամբ՝ իր ողջ գիտական բեղմնավոր ժառանգության մեջ»: Հ. Աճառյանի այս աշխատանքը բարձր է գնահատվել դեռևս 20-րդ դարի 30-ական թթ. և ձեռագիր վիճակում 1934-ին արժանացել է Երուսաղեմի պատրիարքարանի «Եղիշե Դուրյան» առաջին մրցանակի: Ինչպես նշում է ինքը՝ հեղինակը, «Հայոց լեզվի պատմությունը» բառամթերքի ուսումնասիրության ու ստուգաբանության տեսանկյունից «Արմատական բառարանի» շարունակությունն է, որի բազմաթիվ տվյալները ճշգրտված ու համաձայնեցված են իր ուսուցիչներ Հյուբշմանի և Մեյեի հետ:
Նշված մենագրության մեջ հեղինակը ներկայացնում է նաև գրական հայերենի պատմական զարգացումը՝ առանձնացնելով հին, միջին և նոր կամ ժամանակակից շրջաններ, տալիս է դրանցից յուրաքանչյուրի բնորոշ առանձնահատկությունների նկարագրությունը և լեզվական փոփոխությունների ընթացքն ու զարգացման միտումները։ Մասնավորապես խոսակցական ու գրական հայերենի տարանջատման և հետգրաբարյան շրջանի հետագա զարգացմամբ մի քանի տասնյակ բարբառների և գրական արևմտահայերենի ու արևելահայերենի գոյացման բնականոն ընթացքի մասին Հ. Աճառյանի եզրակացություններն իրենց գիտական հավաստիությունը, վերահաստատումն ու հետագա զարգացումն են գտնում Գ. Ջահուկյանի աշխատություններում, հատկապես հայերենի պատմության շրջանաբաժանման՝ նրա առաջադրած տեսության մեջ, տեսություն, որով հայերենագիտությունը ավելի քան 5 տասնամյակ առաջնորդվում է իր գիտական քննությունների ու որոնումների ասպարեզում: Կյանքի վերջին 30 տարում ապրելով Հայաստանում և դասավանդելով Երևանի պետական համալսարանում՝ մեծ գիտնականը ընկալել է, որ ազգային լեզուն անխզելիորեն կապված է տվյալ ազգի հայրենիքի հետ, որտեղ այն ունի պետական լեզվի կարգավիճակ և միասնական է հայրենիքի ու սփյուռքի ողջ հայության համար: Անվանի լեզվաբանների տեսակետն է, որ Հ. Աճառյանի աշխատությունների գլուխգործոցը կամ թագն ու պսակը «Հայերէն արմատական բառարանն» է: Մի՞թե չի կարելի գլուխգործոց համարել «Լիակատար քերականությունը», «Հայոց լեզվի պատմության» երկհատորյակը, «Հայոց անձնանունների բառարանի» հինգ հատորները, «Հայերենի գավառական բառարանը», բարբառագիտական հետազոտությունները, «Հայոց գրերը» աշխատությունը, որոնք, իրավամբ, դարակազմիկ աշխատանքներ են և հեղինակի համար ուրույն տեղ են ապահովում համաշխարհային լեզվաբանության մեջ: Հ. Աճառյանը Արմատականի հիմքերը դրել է դեռևս աշակերտական տարիներին՝ Սամաթիայի Թաղային վարժարանում սովորելիս, և իր կյանքի 40 տարիների ընթացքում անընդհատ համալրել, հարստացրել, ճշգրտել ու մշակել և ամբողջական արդյունքը ամփոփել է յոթ ստվար հատորներից բաղկացած մի ծավալուն աշխատության մեջ, որն անվանել է «Հայերեն արմատական բառարան»: Վեցերորդ հատորը (1926-1932) բազմացված է ապակետիպով, որի բնագիրն ամբողջությամբ գրել է հեղինակը, 7-րդ հատորը՝ որպես հավելված տպագրվել է Պետհրատի տպարանում (1935թ.): Արմատական բառարանի առաջին երեք հատորները լույս է ընծայել Երևանի պետական համալսարանը, իսկ մյուսները՝ Մելքոնյան ֆոնդը: Ապակետիպով տպված վերջին հատորի վերջին էջում Աճառյանը նշել է իր ծանր աշխատանքի ավարտման ոչ միայն տարին, ամիսը, օրը, այլև ժամը.«1932, դեկտեմբեր 21, ժամը երեկոյան 10: Ընդամենը 8344 էջ»: Աշխատանքը պարունակում է ավելի քան 11 000 արմատների նկարագրությունը ըստ ծագման, բառակազմական հարստության, այսինքն՝ յուրաքանչյուր արմատից ածանցված և բարդված բառերի առկայության, տարընթերցումներով և բարբառային տարբերակներով, դրանց ստուգաբանության պատմությամբ և այլ հատկանիշներով։ Այդ արմատներից նա ստուգաբանել է 5062-ը, որոնցից 927-ը բնիկ հայկական են, հնդեվրոպական ծագում ունեն, 2221 բառ Հ. Աճառյանը անվավեր է համարում (անստույգ), 3680-ը՝ մեկնված չեն: Այդ արմատների ստույգ լինելն ու ճշգրտությունը Հ. Աճառյանը կատարել է Սորբոնի համալսարանի իր ուսուցիչներ-պրոֆեսորներ Հյուբշմանի և Անտուան Մեյեի կարծիքները նկատի ունենալով: Ընդ որում Մեյեին հրավիրել էր Հայաստան: Մեյեն շատ գոհ էր մնացել Հայաստանից, հայ ժողովրդից, հատկապես Շուշիից և Էջմիածնի մատենադարանից ու Հոգևոր ճեմարանից: Բարձր գնահատելով իր սանի տքնաջան աշխատանքի արդյունքը՝ Մեյեն նշում է, որ ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան, իսկ Է. Աղայանը «Արմատական բառարանը» համարում է հայկական բառաքննության հանրագիտարան: Բանասիրական և ստուգաբանական բնույթ ունի նաև «Հայոց անձնանունների բառարանը»՝ հինգ հատորով, որում ներկայացվում են V-ից մինչև XV դարը հայ մատենագրության մեջ արձանագրված անձնանունները ստուգաբանական քննությամբ և այդ անունները կրող պատմական անձանց մասին համառոտ տեղեկություններով։ Պատահական չէ, որ Է. Աղայանը «Հայոց անձնանունների բառարանը» դիտում է որպես Արմատական բառարանի լրացում։ Այն բացառիկ նշանակություն ունի ինչպես հայ լեզվաբանության և հայ բանասիրության, այնպես էլ հայոց պատմության համար: Բառարանի 4 հատորները հրատարակվել են 1942-1948թթ., իսկ 5-րդը՝ հեղինակի մահից հետո՝ 1962-ին: 5 հատորների ընդհանուր էջերի թիվը 3138 է: Ճիշտ են Հ. Աճառյանի կենսագիրները, երբ նշում են, որ «Հայոց անձնանունների բառարանը» նույն նշանակությունն ունի հայոց պատմության համար, ինչ որ Հայկազյան բառարանը հայոց լեզվի համար: Հայտնի է, որ անձնանուններից բացի մեծանուն գիտնականը զբաղվել է նաև տեղանունների բառարանի կազմությամբ, սակայն ամբողջացրել է միայն անձնանունների բառարանը: Տեղանունների հավաքման գործը, ցավոք, անավարտ է մնացել, հասցրել էր քարտագրել միայն 1500 տեղանուն: Հ. Աճառյանի բառագիտական-բառարանագրական գործունեությունը նշված բառարաններով չի սպառվում: Կարևոր է նրա ղեկավարությամբ և մասնակցությամբ կազմված «Ռուս-հայերեն շինարարական տերմինների բառարանը», որն ընդգրկում է մեծ քանակությամբ նոր բառեր ու բառակապակցություններ: Լույս է տեսել Երևանում 1928թ.: Մանուկ Աբեղյանի և Գ. Ղափանցյանի հետ մասնակցել է նաև «Երկաթուղային տերմինների բառարանի» ստեղծման աշխատանքներին: Հ. Աճառյանը հեղինակել է նաև գրաբար-բարբառային և առանձին բարբառային բառարաններ, որոնք կցված են հայ բարբառներին նվիրված նրա աշխատություններին: Բարբառագիտությունը Հ. Աճառյանի գիտական գործունեության անկապտելի մասն է եղել՝ սկսած աշակերտական տարիներից մինչև կյանքի վերջին օրերը: Մեծ հայագետի բարբառագիտական գործունեությունը ծավալվել է երեք հիմնական ուղղություններով՝ բառերի հավաքում, հայերեն բոլոր բարբառների տեղի, դիրքի և հիմնական հատկանիշների որոշում, բարբառային միավորների նկարագրություն՝ ծավալուն մենագրությունների ձևով: Նա կազմում է հայերենի բարբառագիտական քարտեզը, տալիս հայ բարբառների ձևաբանական դասակարգումը և փորձառական եղանակով քննում բարբառների հնչյունաբանությունը: Բարբառների քննության հնչյունական առանցքը համարում է պատմական և փոխազդեցական հնչյունափոխության երևույթները: Իսկ իր հայտնաբերած Հնչյունական օրենքը Հ. Աճառյանը համարում է իր բոլոր բարբառագիտական աշխատանքների պսակը: Այդ օրենքը վերաբերում է ա-ի քմայնացմանը, որի մասին գրում է իր «Վանի բարբառը» աշխատության մեջ և ափսոսանք է հայտնում, որ այդ օրենքը հայտնագործել է միայն 1911թ.: Հ. Աճառյանի շնորհիվ հայ բարբառագիտությունը առանձնացվում է որպես ինքնուրույն գիտակարգ: Նրա բարբառագիտական առաջին աշխատանքը «Քննություն Ասլանբեկի բարբառի» լույս է տեսնում 1898-ին «Բազմավէպի» տարբեր համարներում, այնուհետև՝ 1899-ին՝ «Քննություն Սուչավայի բարբառի»՝ կրկին «Բազմավէպում», նույն թվին «Արարատ» ամսագրում լույս է տեսնում «Քննություն Ղարաբաղի բարբառի» երկը: Այս վերջինը հրատարակվում է նաև 1902թ. Մեյեի ամփոփումով: Այնուհետև լույս են տեսնում Աճառյանի՝ բարբառագիտությանը նվիրված աշխատությունները՝ «Ուսումնասիրություններ հայկական գավառաբանության» (1898), «Հայերենի փոխառյալ բառերը ու կոչ մը գավառացի բանահավաքներուն» (1898), «Ուսումնասիրություններ հայկական բարբառախոսության» (1901), «Բարբառախոսության օգուտները և մատենախոսական «Եվդոկիո գաւառաբարբառ»-ին (1901): Բարբառներում օտար փոխառությունների համար Հ. Աճառյանը կազմել է երկու բառարան, որոնք մինչև օրս, կարելի է ասել՝ եզակի են իրենց տեսակի մեջ: Առաջինը «Թուրքերենէ փոխառյալ բառեր հայերենի մեջ» (1902) աշխատությունն է, որ պարունակում է թուրքերենի միջոցով հայերենին անցած 4000-ից ավել օտար բառեր, որոնք կան Կ. Պոլսի, մասամբ նաև Նոր Նախիջևանի, Վանի, Ղարաբաղի բարբառներում: Մյուսը՝ «Եվրոպական փոխառյալ բառեր հայերենի մեջ», որ հրատարակվել է նախ՝ «Հանդէս ամսօրեայի» 1947-1950թթ. համարներում, թեպետ հեղինակն այն ավարտել էր 1921-ին, սակայն առանձին գրքով լույս է տեսնում 1951թ. Վիեննայում: Նշված բառարանները ժամանակին բարձր են գնահատել մասնագետները: «Կյանքիս հուշերից գրքում» Հ. Աճառյանը գրում է, որ երբ «Թուրքերենէ փոխառեալ բառեր հայերէնի մէջ» աշխատության մի օրինակ ուղարկում է Հյուբշմանին, վերջինս ի պատասխան գրում է. «Ձեր այս գիրքը իմ Armenische Grammatik աշխատության շարունակությունն եմ համարում»: 1909թ. Հ. Աճառյանը Ֆրանսերեն հրատարակում է «Հայ բարբառների դասակարգումը», որի հայերեն վերամշակված տարբերակը լույս է տեսնում 1911-ին: Այդ աշխատանքը ներկայացվել է Սորբոնի համալսարանին որպես դոկտորական ատենախոսություն: Գրքին կցված էր նաև հայ բարբառների քարտեզը: Հետաքրքիր են Կարստի և Մեյեի կարծիքները: «Գիրքը, հակառակ իր ծավալին, կոչված է հիմնադիր լինել նոր հայ բարբառների գիտության:-Գրում է Կարստը,- Եվ երբ, ինչպես հույս ունինք, շուտով հայ բարբառագիտության ընդարձակ դաշտը կփայլի իր կատարյալ ծաղկման մեջ, փոքր չի լինի բնավ Հ. Աճառյանի՝ ձևով համեստ, բայց ճանապարհ բաց անող այս աշխատության արժանիքը»: Մեյեի գնահատականը Հ. Աճառյանին բարձրացնում է համաշխարհային մակարդակի.«Պրոֆ. Աճառյանը, -գրում է Մեյեն,- միակ անձն է աշխարհում, որ կարող էր գրել այսպիսի գիրք: Նա, անշուշտ, միակն է, որ ծանոթ է նյութի եզականապես ցրված մատենագիտության հետ, ապահովապես նա միակն է, որ ունի անձնական դիտողությանց այն պաշարը, որի հետքը ամեն րոպե երևում է այս դասավորության մեջ»: Հրաչյա Աճառյանը ուսանողների հետ 1913թ. Թիֆլիսում լույս է տեսնում «Հայերեն գավառական բառարանը» Էմինյան ազգագրական ժողովածուի Թ հատորում՝ մեկ ներդիր քարտեզով: Սա մեծանուն գիտնականի հետազոտած 31 բարբառների և 70 ենթաբարբառների համահավաք աշխատանք է, որում քննել է իր ուսումնասիրած բարբառներից տարբեր ժամանակներում հավաքած շուրջ 30 հազար բառ: Ըստ Է. Աղայանի՝ «Գավառական բառարանը» լրացնում է «Հայերեն արմատական բառարանի» տվյալները հայերեն բառապաշարի վերաբերյալ: Այդ տվյալները գործածված են նաև «Լիակատար քերականություն» և «Հայոց լեզվի պատմություն» աշխատություններում: Խ. Բադիկյանը նշում է, որ պարզ թվաբանական հաշվարկներով Հ. Աճառյանի հրատարակած՝ միայն բարբառագիտությանը նվիրված գրքերի էջերի թիվը անցնում է 6500-ը: Բարբառագիտական հետազոտություններով Հ. Աճառյանը մշակում է բարբառների ուսումնասիրության ու նկարագրության մի ուրույն համակարգ, որի սկզբունքները հիմք են դառնում իրենից հետո հայերենի բարբառներով զբաղվող լեզվաբանների գիտական ուսումնասիրությունների համար (Ա. Ղարիբյան, Է. Աղայան, Հովհ. Մուրադյան): Իսկ ակադ. Գ. Ջահուկյանը միանգամայն նոր խոսք է ասում բարբառագիտության մեջ՝ առաջարկելով բարբառների բազմահատկանիշ դասակարգում: Ինչպես լեզվաբանական բազմաթիվ հարցեր, այնպես էլ հայոց գրերի ստեղծումը հետաքրքրել է Հ. Աճառյանին դեռևս ուսուցչական տարիներից: Հայոց գրերին ու Մաշտոցին նվիրված է հսկայական գրականություն, որի մեջ առանձնանում են Հ. Աճառյանի ուսումնասիրությունները։ Այս գիրքը բաղկացուցիչ մասն է համանուն այն աշխատության, որը դեռ ձեռագիր վիճակում 1905թ. արժանացել էր Լազարյան ճեմարանի մրցանակին։ Հիշյալ աշխատանքը, ինչպես ծանուցում է հեղինակը, բաղկացած է եղել 3 մասից։ Առաջին մասը «Ս. Մեսրոպի ու գիրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց զննությունը» վերնագրով 1907թ. տպագրվել է Փարիզի «Բանասէր» հանդեսում՝ որպես հավելված և ապա արտատպվել առանձին գրքույկով: Երրորդ մասը հատվածաբար տպագրվել է «Հանդես ամսօրյայում»՝ սկսած 1910թ., իսկ 1928թ. Վիեննայում լույս է տեսնում առանձին գրքով՝ «Հայոց գրերը» խորագրով։ Երկրորդ մասը հեղինակի կենդանության օրոք անտիպ էր: Սա էլ, հոդվածաշարի ձևով, սակայն ոչ լրիվ, տպագրվել է «էջմիածին» պարբերականում (1958-1962թթ.)։ Հ. Աճառյանի «Հայոց գրերը» ամբողջական աշխատությունը Է. Աղայանի խմբագրությամբ հրատարակել է Երևանի պետական համալսարանը 1984թ.: Գիրքը բաղկացած է 3 մասից, 685 տպագիր էջից և ունի 4 ներդիր ցուցակ: Հ. Աճառյանի այս հետազոտությունը լավագույնը և ամբողջականն է մինչև այժմ հրատարակված այն բոլոր ուսումնասիրություններից, որոնք նվիրված են Մեսրոպ Մաշտոցի կենսագրությանը, հայ գրերի գյուտին, հայ գրերի պատմությանը և աղբյուրների քննությանը:
Մեսրոպ Մաշտոցի կենսագրությանը նվիրված է գրքի մոտ հինգ վեցերորդ մասը (էջ 69-400)։ Սա ըստ ամենայնի գիտական կենսագրություն է հարակից բազմաթիվ հարցերի ընդգրկումով և ամենահանգամանալիցն է մինչ այժմ եղածների համեմատությամբ։ Հեղինակն օգտագործել է այս ուղղությամբ բանասիրության ձեռք բերած նվաճումները, անդրադարձել է հարցերի, որոնք մասնագետների հետազոտություններում կա՛մ ճիշտ լուծում չեն ստացել, կա՛մ էլ որոշ դեպքերում ժամանակին պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Աշխատության երեք քառորդը նվիրված է հայոց այբուբենի ստեղծմանը: Հանգամանորեն քննելով պատմիչների վկայությունները հայոց տառերի ստեղծման շարժառիթների, ընթացքի, տառերի թվի, անջատական և կցական այբուբենների տարբերության, հայերենի անջատական լինելու առանձնահատկությունների, ձայնավորների դերի, տարբեր այբուբեններից Մաշտոցի օգտվելու և այլ հարակից հարցերի մասին` Հ. Աճառյանն անդրադառնում է հայոց գրերի համեմատությանը օտար այբուբենների հետ: Այս բաժնում ի հայտ է գալիս հեղինակի բացառիկ իրազեկությունը հնագույն բոլոր տառերի ոչ միայն արտաքին ձևի, այլև տվյալ լեզվում նրա ունեցած հնչյունական դերի, տարբեր ժողովուրդների գրի արվեստի առանձնահատկություններին: Նվազ արժեքավոր չեն նաև «Հայոց գրերը» գրքի վերջին գլուխները՝ «Մեսրոպյան գիրերու դասավորութիւնը», «Գիրերու անունները», «Մեսրոպյան գիրերու հնչումը կամ արժեքը», «Մեսրոպյան գիրերու տեսակները և զարգացումը»: Այս բոլոր հարցերը գիտնականը քննում է նույն սկզբունքով, ինչպես նախորդ գլուխներում, այսինքն՝ տարբեր լեզուների համեմատությամբ, ներքին օրինաչափության բացահայտումով: Հ. Աճառյանի գրչին են պատկանում բանասիրական, գրականագիտական, տեքստաբանական բնույթի հետազոտություններ: Մեծ գիտնականին հետաքրքրելեն նաև հայոց պատմության, գրականության, հայ բանահյուսության հարցերը։ Դեռևս Թավրիզում աշխատելու տարիներին (1901թ.) Լազարյան ճեմարանը մրցույթ էր հայտարարել «Հայ գաղութների պատմություն» աշխատության վերաբերյալ (ժամկետը 2 տարի էր): Հ. Աճառյանի նման աշխատասեր ու պրպտող գիտնականի համար սկսվում է հետազոտության մեկ այլ բնագավառ: Նա սկսում է հավաքել հայ գաղութների վերաբերյալ եղած բոլոր տեղեկությունները, հուշագրությունները, ձեռագրերի հիշատակարանները, շիրմաքարերի ու եկեղեցիների պատերի ու դռների վրա եղած գրառումներն ու արձանագրությունները: Այս ամենը նա համալրում է իր ճամփորդությունների ժամանակ հավաքած նոր տեղեկություններով, լսած զրույցներով ու ավանդություններով: Այնուհետև համակարգում, դասակարգում և գրում է իր նմանը չունեցող «Հայ գաղթականության պատմություն» հսկայածավալ մի աշխատություն, որի հակիճ «Յառաջաբանում» հեղինակը գրում է.«Հարկ համարեցի նորէն կարդալ ամբողջ հին հայ մատենագրութիւնը, հին ձեռագիրներու յիշատակարանները, զանազան արձանագրութեանց և տապանակներու հաւաքածոները, հին և միջնադարյան հեղինակներու գրած բազմաթիւ տաղերը և նոր ժամանակի լրագրութիւնը: Իմ բազմաթիւ ճամփորդութեանց ժամանակ օգուտ քաղեցի տեղական աւանդութիւններէ, լսեցի նոր ժամանակներու պատմական դէպքերը, իսկ նորագոյն ժամանակներուն ինքս իսկ ականատես եղայ, և այս բոլոր արդիւնքը ամփոփեցի աշխատութեանս մէջ»:
Հ. Աճառյանը հանգամանորեն ներկայացնում է իր ուսումնասիրած 58 հայ գաղթօջախների պատմությունը, հայերի ներդրումներն այդ երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, առևտրի և այլ բնագավառներում: Այս պատմական և ազգագրական չափազանց կարևոր աշխատանքը, ցավոք, մեծ գիտնականը տպագրված չտեսավ: Այն հրատարակվել է 2002թ. հեղինակի անունը կրող համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանի ջանքերով: Տարիների ընթացքում մաշված, խունացած ու տեղ-տեղ անընթեռնելի դարձած ձեռագիրը հոգատարությամբ տպագրության է պատրաստել հայագետի դուստր Քնարիկ Աճառյանը: Այն խմբագրել են ճանաչված գիտնականներ պատմաբան, ԳԱԱ ակադեմիկոս Հրանտ Ավետիսյանը և լեզվաբան, բ.գ.դ. Հովհ. Բարսեղյանը: Նշենք նաև, որ այս հսկայածավալ աշխատությունը (766 էջ) 1908-ին արժանանում է Լազարյան ճեմարանի հայտարարած մրցանակաբաշխությանը (2000 ռուբլի): Երբ հեղինակը շարադրում էր այս աշխատանքը, հայ գաղթօջախների մասին գրեթե ոչ մի ամբողջական հետազոտություն չկար: Փաստորեն Հ. Աճառյանն առաջինն է զբաղվել հայոց գաղթականության ամբողջական պատմության ստեղծման հարցերով՝ ստեղծելով մի համապարփակ աշխատանք, որն այսօր էլ չի կորցրել իր կարևորությունը և ունի սկզբնաղբյուրի արժեք: Մեծ գիտնականի ժառանգության անկապտելի մասն են նաև նրա հարուստ նամականին, թարգմանությունները: Հ. Աճառյանի հետազոտության մեթոդներն ու սկզբունքները մեծ ազդեցություն են թողել արդի հայ լեզվաբանության մտքի զարգացման վրա: Այսօր էլ հայերենի պատմահամեմատական ուսումնասիրությունների ոլորտում, հայ բարբառագիտությանն ու հայոց լեզվի պատմությանը նվիրված հարցերի քննության ժամանակ հետազոտողները մշտապես դիմում են նրա աշխատանքներին՝ որպես ամենավստահելի մեկնակետի։ Հ. Աճառյանի աշխատությունների հիմնական արժանիքներից մեկը քննվող նյութի առատության հետ դրա հավաստիության բարձր աստիճանն է։ Հ. Աճառյանի գիտական գործունեությունը, վաստակը գնահատվել է շատերի կողմից, նրանից մեծապես օտվել են հայ լեզվաբանների ու բանասերների շատ սերունդներ։ Հայ լեզվաբանների համար Հ. Աճառյանի կերպարը խորհրդանշական արժեք ունի։ Նա խորհրդանիշ է գիտական անաչառության և անվերապահ նվիրումի գործունեության ի՛ր ընտրած բնագավառին։ Նա խորհրդանիշ է անսահման աշխատասիրության ու քննախույզ մտքի: Հ. Աճառյանն ապրեց յոթանասունյոթ տարի, ապրեց զարմանալով և զարմացնելով, մանկան պես պարզ ու անխարդախ, իմաստունի պես լրջմիտ ու պարտաճանաչ: Ինչպես նշում է Գ. Ջահուկյանը, կարող ենք ասել.«Քանի ապրում է մարդկությունը, կապրի լեզուն ուսումնասիրող գիտությունը, քանի ապրում է լեզվաբանությունը, կապրի հայերենագիտությունը, քանի ապրում է հայերենագիտությունը, կապրի Հրաչյա Աճառյանը»: Մեծանուն հայագետի գիտական վաստակի գնահատանքի տուրք է նաև այն, որ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը կոչվում է նրա անունով։ Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանին նվիրված նյութերի հղումներ
|