| ||||||||
Նշանավոր լեզվաբան Գուրգեն Սևակը ծնվել է 1904թ. ապրիլի 15-ին (հին տոմարով) Թիֆլիսում: 1924թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1928թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Մանուկ Աբեղյանին, Գրիգոր Ղափանցյանին։ 1931-79թթ․ դասախոսել է Երևանի պետական համալսարանում, Երևանի և Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտներում, 1941-46թթ.՝ նաև Բաքվի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1932-40թթ. եղել է պետական տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղար, 1932թ.-ից՝ Էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ, 1937թ.-ից՝ Երևանի պետական համալսարանի հայ-վրացական բանասիրության լսարանի ղեկավար, 1947թ.-ից՝ ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտի՝ նախ ժամանակակից հայոց լեզվի, ապա՝ լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ, 1969թ.-ից՝ ՀՀ ԳԱ նախագահությանն առընթեր գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահը։ Գուրգեն Սևակը էսպերանտո լեզուն սովորել է դեռևս 1921թ., իսկ 1922թ. այդ լեզվով թարգմանել է Թումանյան, Իսահակյան, Շիրվանզադե։ Մասնակցել է էսպերանտիստների համաշխարհային բազմաթիվ կոնգրեսների։ 1955թ. նրա նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում բացվել է էսպերանտական խմբակ։ 1929-36թթ. եղել է Հայաստանի էսպերանտիստների միության կազմակերպիչն ու նախագահը, էսպերանտո լեզվով թարգմանել է Ավ.Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» (1926թ., Լայպցիգ) պոեմը (որից կատարվել են ճապոներեն ու եբրայերեն թարգմանությունները), ինչպես նաև Հովհ.Թումանյանի, Լ.Շանթի, Ե.Չարենցի և այլոց ստեղծագործություններից։ Նրա թարգմանությամբ հայերեն հրատարակվել է Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգին» պոեմը (1949թ.), որն առաջին թարգմանությունն է հայ իրականության մեջ, Մ.Դանիլևսկու «Արյունոտ կիրակին» պիեսը, Մ.Լերմոնտովի «Առագաստ», «Պաղեստինի ոստը» բանաստեղծությունները։ Գ.Սևակը մեծ ու կարևոր դեր է կատարել հայոց լեզվի պետական նորմավորման ասպարեզում։ Նրա ջանքերով է ստեղծվել պետական տերմինաբանական կոմիտեն և նրա կողմից ներկայացված նախագծերով են հաստատվել հայոց լեզվի ուղղագրության, ուղղախոսության, կետադրության, տերմինաբանության ու տառադարձության նորմաները, որոնք, անշուշտ, խոշոր ներդրում են լեզվի կանոնարկման տեսանկյունից։ Գուրգեն Սևակը և իր ուսանողը 1948թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1949թ.-ից՝ պրոֆեսորի): 1956թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1971թ.՝ իսկական անդամ։ Ստացել է նաև Հայկական ԽՍՀ (1961թ.) և Վրացական ԽՍՀ (1970թ.) գիտության վաստակավոր գործչի կոչումներ։ 1941-71թթ. եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը։ Դասախոսել է ժամանակակից հայոց լեզվի տեսություն, ոճագիտություն, աշխարհաբար գրական լեզվի պատմություն, վրացերեն և այլն։ Գիտական գործունեության սկզբնական շրջանում որոշակիորեն տուրք է տվել ժամանակի իշխող մտայնությանը՝ Նիկողայոս Մառի «լեզվի նոր ուսմունքին», սակայն մի քանի հիմնական կետերում քննադատել է այդ ուսմունքը՝ համարելով, որ դա վերջիվերջո հանգեցնում է իդեալիզմի: Գ.Սևակը մահացել է 1981թ. սեպտեմբերի 14-ին Երևանում: Ակադեմիկոս Գուրգեն Սևակի գիտական գործունեությունը հիմնականում ծավալվել է երեք ուղղություններով՝ գիտահետազոտական, գիտամանկավարժական և գիտակազմակերպչական։ Նրա աշխատությունները, որոնց մեծ մասը բարձրագույն ուսումնական հաստատությունների բանասիրական ֆակուլտետների ուսանողների, հայոց լեզվի ուսուցիչների և ընդհանրապես հայ լեզվաբանությամբ զբաղվողների սեղանի գրքերից են, հսկայական դեր են կատարել խորհրդային լեզվաբանության զարգացման, ինչպես նաև բարձրորակ մասնագետների պատրաստման գործում։ Սևակի աշխատություններում դրսևորվում է հեղինակի գիտական ընդհանրացումներ կատարող խորաթափանց միտքը, լեզվաբանական և հայագիտական լայն պատրաստությունը։ Լեզվաբանական տեսական հարցերի մշակման բնագավառում մեծ արժեք ունի նրա «Խոսքի մասերի ուսմունքը» (1939թ.) աշխատությունը, որում հայագիտության պատմության մեջ առաջին անգամ առանձին ուսումնասիրության առարկա է դառնում խոսքի մասերի տեսությունը։ Աշխատությունը միաժամանակ Սևակի թեկնածուական ատենախոսությունն է, որը պաշտպանել է 1939թ.։ «Յուրաքանչյուր դարաշրջան յուր գաղափարախոսության դրոշմն է դնում քերականության վրա, յուրաքանչյուր հասարակական խավ և դասակարգ յուր քաղաքական ու գաղափարական նպատակներին է ծառայեցնում քերականությունը, թեև միշտ չէ, որ այդ խոստովանում են իրենք՝ քերականները», - այսպես է սկսում նոր քերականության ստեղծման անհրաժեշտության հիմնավորումը Գուրգեն Սևակը։ Ըստ Սևակի՝ խոսքի մասերի տարբերակման հիմունք «չեն կարող հանդիսանալ բառերի ո՛չ ձևական, ո՛չ իմաստաբանական-հոգեբանական, ո՛չ բառափոխական- բառակազմական, ո՛չ էլ շարահյուսական հատկանիշները թե՛ առանձին- առանձին և թե՛ միասին վերցրած»։ Նա կարծում է, որ բառերի խոսքիմասային դասակարգումը կատարելիս պետք է վերանալ խոսքից, բառերի ձևավորումից ու շարահյուսական կիրառություններից և ելնել միայն նրանց արտահայտած ընդհանուր իմաստից։ Ասել է թե՝ «Բառերի խոսքիմասային կատեգորիաները պետք է որոշել նրանց լեզվական-իմացաբանական ընդհանուր իմաստով»։ Սևակը մերժում է բառերի՝ նախադասության մեջ ունեցած մասնակցության արժեքով խոսքի մասերը երկու մեծ խմբի՝ ա)«նյութական կամ ինքնուրույն» իմաստ ունեցող կամ «հիմնական», «նշանական» խոսքի մասերի խմբի» և բ)«ձևական» կամ «ոչ ինքնուրույն» իմաստ ունեցող կամ «աննշանակ», «սպասարկու» խոսքի մասերի կամ խոսքի «մասնիկների» խմբի բաժանելու տեսակետը»։ Առանձին օրինակներով աշխատում է ցույց տալ, որ «ձևական» կամ «սպասարկու» խոսքի մասերը կամ խոսքի «մասնիկները» իրենց «լեզվական-իմացաբանական արժեքն ու իմաստն ունեն նաև խոսքից դուրս, այն է՝ լեզվի մեջ»։ Հետևաբար այս կարգի բոլոր բառերն էլ իրենց ինքնուրույն խոսքիմասային «ընդհանուր իմաստն» ունեցող բառեր են։ Գ.Սևակն իր հեղինակած դպրոցական ու բուհական դասագրքերում և տեսական գրականության մեջ նախ ցույց է տալիս խոսքի մասերի տեսական միասնական սկզբունքի բացակայությունը։ Իբրև ֆորմալիզմ է գնահատում ոչ միայն բառերի խոսքիմասային պատկանելությունն ըստ նրանց թեքման ձևաբանական հատկանիշի որոշելը, այլև խոսքի մասերի որոշման շարահյուսական մոտեցումը։ Սևակը հայագետ Մ.Աբեղյանի և ռուս անվանի լեզվաբան Վ.Վինոգրադովի խոսքի մասերի տեսական հայացքների մեջ նկատում է որոշակի ընդհանրություններ՝ հավասարապես քննադատելով երկուսին էլ։ Աշխատության մեջ արծարծված հիմնական տեսական դրույթները Գ.Սևակը ներկայացրեց իր «Ժամանակակից հայոց լեզվի տեսություն» (գիրք 1-2, 1939-47թթ., վերամշակված հրատ.՝ «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց», 1955թ.) աշխատություններում։ «Ժամանակակից հայոց լեզվի տեսություն» աշխատության մեջ (այն Մ.Աբեղյանի «Հայոց լեզվի տեսություն» մենագրությունից հետո մեր գրական լեզվի ամենալուրջ ուսումնասիրություններից է և խոշոր ներդրում է հայագիտության բնագավառում) լեզվի ու խոսքի փոխհարաբերության, լեզվի զարգացման, ձևի ու բովանդակության հակադրամիասնության և լեզվաբանական մի շարք այլ տեսական հարցեր քննելուց հետո Գ.Սևակը ուրվագծում է հայոց լեզվի զարգացման փուլերը, քննում արևելահայ գրական լեզվի հնչյունաբանությունը, բառագիտությունը, ձևաբանությունը։ Առաջին գրքում ընդգրկված են «Նախաշավիղ, ժամանակակից հայերենի կազմավորումը», «Հնչյունաբանություն» և «Ձևաբանություն» գլուխները։ Երկրորդ գրքի առաջին պրակը նվիրված է ժամանակակից հայերենի բառագիտությանը և բաղկացած է երկու գլխից՝ «Հայոց լեզվի բառագանձը» և «Բառակազմություն»։ Ըստ Հովհ.Բարսեղյանի՝ Սևակը «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց» աշխատության մեջ ոչ միայն չի հրաժարվում խոսքի մասերը հիմնական և երկրորդական կամ նյութական և քերականական խմբերի բաժանելուց, այլև տեսնում ու թվարկում է այդ խմբերից յուրաքանչյուրը միացնող և մյուսին հակադրող լեզվական առանձնահատկությունները։ Միաժամանակ խոսքի մասերը բաժանում է թեքվող և չթեքվող խմբերի: Թեքվողները տրոհելով հոլովվող և խոնարհվող ենթատեսակների՝ կատարում է հայերեն խոսքի մասերի բացարձակ ձևաբանական խմբավորում։ Գ.Սևակը լեզուն բնորոշում է իբրև հաղորդակցման առաջնային և կարևորագույն միջոց, այսինքն՝ մարդիկ իրար հետ խոսում և հաղորդակցվում են լեզվի միջոցով։ Լեզուն նաև մտածողության միջոց է. մարդիկ խոսում, հաղորդակցվում և մտածում են լեզվի միջոցով։ Անդրադառնալով լեզուների ցեղակցության հարցին՝ Գ.Սևակը ելնում է տարբեր լեզուների միջև եղած նմանությունների, համապատասխանությունների տեսակետից. «ցեղակից» լեզուների միջև իրոք գոյություն ունեն համապատասխանություններ, հատկանշական նմանություններ, սակայն, նրա կարծիքով, այդ համապատասխանություններն արդյունք են ոչ թե ընդհանուր ծագման, ոչ թե մի նախալեզվից սերած լինելու, այլ պատմական որոշ շրջանում տարբեր ցեղերի համակեցության և այդ համակեցության շնորհիվ տեղի ունեցած լեզվական փոխազդեցությունների. այդպիսով լեզուների ցեղակցությունը, ինչպես ընդունում է Սևակը, ոչ թե «ծննդաբանական» է, այլ տարբեր լեզուների միջև պատմականորեն գոյացած ընդհանրությունների արդյունք։ Օրինակ՝ գրաբարը «ֆեոդալիզմի լեզու է» և ձևավորվել է հայերենի մեկ կամ մի քանի բարբառներից. «Գրաբարը ոչ թե հայ բարբառների մայրն է, այլ բարբառներից մեկի կամ մի քանիսի դուստրը»։ Միաժամանակ կարծում է, որ «Չի կարելի պնդել նաև այն, թե գրաբարը ստեղծվել է պալատներում հայ ազնվականների կողմից և չի ունեցել իր մայր բարբառը ժողովրդի մեջ» (ըստ «Հայոց լեզվի տեսության»)։ Պետք է նշել, որ գրաբարի և բարբառների առաջացման, գրաբարի մահացման, գրաբարի ու բարբառների փոխհարաբերության և այլ հարցեր հայագիտության բարդ, կնճռոտ և մի շարք կողմերով դեռևս վերջնականապես չեն լուծվել: Դրանք պահանջում են հայագետների համատեղ, համառ հետազոտական աշխատանքը։ Ըստ Գ.Սևակի՝ այս ուղղությամբ առաջադրած հարցերը ինքնին հետաքրքիր են, արժեքավոր, մտածելու տեղիք են տալիս: Անշուշտ, հեղինակի քննած լեզվական որոշ դրույթներ վիճելի են և պահանջում են լուրջ հիմնավորում: Պարզ է՝ հայագիտությունը չի կարող զարգանալ, առաջադիմել առանց կարծիքների պայքարի, առանց տեսակետների բախման, առանց քննադատության լայն ծավալման։ Ա. Վագներ, Գ. Սևակ (1968թ.) Ժամանակակից հայերենի կազմավորման վերաբերյալ Գ.Սևակի կարծիքն հետևյալն է. այն ընթացել է գրաբարի և բարբառների հարատև ազդեցության ներքո։ Արդի հայերենն իբրև լեզվական նոր որակ, ընդգրկելով գրաբարի և բարբառների տարրեր, ո՛չ գրաբարի աղավաղումն է, ո՛չ էլ բարբառի մշակումը, այլ «գրաբարի ու բարբառների պատվանդանի վրա կանգնած մի համադրական լեզու»։ «Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց» աշխատության մեջ Գ.Սևակը հանգամանորեն քննել է հայերենի բառապաշարը (բառային կազմ, բառապաշարի շերտեր, գրաբարյան, ժողովրդա-բարբառային, նորագույն փոխառություններ, նորաբանություններ, հնաբանություններ), բառապաշարի տեղաշարժերը, բառակազմության տեխնիկայի զարգացման փուլերը, բառակազմության տեսակները և նորագույն հապավումները։ Հայերենի բառապաշարը բաժանել է հետևյալ շերտերի՝ գրաբարյան բառեր, միջին հայերեն բառեր, բարբառային բառեր, նոր հայերեն բառեր։ Գ.Սևակն անդրադարձել է նաև հայ բարբառագիտության, հայերենի ուղղագրության, տերմինաստեղծման, գրական հայերենի նորմաների մշակման և այլ հարցերի։ Նրա «Հայոց լեզվի շարահյուսություն» (1936թ.) դպրոցական դասագիրքն ունեցել է ավելի քան 30 հրատարակություն։ 1948թ. հրատարակել է «Ժամանակակից հայերենի համառոտ պատմություն» արժեքավոր աշխատությունը, որի մեջ տուրք է տվել իշխող մառականությանը․ դա արտահայտվել է հատկապես լեզվի և գաղափարախոսության նույնացման («Լեզուն հասարակական գիտակցության ձևերից մեկն է՝ վերնաշենքային արտահայտություն, որը հաճախ այլ գաղափարախոսություններից շատ ավելի շուտ և զգայուն կերպով է արտահայտում բազիսում տեղի ունեցող փոփոխություններն ու տեղաշարժերը՝ վերջին հաշվով պայմանավորված լինելով նրանով»), լեզվական շրջափուլերի կամ, ինչպես ինքն է անվանում է դրանք՝ «ֆորմացիաների» ընդունումով («Հասարակական յուրաքանչյուր ֆորմացիայի օրինաչափորեն ուղեկցում է լեզվական համապատասխան «ֆորմացիան» կամ գոյավիճակը»)։ Սակայն դրանք, ըստ Է.Աղայանի, «առավելապես հավուր պատշաճի հայտարարություններ են, որոնք, բարեբախտաբար, չեն ազդում լեզվական նյութի ուսումնասիրության վրա, եթե ուշադրության չառնենք մի քանի շինծու օրինակներ, որոնք բերվում են այդ հայտարարությունները հիմնավորելու համար»։ Աշխատանքը լուրջ ներդրում է մեր գրական լեզվի պատմության ուսումնասիրության մեջ. այն բաղկացած է ներածությունից և չորս բաժնից։ Ներածության մեջ անդրադարձել է արևելահայ գրական լեզվի պատմության շրջանաբաժանման խնդրին՝ առաջարկելով հետևյալ շրջանաբաժանումը.
Ներածության մեջ անդրադարձել է նաև տվյալ հեղինակի կամ աշխարհաբարի զարգացման տվյալ փուլի լեզվի բնույթի որոշմանը՝ բարբառայնության, գրաբարաբանության կամ ժողովրդայնության տեսանկյունից։ Աշխատանքի չորս գլուխներում հանգամանորեն ներկայացրել է այդ փուլերից յուրաքանչյուրի նկարագիրը։ Է.Աղայանի գնահատմամբ՝ «Գուրգեն Սևակը խորհրդային շրջանում աճած և իր դերով առավել աչքի ընկած լեզվաբաններից մեկն է, որ մեծ վաստակ ունի ոչ միայն ժամանակակից հայոց լեզվի գիտական ուսումնասիրության մեջ, որի բնագավառում երկրորդ դեմքն է Մ.Աբեղյանից հետո, այլև մեզ մոտ տեսական- լեզվաբանական մտքի զարգացման ասպարեզում»։ Հայերեն գրերի ստեղծման ու Մեսրոպ Մաշտոցի մասին Սևակը գրել է մի քանի աշխատություն։ «Թե ինչ է արել Մաշտոցը Սամոսատում» հոդվածում քննության նյութ է դարձրել Մաշտոցի կենսագիր Կորյունի «Վարք Մաշտոցի» երկի մի փոքրիկ հատվածը, որի վերաբերյալ հայ և օտար շատ մասնագետներ արտահայտել են տարբեր, նույնիսկ հակասական կարծիքներ։ Առանձնացնելով ու գնահատելով բանասերների ճիշտ մտքերն այդ հայտնի հատվածի վերաբերյալ՝ Սևակը հիմնավոր քննադատել է յուրաքանչյուրի սխալ ու անհամոզիչ դրույթները և գիտականորեն հիմնավորել իր նոր ըմբռնումները։ Գ.Սևակի մասին հոդված (1981թ.) «Մեսրոպյան գրերը, նրանց կառուցվածքի սկզբունքները և աղբյուրները» հոդվածում Սևակը գիտական վերլուծությունից հետո հաստատել է, որ Մեսրոպյան գրերի ակունքը գտնվում է ոչ թե մերձավոր հունա-ասորա-պարսկական միջավայրում, այլ ժամանակով և տարածությամբ հեռավոր փյունիկ-սեմական՝ հարավ-արաբական-արամեական գրերի ոլորտում, ուր և եղել է նրանց իսկական բնօրրանը։ Մաշտոցի կյանքի ու մեծ ծառայության պատմությունը Գ. Սևակը ներկայացրել է իր «Մեսրոպ Մաշտոց. հայկական գրերի ու մատենագրության սկզբնավորումը» (1962թ.) մենագրության մեջ, որը հրատարակվել է նաև ռուսերեն։ «Հայ բարբառների ծագման հարցի շուրջը» ծավալուն հոդվածում Գուրգեն Սևակը քննադատել ու մերժել է այն տեսությունը, ըստ որի՝ հայերենի բոլոր բարբառները առաջացել են ոչ թե գրաբարից, ոչ թե գրաբարատիպ հայերենից, այլ պատմական Հայաստանում տեղադրված այլևայլ ժողովուրդների կողմից հայոց լեզուն յուրացնելու պրոցեսում՝ հեռավոր նախապատմական շրջաններում։ Վստահաբար կարելի է ասել, որ Գուրգեն Սևակն իր գիտակցական կյանքը, ստեղծագործական ողջ կարողությունները նվիրաբերել է հայոց լեզվին և հայ մշակույթին ծառայելու վսեմ գործին։ Ժամանակակից հայոց լեզվի, տերմինաբանության, ոճաբանության, հայ բանասիրության ասպարեզում իր աչքի ընկնող աշխատություններով նա նշանակալի ավանդ է ներդրել հայագիտության և մասնավորապես հայերենագիտության զարգացման գործում և միանգամայն նոր դրույթներ նախանշել։ Բազմավաստակ գիտնականը, մանկավարժն ու հասարակական-մշակութային գործիչն իր հաստատուն տեղն է գրավում հայ լեզվաբանության պատմության մեջ՝ ականավոր հայագետների՝ Հ.Աճառյանի, Մ.Աբեղյանի, Ս.Մալխասյանցի, Գ.Ղափանցյանի, Ա.Ղարիբյանի, Գ.Ջահուկյանի, Է.Աղայանի և այլոց շարքում՝ արժանանալով համաժողովրդական ճանաչման և հարգանքի։ Ակադեմիկոս Գուրգեն Սևակին նվիրված նյութերի հղումներ
|