| ||||||||
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում գենաինժեներիայի մեթոդների կիրառմամբ կառուցվել են մի շարք կայուն, կենսունակ, լավ վերարտադրվող և մրցունակ քաղցրահամ ջրերի բնակիչ միաբջիջ ցիանոբակտերիայի (Synechocystis) կլոններ, որոնք ունակ են լաբորատոր պայմաններում սինթեզել 0,170-0,245 գ/լ 5-ամինոլևոլինաթթուն (ԱԼԹ): ԱԼԹ-ն գործնականում կիրառության տեսանկյունից արժեքավոր օրգանական միացություն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԼԹ-ն ընդունակ է կուտակվելու քաղցկեղածին բջիջներում, վերածվելով ֆոտոսենսիբիլազատորի-պրոտոպորֆիրին IX-ի, որն առաջացնում է ակտիվ (սինգլետ) թթվածին տեսանելի լույսով միանվագ ճառագայթման ժամանակ, այն կիրառում են տարբեր լոկալիզացիայի չարորակ ուռուցքների ֆոտոախտորոշման, ֆոտոդինամիկ թերապիայի, ինչպես նաև ոչ քաղցկեղային բնութի մաշկային հիվանդությունների բուժման համար: Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ԱԼԹ-ինդուկցված ֆլյուորեսցենցիայի օգտագործման հնարավորությունը չարորակ ուռուցքի տեղային տարածման, ներվիրահատական ախտորոշման, էֆեկտիվ սպեցիֆիկ բուժման և հետագա վերահսկման համար: ԱԼԹ-ի օգտագործման հեռանկարային կիրառությունը հանգեցրել է աշխարհի շատ երկրներում դրա արտադրության նկատմամբ նկատելի հետաքրքրության: Ծիրանագույն ֆոտոսինթեզող բակտերիաների բնական շտամներն ի վիճակի են ԱԼԹ արտազատել սննդամիջավայրում կոմերցիոն առումով շահութաբեր քանակությամբ: Այդ փաստը հաստատվել է նաև ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում իրականացված հետազոտություններում: Կենտրոնի Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայում 2015-2021 թթ-ին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենահեռանկարային Rhodobacter sphaeroides, Rba. capsulatus շտամները, կախված աճի պայմաններից, ունակ են սինթեզելու մինչև 0,6 գ/լ ԱԼԹ։ «Մենք առաջին անգամ հաջողությամբ իրականացրել ենք ԱԼԹ սինթազան կոդավորող hemA գենի փոխանցում, որը կլոնավորվել է էվոլյուցիոն տեսանկյունից ավելի ցածր օրգանիզմից (ծիրանագույն ֆոտոսինթեզող բակտերիա) էվոլյուցիոն առումով բարձր` ցիանոբակտերիայի մեջ: Rhodobacter spheroides շտամի hemA գենը մեկուսացվել, բազմապատկվել և կլոնավորվել է երկու ինտեգրատիվ պլազմիդների (վեկտորների) մեջ, որոնք նախագծվել և ստեղծվել են հատուկ հետերոլոգ սպիտակուցների էքսպրեսիայի համար՝ հաջորդականությամբ տարբերվող պրոմոտորում ապահովելով հետերոլոգ գենի տրանսկրիպցիան: Ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են մի քանի կայուն, կենսունակ, լավ վերարտադրվող և մրցունակ Synechocystis-ի կլոններ, որոնք ունակ են լաբորատոր ֆերմենտացիայի պայմաններում սինթեզել 0,170-0,245 գ/լ ԱԼԹ»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի փոխտնօրեն, Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ Վիգեն Գոգինյանը։ Նկար 1 Նկար 2 Synechocystis-ի դրական կլոնների աճը կանամիցին պարունակող-(1) ագարային և (2) հեղուկ սննդամիջավայրերի վրա Արդյունքներն ամփոփված են մի շարք գիտական աշխատություններում․
Հետազոտությունն իրականացվել է Իտալիայի Պադուայի համալսարանի կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր Էլիզաբետա Բերգանտինոյի (գիտական խորհրդատու) ակտիվ մասնակցությամբ՝ «Ցիանոբակտերիալ ռեկոմբինանտ շտամների կառուցումը՝ 5-ամինալևուլինաթթվի արտադրության նպատակով» №21T-2I172 (2021-2023) նախագծի շրջանակներում։ Այն ֆինանսավորվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։ |