Scientific Results
14/07/2023
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստացված նոր շտամը բարձրացնում է սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնում պահպանման ժամկետը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ստացվել է կաթնաթթվային բակտերիաների նոր շտամ, որը թույլ է տալիս բարձրացնել սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնել պահպանման ժամկետն առանց զգայունաբանական բնութագրի՝ համի, հոտի, տեսքի որևէ փոփոխության:

«Սառնարանային պայմաններում պահպանվող սննդամթերքում սննդածին և նեխում առաջացնող մանրէների առաջացրած ինֆեկցիաների սուր բռնկումները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Կաթնաթթվային բակտերիաների որոշ տեսակների կիրառումը, ի տարբերություն քիմիական կոնսերվանտների, անվտանգ է և սառնարանային պայմաններում ջրածնի պերօքսիդի մշտական արտադրության միջոցով բարձրացնում է աղացած մսի ու թռչնամսի անվտանգությունը՝ պաթոգեն և նեխում առաջացնող միկրոօրգանիզմների աճի արգելակման միջոցով: Մեր կողմից անջատվել է կաթնաթթվային բակտերիաների նոր շտամ՝ ներօժտված ջրածնի պերօքսիդի կենսասինթեզի բարձր ակտիվությամբ: Ստացված մանրէները համեմատական ավելի փոքր քանակություններով թույլ են տալիս բարձրացնել սառնարանային պայմաններում պահպանվող մսամթերքի կենսաանվտանգությունն ու երկարացնել պահպանման ժամկետն առանց նրանց զգայունաբանական բնութագրի որևէ փոփոխության»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են միջազգային հետևյալ գիտաժողովներում՝ 

  • «BIOTECHNOLOGY: Science and Practice. Innovation and Business» October 20-22, 2021. Yerevan, Armenia
  • Current State of Pharmacy and Prospects of its Development 2nd International Conference,Ocotber 22-23, 2021, Yerevan, Armenia
  • V International Conference Radioecology and Evolution   dedicated to N. W. Timofeeff-Ressovsky and his scientific school Modern problems of genetics, radiobiology, radioecology andevolution.Nor Amberd, Armenia,October 5-9, 2021

Աշխատանքի լայնածավալ տարբերակն ուղարկվել է տպագրության 3,298  IF ազդեցության գործակից ունեցող, SJR ցանկում ընդգրկված հեղինակավոր «AMB Express» ամսագիր:

Հետազոտական աշխատանքներին մասնակցել են կենսաբանական գիտությունների թեկնածուներ Լուսինե Դանիելյանը, Անդրանիկ Բարսեղյանը և ասպիրանտ Էլեն Գաբոյանը:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորմամբ՝ «Մսամթերքի երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդների մշակում» թեմայի շրջանակում, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14.07.2023թ․