Scientific Results
21/03/2023
Լույս է տեսել պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» մենագրությունը

Լույս է տեսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Սենի Արևշատյանի «Կոստանդնուպոլսի հայ երաժիշտ-տեսաբանները. XVIII-XIX դարեր» մենագրությունը: Գիտական խմբագիրն արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանն է: 

Աշխատությունը նվիրված է  XVIII դարի երկրորդ կեսի, XIX դարի առաջին կեսի՝ մինչև ազգային կոմպոզիտորական դպրոցի ձևավորման շրջանի Պոլսի հայ երաժիշտ-տեսաբանների ավանդին, ովքեր կարևոր դեր են ունեցել հայ ազգային մասնագիտացված երաժշտական արվեստի զարգացման գործում, մեծապես նպաստել են հայ ազգային երաժշտատեսական մտքի ձևավորմանը և նոր հայկական ձայնագիտության և նոտագրության ստեղծմանը: Հատկապես նշանակալի է նրանց ներդրումը Նոր ժամանակի հայ ազգային երաժշտատեսական մտքի ձևավորման մեջ: 

Գրիգոր Գապասաքալյանը, Համբարձում Լիմոնջյանը, Նիկողայոս Թաշճյանը, Եղիա Տնտեսյանը, Արիստակես Հիսարլյանն իրենց աշխատություններում անդրադարձել են հայ հոգևոր երգարվեստի պատմությանը, գեղագիտությանը, տեսությանը, խազագիտությանը, ավելի կատարյալ և նոր ժամանակների  պահանջներին համապարասխանող նոտագրության ստեղծմանը:

«Հայ մասնագիտացված երաժշտական մշակույթի պատմության մեջ Նորոգության շրջանը բախտորոշ մի ժամանակաշրջան է եղել: Ազգային ինքնագիտակցության զարթոնքը հայկական գաղթօջախների զարգացման պայմաններում դրսևորվել է Մերձավոր Արևելքի, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներում, անգամ հեռավոր Հնդկաստանում իրականացված  ազգանվեր  մտավոր բազմակողմանի գործունեության մեջ: Այդ շրջանում է սկզբնավորվել նաև հայ երաժշտապատմական և երաժշտատեսական միտքը: Երաժշտապատմական միտքը կազմավորվել և զարգացել է Վենետիկում և Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան նշանավոր գիտնական հայրերի ջանքերով, իսկ երաժշտատեսական միտքը սկզբնավորվել է Կոստանդնուպոլսում` ձևավորվելով նախևառաջ Գրիգոր Գապասաքալյանի նպատակասլաց գիտական գործունեության մեջ: Դա արտացոլվել է նրա աշխատություններում, մասնավորաբար,  «Գրքոյկ որ կոչի Նուագարան» (Կ.Պօլիս, 1794) և, հատկապես, «Գիրք երաժշտական»-ում (Կ.Պօլիս, 1803): Այդ աշխատություններում հայ իրականության մեջ առաջին անգամ համապարփակ ձևով ներկայացվել և ի մի էր բերվել հայ միջնադարյան երաժշտատեսական և գեղագիտական մտքի բազմադարյան փորձն ու ավանդույթները», - ասաց աշխատության հեղինակը՝ Աննա Արևշատյանը:

Նա նշեց, որ Կոստանդնուպոլիսը՝ իբրև չորս կայսրությունների պատմական մայրաքաղաք և տարբեր մշակույթների խառնարան, մշտական շփումների հնարավորություն էր ընձեռում տարբեր երաժիշտների համար: Այդ է պատճառը, որ Պոլսում են ձևավորվել և ստեղծագործել այնպիսի հայ մեծանուն երաժիշտներ, ինչպիսիք են Գաբրիել Երանյանը և Տիգրան Չուխաճյանը, ընդհուպ մինչև Կոմիտաս վարդապետը, ով սերտորեն կապված է եղել Պոլսի մտավորական և գեղարվեստական շրջանակների հետ հատկապես Պոլսում անցկացրած ստեղծագործական վերջին շրջանում` 1908-1916 թթ.: Այդ ավանդույթը չի ընդհատվել անգամ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո` հասնելով մինչև մեր օրերը:

Մենագրությունը հասցեագրված է ինչպես մասնագետ-երաժշտագետներին, այնպես էլ հայ երաժշտության պատմությամբ հետաքրքրվող ընթերցողներին: Այն կարող է օգտագործվել նաև որպես ուսումնական ձեռնարկ՝ ընդգրկվելով երաժշտական ԲՈՒՀ-ական ծրագրերում:

Մենագրությունը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ «Հայ արվեստի համալիր ուսումնասիրություն» ծրագրի  շրջանակում: Այն հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 
21.03.2023թ.