| ||||||||
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ցույց են տվել, որ Lu3+ և Li+ իոնների համատեղ ներմուծումը Y3Al5O12:Ce3+ բյուրեղներ հնարավորություն է տալիս բարձրացնել բյուրեղների օպտիկական որակը հակադիրքային տեղակալումների փոփոխության և թափուրքների կոնցենտրացիայի նվազեցման հաշվին։ Li+ իոնները զբաղեցնում են միջհանգուցային դիրքեր և չեն փոխազդում Се3+ իոնների հետ, իսկ լիցքի պահպանումը կատարվում է թափուրքների կոնցենտրացիայի նվազեցման հաշվին։ Որպես արդյունք բարձրացվում է ճառագայթման տիրույթում բյուրեղների թափանցիկությունը և ճառագայթային կայունությունը: Պարզվել է, որ Tb3+ իոնները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել հակադիրքային արատների կոնցենտրացիան Y3Al5O12:Ce3+ և այլ բյուրեղներում։ Բյուրեղներն աճեցվել են Բրիջմենի եղանակով՝ արգոն-ջրածին միջավայրում մոլիբդենային հալամանների կիրառմամբ։ Ոչ համարժեք տեղակալումները բյուրեղների արատների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում։ Y3Al5O12:Ce կառուցվածքում յուրաքանչյուր իոն զբաղեցնում է որոշակի դիրք: Սակայն բյուրեղներում տեղի ունեն և խախտումներ, երբ, օրինակ, մեծ չափեր ունեցող իոնը հայտնվում է չափերով փոքր իոնի զբաղեցրած տեղում։ Համապատասխան իրավիճակ տեղի ունի նաև այլ բյուրեղներում։ Դա բերում է համասեռության խախտմանը, որն էլ իր հերթին օպտիկական թափանցիկության, ջերմահաղորդականության և բյուրեղների այլ պարամետրերի նվազմանը։ «Մենք պարզել ենք, որ ավելի փոքր շառավղով Lu3+ իոնների ներմուծումը Y3+ իոնների փոխարեն նվազեցնում է ցանցի դեֆորմացիան։ Առաջին անգամ բացահայտել ենք, որ Tb3+ իոնները հակադիրքային արատների առկայության ցուցանիշ են և հնարավորություն են տալիս քանակապես գնահատել դրանց կոնցենտրացիան»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Սցինտիլյացիոն նյութերի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Պետրոսյանը: Tb3+ իոնների հետ կապված արդյունքները ստացվել են Սանկտ Պետերբուրգի Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի հետ հայ-ռուսական համատեղ «Հեռանկարային լազերային և սցինտիլյացիոն նյութերի սինթեզումը և միկրոալիքային ու օպտիկական սպեկտրասկոպիայի մեթոդներով դրանց հետազոտումը» նախագծի շրջանակներում (2021-2022)։ Գիտական արդյունքները հրապարակվել են հետևյալ հոդվածներում՝ G. R. Asatryan, G. S. Shakurov, I. V. Il’in, A. G. Petrosyan, K. L. Ovanesyan, and M. V. Derdzyan, Physics of the Solid State, 2021, Vol. 63, No. 10, pp. 1819–1823 Բյուրեղները կիրառվում են միջուկային բժշկության մեջ՝ պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի սկաներներում, դետեկտորներում, էլեկտրոնային մանրադիտակում, չերենկովյան ճառագայթման դետեկտորներում, տեղեկատվության և կապի քվանտային մշակման համակարգերում։ «Բյուրեղների նկատմամբ պահանջներն անընդհատ աճում են, այդ իսկ պատճառով որակի բարձրացման հիմնախնդիրն արդիական է։ Արատների կազմավորման մեխանիզմները և դրանց կառավարումն ունի կարևոր կիրառական նշանակություն»,- ասաց Աշոտ Պետրոսյանը։ Աշխատանքային խմբի մասնակիցներն են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողներ Մարինա Դերզյանը, Կարինե Հովհաննեսյանը և Սանկտ Պետերբուրգի Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի խումբը՝ Հայկ Ասատրյանի ղեկավարմամբ: |