Scientific Results
05/08/2022
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում բացահայտել են, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները՝ ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի աշխատակիցների մասնակցությամբ մեծ չափեր և զանգված ունեցող HII-տիրույթների և կոմպլեքսների 6-մ աստղադիտակով ստացված տվյալների հիման վրա ցույց են տվել, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ՝ դառնալով ձևաբանական փոփոխությունների պատճառ։ Եզրակացության հիմքում SBS1539+597(UGC055758) գալակտիկայի համար 6-մ դիտակով ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալներն են: Ցույց է տրվել, որ այս էլիպտիկ տիպի գալակտիկայում դիտվող պարուրաձև թևի առաջացումը սկիզբ է առնում կենտրոնական մասում գտնվող HII-տիրույթի հետ, որում բուռն աստղառաջացման պրոցեսներ են ընթանում: Գիտական աշխատանքը ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Հակոբյանը:

«Դիտումներից ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրվող գալակտիկայի կենտրոնական մասում գտնվում է ակտիվ աստղառաջացման տիրույթ: Այն բաղկացած է երկու HII տիրույթներից և տուրբուլենտության գոտուց, որն  առանձնանում է ճառագայթող գազերի սկավառակային ընդհանուր ֆոնային պտույտից: Արագությունների դաշտում բացահայտվում է նաև գալակտիկայի հիմնական մարմնից անջատվող թևի առկայություն, որի սկզբնամասը դիրքավորված է ակտիվության տիրույթում: Հաշվի առնելով նաև տուրբուլենտության գոտու առկայությունը՝ կարելի է եզրակացնել, որ աստղառաջացման ակտիվության հետ կապված գործընթացները կարող են ազդել շրջակա գազերի կինեմատիկայի վրա, ձգանի դեր ունենալ՝ հարուցելով տվյալ դեպքում թևի անջատումը, և ընդհանուր դեպքերում՝ գալակտիկայի ձևաբանության փոփոխությունը: Սա գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրների հետ շաղկապված նոր, կարևոր արդյունք է»,– ասում է Սուսաննա Հակոբյանը:

Աշխատանքը կատարվել է «Երկրորդ Բյուրականյան շրջահայության յոթ ընտրված դաշտերի գալակտիկաների կոմպլեքս ուսումնասիրություն» մեծածավալ ծրագրի մաս կազմող «Աստղառաջացման ակտիվությամբ z<0.1 կարմիր շեղումով գալակտիկաների մանրակրկիտ ուսումնասիրություն» ենթածրագրի շրջանակներում: Աշխատանքի վերաբերյալ գիտական հոդված է տպագրվել «Astrophysics» («Aстрофизика») ամսագրում (http://link.springer.com/10.1007/s10511-021-09663-6):

Նկար1. Ուսումնասիրվող SBS1539+597 գալակտիկայի պատկերը՝ a) DSS ( Digitized Sky Survey) շրջահայության քարտեզի վրա և b) ջրածնի բալմերյան Hα գծում ՝ ըստ MPFS բազմաբիբ սպեկտրոգրաֆի օգտագործմամբ 6-մ դիտակով ստացված տվյալների. c)նախորդ նկարում սպիտակով շրջանագծված 11''x7'' տիրույթի պատկերը, որը համապատասխանում է Hα և [NII]6548,6583 իոնիզացված ազոտի գծերն ընդգրկող սպեկտրի հատվածին. d) նախորդ նկարից՝ տուրբուլենտության տիրույթ հանդիսացող երկու էլեմենտները խոշորացված տեսքով:

Նկար 2. a) Ջրածնի բալմերյան Hα գծով հաշվարկած SBS1539+597 գալակտիկայի տեսագծային արագությունների դաշտը. b) և c) արագության փոփոխությունները արտացոլող կորեր, ստացված դաշտում նշված 1-ին և 2-րդ առանցքների շրջակայքում, համապատասխանաբար:

 

Նկար 3. Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Հակոբյան

Նկար 4. ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի վարիչ,  Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Դոդոնով

Նկար 5. ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մոիսեև

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 
05.08.2022թ.