Scientific Results
01/02/2022
ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում կազմվել է Դիլիջան քաղաքի ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտում իրականացվել է Դիլիջան քաղաքի ջրահեռացման թունելի ուսումնասիրություն և գնահատում, կազմվել է ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը, որի հիման վրա արդյունավետորեն կիրականացվեն հակասողանքային միջոցառումները: Աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Միքայել Գևորգյանը:   
   «Դիլիջան քաղաքը գրեթե ամբողջությամբ կառուցված է սողանքային գոտում: Բոլոր ուսումնասիրություններն ու հետազոտությունները հանգեցրել են այն եզրակացության, որ մեծ զանգվածի սահքի հիմնական պատճառը գրունտների գերխոնավ և ջրհագեցած լինելն է: Սողանքային տարածքի կայունացման նպատակով կատարվել են մի շարք հակասողանքային միջոցառումներ, որոնցից առաջնայինը սողանքային մարմնով անցնող ցամաքուրդային թունելի կառուցումն էր։ Ջրհագեցվածությունը նվազեցնելու և սահքը կանգնեցնելու նպատակով խիստ կարևոր է ցամաքուրդային թունելի անթերի շահագործումը: Մեր հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա կազմվել է ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը, որի հիման վրա  էլ  շարունակվել են հակասողանքային միջոցառումների աշխատանքները», - ներկայացրեց Միքայել Գևորգյանը:   
   ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ և վերլուծություններ, որոնց արդյունքում ստացված նոր տվյալների հիման վրա կառուցվել է Մեծ Թալա սողանքային մարմնի ջրահեռացման և ցամաքուրդային կառույցների (մակերեսային ու ստորգետնյա) թվային եռաչափ մոդելը, ինչը թույլ է տալիս առավել հստակ ուրվագծել սողանքի ներկա վիճակն ու առկա խոչընդոտները՝ թունելի և ամբողջ ցամաքուրդային համակարգի արդյունավետ աշխատանքի համար:

 Ջրահեռացման թունելի ներկա վիճակի ուսումնասիրության և գնահատման դաշտային աշխատանքների ընթացքը 

   

 Ջրի և գրունտների նմուշարկում


     Ցամաքուրդային հորատանցքերի դիրքը և համապատասխան տվյալների բազան


3D մոդելի ընդհանուր տեսքը: Բարձունքային թվային մոդելի վրա սփռված է QuickBird բարձր լուծաչափի արբանյակային պատկերը, ինչպես նաև տարածքում առկա սողանքային մամինների և նրանց սկարպերի սահմանները:

Թունելի 3D մոդելը

  Հետազոտական աշխատանքներն իրականացվել են ՀՀ կենտրոնական բանկի պատվերով։ Աշխատանքներում ներգրավված են եղել երիտասարդ գիտնականներ, ովքեր մասնակցել են ցամաքուրդային թունելի ներսում  ուսումնասիրություններին, իրականացրել են չափագրումներ, գրանցումներ, մասնակցել են թունելի եռաչափ մոդելավորման աշխատանքներին։
   
   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   01.02.2022թ.