Scientific Results
09/11/2021
Սևանիտներ. գիտնականների բացահայտումը Սևանա լճում

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է Սևանա լճի ափամերձ և ստորգետնյա հատվածներում միկրոբիալիթների կամ սևանիտների առկայությունը: Գիտական աշխատանքները ղեկավարել է երկրաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:
   Միկրոբիալիթները կամ սևանիտները նստվածքային (կարբոնատային) գոյացություններ են, որոնք առաջացել են մի քանի հազար տարիների ընթացքում ցիանոբակտերիաների (կապտականաչ ջրիմուռների) գործունեության արդյունքում, ջրի որոշակի քիմիական կազմի և CO2 գազի առկայության պայմաններում: Ցիանոբակտերիաները ամենահին օրգանիզմներ են (նրանց գործունեության արդյունքում մոտ 3.7 մլրդ. տարի առաջ ձևավորվել են Երկիր մոլորակի ամենահին նստվածքային ապարները՝ ստրոմատոլիթները), որոնք արտադրում են թթվածին՝ օգտագործելով CO2 գազը ֆոտոսինթեզի ժամանակ: CO2-ը կարևոր բաղադրիչ է ցիանոբակտերիաների աճի համար՝ ներառյալ արևի ճառագայթները, ջուրը և ֆոսֆորային ու ազոտական սննդանյութերը:

   Սևանիտները տարածված են Սևանի ավազանի որոշ ափամերձ և խորջրյա (մինչև 30 մ) հատվածներում: Նախնական տվյալներով (U/Th իզոտոպային հասակագրում)՝ սևանիտները ձևավորվել են Արտանիշ թերակղզում՝  1.355 հազար տարի առաջ, երբ թերակղզին ջրային միջավայրում էր:
   Սևանիտները հանդիսանում են բնական պահոցներ, իսկ դրանց իզոտոպային ուսումնասիրությունները հնարավորություն կտան պարզաբանել առաջացման ժամանակահատվածում պալեոմիջավայրի պայմանները, Սևանա լճի ցիանոբակտերիաներով ծաղկման բնական պատճառները, կառաջարկվեն միջոցառումներ այն չեզոքացնելու համար:
   Ծրագրի նախնական ուսումնասիրություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ, ինչպես նաև հայ-ֆրանսիական Մոնտպելլիե համալսարանի Էվոլյուցիոն գիտությունների ինստիտուտի հետ  համագործակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտեի կողմից «Միկրոբիալիթները (սևանիտներ) որպես Սևանա լճի պալեոմիջավայրի պահոցներ» ծրագիրը երաշխավորվել է ֆինանսավորման, ինչը հնարավորություն կտա շարունակել ուսումնասիրությունները:

   Այս ուսումնասիրությունը ներկայացվել է երկու գիտաժողովներում՝ Հայաստանում և Ֆրանսիայում: Եվս մեկ զեկույց 2021 թ-ի դեկտեմբերի 4-ին կներկայացվի Գերմանիայի Գրեյսֆալդի համալսարանում կազմակերպված աշխատաժողովում:
   Ծրագրի իրականացմանը հիմնականում մասնակցում են երիտասարդ գիտնականները: ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտ Հ. Հովակիմյանը կուսումնասիրի Սևանա լճի նստվածքներում հոլոցենի դիատոմները՝ ավելի հին տեսակների հետ համեմատության համար: Ինստիտուտի գիտխորհուրդի կողմից հաստատվել է ծրագրի մասնակից Ա. Սուքիասյանի ասպիրանտական թեման՝«Սևանա լճի միկրոբիալիթների կազմը, կառուցվածքը և առաջացման երկրաքիմիական պայմանները»: Ծրագրի շրջանակներում մագիստրոսական աշխատանք կիրականացնի ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի երկրաբանության ամբիոնի երկրորդ կուրսի մագիստրոս Ք. Սահակյանը՝ «Սևանի ավազանի պալեոմիջավայրի վերականգնումը ըստ նստվածքներում պալինոմորֆների և երկրաքիմիական (XRF) անալիզի» թեմայով: 

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   09.11.2021