| ||||||||
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ՖՀԻ) բարձր ջերմաստիճանային նանոբջիջների կիրառմամբ ցույց է տրվել, որ ատոմ-մակերևույթ վանդերվալսյան (ՎԴՎ) փոխազդեցությունից բացի ատոմային ռեզոնանսների հաճախության «կարմիր» շեղում է առաջացնում նաև ատոմ-ատոմ դիպոլ-դիպոլային (ԴԴ) փոխազդեցությունը։ «Այսպիսի հետազոտություններ կատարելու համար գրականության մեջ չկան այլ մեթոդների նկարագրություններ: Մեր կատարած աշխատանքը հնարավորություն է տալիս չափել ատոմ-դիէլեկտրիկ մակերևույթ փոխազդեցության վանդերվալսյան գործակցի արժեքը, ինչը լավ համընկնում է տեսական հաշվարկների հետ: Այս ինֆորմացիան կարևոր է ատոմական գոլորշիներ պարունակող սարքերի մինիատյուրիզացիայի համար: Այդ պատճառով աշխատանքն ունի ֆունդամենտալ մեծ նշանակություն», - ասաց ինստիտուտի «Օպտիկայի և ատոմային սպեկտրասկոպիայի» լաբորատորիայի վարիչ Արմեն Սարգսյանը: Ըստ նրա՝ բարձր ջերմաստիճանային նանոմետրական հաստության բջջի օգտագործումը, որի հաստությունը փոփոխվում է 30-1000 նմ միջակայքում և որը պարունակում է ալկալի մետաղի (Rb, Cs) գոլորշիներ, թույլ է տալիս կատարել ատոմ-մակերևույթ վանդերվաալսյան փոխազդեցության երևույթի ուսումնասիրություններ: Ցույց է տրվել, որ ատոմական գոլորշիների խտության ավելացումն առաջացնում է լրացուցիչ մեծ հաճախային «կարմիր» շեղում: Այս շեղումն առաջանում է դիպոլ-դիպոլային փոխազդեցության շնորհիվ։ «Competing van der Waals and dipole-dipole interactions in optical nanocells at thicknesses below 100 nm» գիտական աշխատանքի արդյունքները տպագրվել են «Physics Letters A» գիտական ամսագրում։ «Այս աշխատանքն արդեն ունի հղումներ արտասահմանյան գիտնականների խմբի կողմից»,- ասաց Արմեն Սարգսյանը: Աշխատանքն իրականացվել է բազային N1-6/23-I/IPR ծրագրի շրջանակում` Բուրգունդիայի համալսարանի (Դիժոն, Ֆրանսիա) գիտնականներ Ռոդոլֆ Մոմյեյի և Կլոդ Լեռուայի հետ համատեղ: |