| ||||||||
ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում «Հայոց լեզվի պատմական զարգացման հարցեր» թեմայի շրջանակում բացահայտվել են նախագրաբարյան որոշ երևույթների արձագանքներ Արցախի բարբառում։ «Սա վկայում է հնագույն ժամանակներից Արցախում հայերենի գործածության մասին»,- ասաց գիտական խմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մխիթարյանը։ Որպես օրինակ նա նշեց, որ գործիական հոլովն Արցախի և Մեղրու բարբառներում կազմվում է -ավ ձևույթով։ «Պարզել ենք, որ բարբառային -ավ-ը հնաբանություն է՝ բնորոշ եզերական բարբառներին»,- ասաց նա։ Գրաբար-բարբառ փոխհարաբերությունների շրջանակում Լեզվի ինստիտուտի գիտաշխատողները հետաքրքրիր դիտարկումներ են արել նաև Արցախի բարբառի ցուցական դերանունները քննելիս: Գրաբարի ցուցական դերանուններն են սա, դա, նա, այս, այդ, այն, սոյն, դոյն, նոյն, որոնցում առկա են ս, դ, ն արմատական բաղաձայնները, սրանք սկզբնապես ունեցել են սո, դո, նո ձևերը: «Հայերենի այդ շարքն այնքան հին է, որ որևէ օտար լեզվի ազդեցություն դժվար է պատկերացնել: Արցախի բարբառի ցուցական դերանուններն են՝ էս, էտ, էն, ըստի / իստի, ըտի / իտի, ընդի / ինդի։ Ի դեպ, ըստի / իստի, ըտի / իտի, ընդի / ինդի .... դերանունները գրաբարի աստի, անդի բառերի բարբառային արտահայտություններն են»,- ասաց Գայանե Մխիթարյանը: Լեզվի ինստիտուտի մասնագետները քերականական մի շարք իրողությունների պարզաբանման հարցում ուշադրություն են դարձրել գրավոր և բանավոր հաղորդակցության առանձնահատկություններին։ Գրավոր և բանավոր խոսքի տարբերակման վարկածը հիմնավորելու համար իրականացրել են V դարի գրավոր աղբյուրների մանրազնին քննություն՝ համատեքստի բնույթի պարզաբանում։ «Արդյունքում հետազոտությունները որոշակի նյութ են տալիս ոչ միայն բարբառային հայերենի, այլև հայոց լեզվի պատմության որոշ հարցերի պարզաբանման, քերականական տարբեր կարգերի զարգացման յուրահատկությունների լուսաբանման համար»,- ասաց Գայանե Մխիթարյանը։ Լեզվի ինստիտուտի Հայոց լեզվի պատմության բաժնում հետազոտվել են նաև բառապաշարի իմաստային (թեմատիկ) մի շարք խմբերի արտահայտություններ հայերենի զարգացման տարբեր փուլերում։ «Միջին հայերենի բառապաշարը ներկայացնելու տեսանկյունից միջնադարյան բժշկարանները կարևոր սկզբնաղբյուր են, քանի որ դրանցում արձանագրվում են առաջին անգամ կամ եզակի վկայությամբ գործածված բազմաթիվ բառեր, որոնց մի ստվար մասը բժշկական տերմինի արժեք ունեցող ախտանուններ, դեղանուններ, կազմախոսական բառերն են: Դրանք համակարգային քննության են ենթարկվել «Մարմնի մասեր, մարմնական գործառություններ և պայմաններ» իմաստային (թեմատիկ) խմբում: Արձանագրված են բազմաթիվ բառեր, որոնք գործածվում են առաջին անգամ կամ եզակի վկայությամբ: Ուշագրավ են հատկապես կենդանիների անվանումներով բաղադրված ախտանունները, որոնք մատնանշում են ոչ միայն կենդանիներին, այլև մարդուն վերաբերող մի շարք հիվանդություններ: Գործածվել են կենդանիների (արծիվ, գայլ, գորտ, ուղտ, խեցգետին, հավ, ձի (քուռակ), մուկ, մրջիւն, պախրա) անվանումներով կազմված նոր ախտանունները, որոնք վկայված չեն գրաբարյան մատենագրության մեջ և գործուն կիրառությամբ աչքի են ընկնում հենց միջնադարյան բժշկարաններում»,- ասաց Գայանե Մխիթարյանը: «Օրենք» իմաստային (թեմատիկ) խմբում էլ լեզվաբանները հետազոտել են Գրիգոր Տաթևացու երկերում արձանագրված իրավական հասկացությունները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում թե´ հայագետների, թե´ իրավագետների համար։ Քննության ենթարկված իրավական հասկացությունները փաստում են, որ դրանք երբեմն վկայված են նույն իմաստով, կան իմաստային տեղաշարժերի դեպքեր և կան չվկայված բառեր: «Սա նշանակում է, որ գործ ունենք նորակազմ բառերի հետ, օրինակ, ազգաջինջ, դատելիք: Դիտարկվել են նաև հեղինակային նորակազմություններ, և հասկացությունները համեմատվել են գրաբարի բառապաշարն ամփոփող բառարանների նյութի հետ»,- ասաց Գայանե Մխիթարյանը։ Հետազոտությունների արդյունքներն ամփոփվել են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտական հանդեսներում, միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում, ազդեցության գործակից ունեցող միջազգային "Language and Culture" հանդեսում․
Հետազոտությունները շարունակական բնույթ են կրում, նյութերը տպագրության են ներկայացվել նաև Scopus և Web of Science գիտատեղեկատվական շտեմարաններին պատկանող հանդեսներում։ ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին |