| ||||||||
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Վարդան Ասատրյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման» մրցույթի շահառու՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ հոդվածի տպագրության համար։ Վարդան Ասատրյանը ներկայացրել է «Revealing Diversity in Gammarus (Amphipoda: Gammaridae) in the Freshwater Ecosystems of Armenia Using DNA Barcoding» հոդվածը։ Այն տպագրվել է շվեյցարական «Water» հանդեսում։ Աշխատանքում կատարվել է Հայաստանի քաղցրահամ ջրային էկոհամակարգերում ԴՆԹ-ի շտրիխ կոդավորման միջոցով Gammarus ցեղի բազմազանության ուսումնասիրություն։ Հոդվածի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող առաջատար Մարինե Դալլաքյանը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիա Կենսառեսուրսների գիտագործնական կենտրոնի գիտաշխատողներ Տատյանա Լիպինսկայան և Վիկտորիա Գոլովենչիկը, Գերմանիայի Բոնն քաղաքի Քյոնիգի անվան թանգարան-ինստիտուտի (ZFMK) գիտաշխատողներ Յոնաս Աստրինը, Լաուրա վոն դեր Մարկը և Յանա Թորմանը: Ո՞րն է աշխատանքի գիտական նորույթը։ - ՀՀ կենսաբազմազանության ուսումնասիրություններն առանցքային են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների համար։ Կովկասյան էկոտարածաշրջանը դեռ 2001 թվականին հռչակվել է աշխարհի կենսաբազմազանության պահպանության 25 առաջնահերթություն ներկայացնող թեժ կետերից մեկը։ Հետազոտության առանցքում գտնվող կենդանիները՝ Gammarus ցեղի խեցգետնակերպերը, աշխարհով մեկ տարածված և կրիպտիկ ու էնդեմիկ տեսակներով հարուստ խմբերից մեկի ներկայացուցիչներ են, որոնք ունեն ինչպես էկոլոգիական մեծ նշանակություն, այնպես էլ ակվակուլտուրային, քանի որ բազմաթիվ ձկնատեսակների կերային կարևոր բաղադրիչներից են: Սակայն դրանց տեսակային կազմը և աշխարհագրական առանձնահատկությունները Կովկասյան էկոտարածաշրջանում թույլ են ուսումնասիրված: Վերջին տասնամյակներին Հայաստանից հաղորդվում էր միայն մեկ էվրիբիոնտ տեսակի` Gammarus lacustris-ի մասին: Խնդիրն այն է, որ դրանց ձևաբանական որոշումը խնդրահարույց է և խիստ աշխատատար: Այդ է պատճառը, որ միտք ծագեց կիրառել ժամանակակից մոլեկուլային մեթոդներ և, համադրելով ձևաբանական մեթոդների հետ, փորձել բացահայտել Հայաստանում այս կենդանիների թաքնված բազմազանությունը: Աշխատանքները մեկնարկեցին 2018 թվականին՝ Մարինե Դալլաքյանի Բոննի Քյոնիգի անվան թանգարան-ինստիտուտում եռամսյա վերապատրաստման ծրագրի շրջանակում: Այն ժամանակ ստացված առաջին արդյունքները հիմք հանդիսացան հայ-վրաց-գերմանական համատեղ միջազգային ուսումնասիրության համար: Տպագրված աշխատանքում հստակեցվել է Հայաստանի տարածքում առնվազն 3 տեսակի առկայությունը և քարտեզագրվել է դրանց տարածվածությունը, բացահայտվել է տեսակներից 2-ի կազմում կրիպտիկ ենթատեսակների մեծ բազմազանություն: Ուսումնասիրությունն էական դեր ունի ոչ միայն կենսաբազմազանության բացահայտման և տարածական բաշխման տեսանկյունից, այլև հետաքրքիր նյութ է ամբողջ խմբի էվոլյուցիոն ուսումնասիրությունների համար: Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։ - Աշխարհագետ-գեոէկոլոգ եմ, ջրերի էկոլոգիայի հետ իմ սերտ շփումը սկսվել է ասպիրանտական տարիներից, երբ միացա Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետներին: Մենք կամա թե ակամա մեր գոյությունը պահպանում ենք կենդանի օրգանիզմների գործունեության շնորհիվ և դեռ շատ հեռու ենք լիարժեք կառավարվող միջավայր ունենալուց: Կենսաբազմազանության պահպանությունը մարդկության առջև ծառացած կարևոր առաջնահերթություններից է: Իսկ պահպանելու համար նախ պետք է ունենալ այդ կենսաբազմազանությանը և էկոլոգիային վերաբերող ամբողջական գիտելիք, ապա նաև բարձրացնել հասարակության գիտակցությունն առ այն, որ նույնիսկ մեկ միջատը կարևոր է: Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը: - Տարիների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ չկա ոչ կարևոր կամ ավելի կարևոր արդյունք: Ակնհայտ է, որ ամեն հաջորդ արդյունքը որոշակիորեն հիմնվում է նախորդի վրա։ Առավել կարևոր է ոչ թե արդյունքը, այլ ինչպես կարող է հասարակությունն այն ծառայեցնել իր զարգացմանը: Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում։ - Այն պահից, ինչ ես սկսել եմ գիտությամբ զբաղվել, շատ բան է փոխվել, հատկապես ֆինանսական բաղադրիչում։ Սակայն դեռ խոչընդոտներ առկա են: Դրանցից ամենակարևորը վերաբերմունքն է դեպի մտավորականությունը: Բնական է, որ նման մթնոլորտում աճող սերունդը ևս քիչ հավանական է, որ կդիտարկի գիտությամբ զբաղվելը որպես իր կարողություններն իրացնելու գլխավոր ոլորտ: Խնդիր է մնում կրթությունը, քանի որ գիտնական դառնալու համար նախ պետք է որակյալ կրթություն ստանալ: Գիտության ասպարեզում երիտասարդների համար սոցիալական խնդիրները ևս լիարժեք լուծված չեն: Լուրջ խնդիր է նաև գիտական ասպարեզում առկա թղթաբանությունը: Երիտասարդ գիտնականը, եթե ցանկանում է ավելի ակտիվ ու նախաձեռնող լինել, պետք է ունենա նաև մենեջերական ունակություններ, տիրապետի գնումների մասին գործընթացներին, ահռելի ժամանակ և նյարդեր վատնի ամենատարրական նյութերի կամ պարագաների ձեռքբերման համար: Ի՞նչ ծրագրերում եք ներգրավված։ - Ասպիրանտական տարիներից ներգրավված եմ եղել տեղական և միջազգային ծրագրերում, իսկ ներկայում ղեկավարում եմ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Հեռավար լաբորատորիաների հիմնման ծրագիրը և Հայ-Ավստրիական APPEAR ծրագրի համաղեկավար եմ: Երկու ծրագրերն էլ վերաբերում են ջրային էկոհամակարգային ծառայություններին: Ի՞նչ հմտություններ կարող են մրցակցային առավելություն տալ երիտասարդ գիտնականին Ձեր ոլորտում: - Հաղորդակցման հմտությունը, լեզուների տիրապետելը: Կարևոր են նաև կազմակերպվածությունը, պատասխանատվության բարձր զգացողությունը, նաև ժամանակի կառավարման հմտությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում անհաջողություններին: - Ես անհաջողություններին առանձնապես ուշադրություն չեմ դարձնում և շարունակում եմ անել այն, ինչը ճիշտ եմ համարում: Ի վերջո, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում, և այդ թվացյալ անհաջողությունները հաճախ վերաճում են ավելի կայուն և արժեքավոր հաջողությունների: Ի՞նչ նախադրյալներ ունենք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար: - Իրականում Հայաստանում շատ երիտասարդ գիտնականներ առանց պաշտոնական ձևակերպման PostDoc են անում, երբ պաշտպանությունից հետո ակտիվորեն ներգրավվում են տարբեր ծրագրերում։ Նրանք ձեռք են բերում կարևոր հմտություններ և կարողություններ: Պակասում է միայն պաշտոնական ձևակերպումը։ PostDoc-ն էությամբ զգալիորեն տարբերվում է ներկայում գործող դոկտորանտուրայի համակարգից, ինչը դրական պետք է դիտվի ընդհանուր գիտական ակտիվության տեսանկյունից, քանի որ PostDoc անելն ավելի գրավիչ ու թեթև է լինելու։ Ի՞նչպես կգնահատեք գիտական նախաձեռնությունները: - Ցանկացած գիտական նախաձեռնություն, որը կարևոր խնդիրներ է վերհանում, լուծումներ առաջադրում և միավորում գիտական համայնքը, համարում եմ հաջողված: «Գիտուժ»-ը թերևս այդ առաքելությամբ ամենահաջողված նախագիծն է, որը գործնական քայլերով ապացուցել է իր կենսունակությունը։ Հուսանք, որ այն կշարունակի իր ներուժը ծառայեցնել գիտնականի ձայնը լսելի դարձնելու և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գիտության կշիռն ավելացնելու գործում: Ի՞նչ նախասիրություններ ունեք: - Շատ եմ սիրում սպորտը, և եթե չլինեին բազմաթիվ վնասվածքները, գուցե լինեի ակտիվ սպորտում։ Հիմա փորձում եմ հետ չմնալ հիմնական իրադարձություններից: Սիրում եմ ճանապարհորդել, և գիտությունն այդ հարցում մեծապես օգնում է: Սիրում եմ նաև ընթերցանությունը, թեթև ֆիլմերը, ազգային խոհանոցը։ Ձգտում եմ յուրաքանչյուր ճանապարհորդության ժամանակ բացառապես տվյալ երկրի ազգային խոհանոցից օգտվել: Վարդան Ասատրյանը 68 գիտական հրապարակման հեղինակ է։ Համահեղինակ է 1 դասագրքի և ունի 1 մտավոր սեփականության վկայական: 11 աշխատանք տպագրված է «Scopus» և «Web of Science» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում։ |