| ||||||||
Անի Հակոբյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է։ Օրերս պաշտպանել է «Հայ ավանդական օրորը» գիտական թեմայով ատենախոսությունը, որն ընդգրկում է օրորի 124 միավոր։ Օրորներից 43-ը գրառվել են հայ երաժշտական բանահավաքչության վաղ փուլում (Կոմիտաս, Միհրան Թումաճյան, Սպիրիդոն Մելիքյան, Հակոբ Հարությունյան, Քրիստափոր Քուշնարյան)՝ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին։ Շուրջ 80 նմուշ Արվեստի ինստիտուտի արխիվի և Անի Հակոբյանի դաշտային աշխատանքներում հավաքագրված օրորներն են։ Թեմայի վերաբերյալ հոդվածները [1] հրապարակվել են ԲՈԿ-ի կողմից ընդունված ամսագրերում, այդ թվում մեկ անգլալեզու հոդված՝ Արվեստագիտական հանդեսում: Աշխատանքի հեղինակը դասախոսություններ է ունեցել ԱՄՆ UCLA [2] համալսարանում, "Lark" [3] երաժշտական ակադեմիայում, ՀՀ Հանրային Ռադիոյում և այլ միջոցառումների [4] շրջանակներում: Նշում է, որ թեմայի շուրջ նախկինում համապարփակ երաժշտագիտական հետազոտություն չէր արվել: Օտար լեզուներից տիրապետում է անգլերենին և ռուսերենին։
- Կարծում եմ, մեր օրերում հատկապես անգլերենի իմացությունը գիտնականի գործիքակազմի պարտադիր բաղկացուցիչ է, որը թույլ կտա ցանկացած թեմայի շուրջ ունենալ լայն հայացք և լինել գիտական նորարարություններից տեղեկացված: - Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus" [5], "Web of science" [6] գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ: - Վերջիններս 21-րդ դարի գիտնականի համար գիտության լայն աշխարհ մտնելու, հարաճելու ճանապարհին պարտադիր և կարևոր հարթակներ [7] են: - «Հայ ավանդական օրորը» թեմայի շրջանակներում կփորձե՞ք համահեղինակել "Scopus"-ի պարբերականներում հրապարկվող գիտնականների հետ։ - Այսօր արդեն, երբ թեմայի շրջանակում գիտական արդյունքների տեսքով զգում եմ որոշակի ամրություն, հետաքրքրությունս մեծ է այլ մշակույթների ավանդական օրորների շուրջ կատարված ուսումնասիրությունների արդյունքների հանդեպ ևս: Չնայած թեմայի նեղ ու սպեցիֆիկ լինելուն՝ արդեն սկսել եմ փնտրտուքներս և վստահ եմ նաև արտերկրում կգտնեմ թեմայով զբաղվող գիտնականների: Քայլերից կարևորը նրանց հետ կոմունիկացիան է, կապի հաստատումը, դրա ընթացքում փոխադարձ հետաքրքրություն առաջացնելը, որից հետո գուցե համատեղ հետազոտությունն ու հոդվածի հրապարակումը:
- Նույն թեմայով ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթի շահառու եք։ Ովքե՞ր են հետազոտական խմբում ընդգրկված երիտասարդները։ - Խմբում ընդգրկված են ոլորտի համար խոստումնալից կադրեր, ովքեր, հուսով ենք, հետագայում կհամալրեն երիտասարդ գիտաշխատողների սակավ շարքերը. Կարինե Հովհաննիսյանը երաժշտագետ է, ով ունի մագիստրոսի կոչում և դասավանդում է երաժշտական քոլեջում, իսկ Լինդա Սարգսյանը սովորում է ԵՊԿ բակալավրիատի 4-րդ կուրսում: - Տեղյակ եմ, որ դաշտային աշխատանքներ եք իրականացրել ոչ միայն Հայաստանի գյուղերում, այլև երկրից դուրս՝ սփյուռքահայության շրջանում։ Աշխատանքի ընթացքում ծանոթացել եք Պետրոս Ալահայտոյանի [8] հետ, ով իր կյանքի ընթացքում հավաքագրած երաժշտական բոլոր նմուշները Ձեզ է ժառանգել։ - 2020թ․-ի հունվարին ԱՄՆ-ում կայացած մեր առաջին հանդիպումը փոխվստահություն և կապվածության զգացողություն առաջացրեց, որ թերևս մշակույթի հանդեպ նվիրումով և Կոմիտաս հանճարի գործի առջև խոնարհումով հնարավոր կլինի բացատրել։ Ամիսներ անց արդեն հայրենիքում ստացա զանգ տիկին Վիոլետից. «Պետրոսը որոշել է իր ողջ կյանքի ընթացքում՝ 1972թ․-ից մինչ 2010-ականները Սիրիայի, Լիբանանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հայ համայնքներից ու ծերանոցներից կատարված բոլոր ձայնագրությունները վստահել քեզ»:
- Ի՞նչ ծրագրով եք շահել նրա հավաքածուի թվայնացման դրամաշնորհը, և ի՞նչ աշխատանքներ են իրականացվել առ այսօր: - "American Research Institute of the South Caucasus"-ի կողմից հայտարարված "Collaborative Heritage Management" դրամաշնորհի շնորհիվ նյութը հասավ հայրենիք։ Կարողացանք թվայնացնել և անձնագրավորել 125 կլոր բաբինա և 430 քառակուսի կասետ պարունակող բացառիկ հավաքածուն: Ի դեպ, քանի որ հիմնական գիտական հետաքրքրությունս, ի թիվս ֆոլկլորագիտական հարակից հրատապ այլ հարցերի, հայ ավանդական օրորն է, ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթի համար ևս ընտրել ենք հենց այդ թեման։ Ներկա ծրագրի շնորհիվ ևս կկարողանանք Պետրոս Ալահայտոյանի հավաքածուի համակարգման ընթացքում հայտնաբերված բոլոր օրորները ընդգրկվել հետազոտական աշխատանքի մեջ, որի ընթացքում կկատարվի նյութի վերծանում, նոտագրում, մուտքագրում և երաժշտաբանաստեղծական վերլուծություն: - Իսկ որքանո՞վ է այս հավաքածուն հնարավորություն տալիս ցեղասպանագիտական ոսումնասիրության համար: - Հավաքածուի հիմնական նպատակն ի սկզբանե, անշուշտ, երաժշտական նյութի ձայնագրումն էր, սակայն քանի որ Պետրոս Ալահայտոյանն այն գրանցել էր ցեղասպանությունից մազապուրծ եղած սփյուռքահայության շրջանակում և բանասացները հիմնականում վերապրողներ էին, բանահավաքը ֆիքսեց ամենն ինչ պատմում էին: Արդյունքում, այս հավաքածուն իր մեծ մասով պատմավավերագրություն է, որը կարող է կարևոր գործիք լինել Ցեղասպանության ճանաչման դժվարին ճանապարհին: Հղումներ.
Հերմինե Օհանյան |