| ||||||||
Հայկ Մալխասյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող է, բժշկական գիտությունների թեկնածու։ Նա ղեկավարում է աստղադիտարանի Պատմամշակութային աստղագիտության գիտահետազոտական բաժինը։ Հայկ Մալխասյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։
Մրցույթին մասնակցել է «Հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներում (Գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկերում ընդգրկված ամսագրերում տպագրված անգլալեզու գիտական հոդվածների համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով։ Ներկայացրել է Զորաց Քարեր հուշարձանի աստղագիտական ուսումնասիրություններին վերաբերող «On «Observational Instruments» composed of Stones No. 12, 13 and 14 of «Zorats Qarer» Monument» հոդվածը, որը տպագրվել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» գիտական պարբերականում 2022 թվականին: Ո՞րն է Ձեր աշխատանքի գիտական արդյունքը, նորույթը, կարևորությունն ու արդիականությունը: - Աշխատանքը նվիրված է «Զորաց Քարեր» հուշարձանի որոշ վեմերի (թիվ 12, 13 և 14) քննարկմանն աստղագիտական տեսանկյունից: Վեր են հանված դիտողական նպատակով դրանց կիրառության եղանակները: Մասնավորապես ցույց է տրված, որ թիվ 14 վեմը մեծ հավանականությամբ ծառայել է իբրև «նստահարթակ» թիվ 13 վեմի դիտողական անկյան ուղղությամբ դիտողի համար: Մյուս կիրառության ձևը թիվ 12 և 13 վեմերի անկյունների համադրման սկզբունքով հստակ ուղղության ձևավորումն է: Վերոնշյալ եղանակների կիրառման արդյունքում ի հայտ են գալիս հստակ ուղղություններ: Այս ուղղությունների քննությունը կատարվել է մի հավանական թվականի համար (ն.Ք. 9000), որն առանցքային է հայկական հնագույն օրացույցի (Նախահայկյան) սկզբնավորման տեսանկյունից, ինչպես նաև հուշարձանի ուսումնասիրությամբ մինչ այժմ ստացված արդյունքների առումով: Մանրամասն և համակողմանի քննությամբ ստացված արդյունքները համադրվել են հնագիտական նյութին, հայ ազգագրությանը և բանահյուսությանը: Համեմատականներ են անցկացվել երկնային լուսատուների դիտման օրերի և Նախահայկյան օրացույցի կարևոր կառուցվածքային միավորների միջև: Միևնույն ժամանակ դիտումների պայմանները և դիտվող աստղերի դիցաբանական կերպարները քննարկվել են հացարարման մշակույթի կարևորագույն փուլերի համատեքստում (ցանքս, հունձ և այլն): Զուգահեռներ են անցկացվել հայկական (նաև այլ ազգերի) կրոնածիսական պատկերացումների, ինչպես նաև, հուշարձանի ուսումնասիրությամբ արդեն հայտնի արդյունքների հետ: Ի՞նչ քայլեր է պետք անել Ձեր ոլորտում հետազոտությունների միջազգայնացման ուղղությամբ: Որքանո՞վ է այն արդիական 21-րդ դարում։ - Միջազգայնացման համար պետք է համակարգված և թիմային աշխատանք: Հնաաստղագիտությունը նոր զարգացող ճյուղ է, և բազմաթիվ չլուծված խնդիրների լուծման անհրաժեշտություն կա: Այս ոլորտի հրապարակումները դեռ շատ չեն, սակայն գիտական աշխատանքին պետք է տալ ոչ թե քանակական, այլ որակական գնահատական: Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում: - Երիտասարդ գիտնականը Հայաստանում բախվում է գոյության խնդրին և ստիպված է լինում իր թանկ ժամանակը և ռեսուրսը տրամադրել այլ ոլորտներում վաստակելու վրա: Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: - Գիտական նախաձեռնությունների գործունեությունը գովելի է և դրական է անդրադառնում ոլորտի պահպանման առումով: Ցանկությունս այն կլիներ, որ դրանք լինեն ավելի նպատակային: Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ: - Երևի հերթական «ճամփորդն» եմ, ով գիտի որտեղից է եկել և ուր է գնում: Ի՞նչ գրքեր եք կարդում, կնշեք սիրելի ստեղծագործությունը, հեղինակին: - Հիմնականում մասնագիտական, սակայն անտարբեր չեմ դասականների ստեղծագործությունների նկատմամբ: Դրանց ընթերցումը նման է «Մեծ մարդկանց» մենախոսություններն ունկնդրելուն: Ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը կյանքում և գիտության մեջ։ - Ապրել՝ գիտակցելով առաքելությունդ և որևէ պարագայում չշեղվել այդ ճանապարհից: Իմ գիտական երազանքն է ունենալ այնքան ժամանակ, որպեսզի ավարտին հասցնեմ այս ահռելի ոլորտի այն փոքր բաժինը, որն ի զորու կլինեմ: Ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական բանականությանը, կարո՞ղ է այն փոխարինել Ձեզ Ձեր աշխատանքում: - Այնպես, ինչպես միջուկային ֆիզիկային: Դա կարող է ծառայել մարդկությանը և կարող է չարիք դառնալ մարդկության համար: Կախված է կիրառման նպատակներից: Իսկ փոխարինել մարդու ստեղծագործական կարողություններին անհնար է, քանի որ դրա ստեղծագործությունը, արդեն, չի կարող կոչվել մարդկային: |