Young Scientist Tribune
Զորայր Մարդիյան

«Գիտության ոլորտի հետևողական զարգացում է պետք»

   ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի երիտասարդ գիտնական Զորայր Մարդիյան. «Այսօր մենք ունենք ներքին և արտաքին անվտանգության լուրջ խնդիր: Պետք է հետևողականորեն զարկ տալ գիտությանը՝ երկարաժամկետ տեսլականով, որպեսզի մեր գիտելիքները լիովին ծառայեցնենք այս վիճակից դուրս գալու նպատակին»:

   Զորայր Մարդիյանը ծնվել է Արցախում, Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում: Սովորել է Արցախի պետական համալսարանի քիմկենսաբանական ֆակուլտետի քիմիայի բաժնում, այնուհետև անցել է զինվորական ծառայության, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանում: Ներկայում Զորայրը ղեկավարում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ամինաթթուների և պեպտիդների սինթեզի լաբորատորիան, ունի 2 տասնյակից ավելի հրատարակված գիտական հոդվածներ և թեզիսներ: Զորայրը նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից հրահրված 44-օրյա պատերազմի կամավոր է:

   Գիտություն և համագործակցություն

   Զորայր Մարդիյանը վերապատրաստվել է Գերմանիայի Ռոստոկի պետական համալսարանում, որտեղ իրականացրել է իր մագիստրոսականը և ատենախոսական աշխատանքի մի մասը՝ կապված նոր ոչ սպիտակուցային ամինաթթուների ստացման հետ՝ պրոֆեսոր Պետեր Լանգերի ղեկավարմամբ: Իսկ մյուս մասն իրականացրել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում՝ կենտրոնի տնօրեն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի ղեկավարմամբ:
   «Գերմանիայում զբաղվել եմ քրոս-համակցման ռեակցիաների ուսումնասիրմամբ, որով էլ իրականացրել եմ իմ գիտական հետազոտությունները ասիմերիկ սինթեզի բնագավառում նոր ոչ սպիտակուցային ամինաթթուների ուղղությամբ: Ստացել ենք 100 և ավելի ոչ սպիտակուցային նոր ամինաթթուներ՝ հիմնականում կողմնային շղթայում չհագեցած խմբեր պարունակող: Աշխատանքը հրատարակվել է տեղական և միջազգային գիտական ամսագրերում (https://www.researchgate.net/scientific-contributions/Zorayr-Z-Mardiyan-2089183794): Ներկայում ևս աշխատում ենք այդ ուղղությամբ և զուգահեռ մտածում ավելի դյուրին դարձնելու այդ մեթոդներն ամինաթթուների ստացման բնագավառում, - ասաց Զորայր Մարդիյանը:

   «Ամինաթթուները լայն կիրառություն ունեն բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության բնագավառներում: Դրանք համարվում են սպիտակուցների կառուցվածքային բաղադրամասեր, և կենսական մեծ դեր են խաղում օրգանիզմի կենսագործունեության համար: Ամինաթթուները կարևորվում են իրենց օպտիկական մաքրությամբ և  ակտիվությամբ, իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ են կատալիզատորներ: Շուրջ 30 տարի և ավել այդ ուղղությամբ զբաղվել և զբաղվում են Բելակոնի և Սաղյանի կողմից ղեկավարած խմբերը: Այժմ աշխատում ենք ստանալ ավելի դյուրին կատալիզատորներ, որոնք ավելի մատչելի կլինեն, և ավելի հեշտ կլինի սինթեզել նոր ամինաթթուներ», - ասաց նա:

   Ամինաթթուների և պեպտիդների սինթեզի լաբորատորիան սերտ համագործակցում է նաև Մոսկվայի Նեսմեյանովի անվան էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի հետ: «Ունենք համատեղ ծրագիր, որով մշակում ենք տարբեր սինթեզի ուղղություններ, տարբեր մեթոդներ, համապատասխանեցնում ենք մեր կոմպլեքսներին և սինթեզներին», - ասաց Զորայր Մարդիյանը:
   Նա նշեց, որ կա արդյունավետ համագործակցություն ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի և քիմիայի ֆակուլտետի հետ: «Վստահ եմ, որ գիտությունը, մասնավորապես քիմիան, զարգանում է համագործակցության, փորձի փոխանակման, անհրաժեշտ միջոցների առկայության շնորհիվ, որոնց արդյունքում գեներացվում են նոր գաղափարներ», -նշեց Զորայր Մարդիյանը:
 
   Կենսատեխնոլոգիան՝ շարժիչ ուժ տնտեսության համար
 
   «Այսօր մեր երկրում ֆորս-մաժորային իրավիճակ է. ներդրումների մասին խոսելը շատ դժվար է, ունենք ներքին և արտաքին անվտանգության լուրջ խնդիրներ: Պետք է կենտրոնացնենք մեր ունեցածը, և մեր գիտելիքները ծառայեցնենք րոպե առաջ այս վիճակից դուրս գալու համար: Հիմա տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան է, և կենսատեխնոլոգիան կարող է դառնալ շարժիչ ուժ մեր տնտեսության համար: Այսօր ամեն ինչը հիմնված է գիտության վրա: Պետք է ամեն կերպ զարգացնենք մեր գիտությունն ու պետությունը», - վստահ է Զորայր Մարդիյանը:
 
   Ինչ է պետք երիտասարդ գիտնականներին

   Զորայրը կարևորում է հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը. «Կարծում եմ, որ PostDoc-ը մոտիվացիա ու խթանիչ ուժ կլինի ավելի բարձր մակարդակի հասնելու համար»: Նա նշում է նաև գիտական նախաձեռնությունների դերն ու ակտիվությունը երիտասարդ գիտնականների  առաջընթացի գործում: «Օրինակ, «Գիտուժ»-ի նման նախաձեռնությունները ևս նոր համագործակցություններ են ստեղծում: Ինչպես ասում են՝ մեկ խելքը լավ է, մի քանիսն՝ ավելի լավ: Համագործակցելով և աշխատելով կարող ես ամեն ինչի հասնել», - վստահ է երիտասարդ գիտնականը:

    Մոնիկա Երիցյան