Young Scientist Tribune
Բաղիշ Հարությունյան

ԵԳԱԾ-ի «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառու

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառուներից է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Բաղիշ Հարությունյանը: 

Շնորհավորում ենք Ձեզ մրցույթում շահառու ճանաչվելու կապակցությամբ: Ի՞նչ հետազոտություն եք իրականացնելու նոր սարքավորումներով:

- Մեր գիտահետազոտական աշխատանքն ուղղված է ֆոտոսինթեզող մանրէների միջոցով 5-Ամինալևուլինաթթվի (ԱԼԹ) կենսասինթեզի ուսումնասիրմանը, ԱԼԹ-ի քանակի բարձրացմանը և ինքնարժեքի նվազեցմանը։ ԱԼԹ-ն բնական ոչ սպիտակուցային ամինաթթու է, համարվում է կարևոր միջանկյալ միացություն և ներառված է այնպիսի տետրապիրոլների կենսասինթեզի մեջ՝ ինչպիսիք են պորֆիրինը, հեմը, քլորոֆիլը և վիտամին B12-ը։ ԱԼԹ-ի պոտենցիալ կիրառման ոլորտները բազմազան են: Այն հայտնի է որպես ֆոտոզգայուն միացություն և համարվում  է հեռանկարային  քաղցկեղների ֆոտոդինամիկ ախտորոշման և թերապիայի համար։ ԱԼԹ-ն կիրառվում է քաղցկեղային բջիջները հայտնաբերելու և ոչնչացնելու համար՝ մանուշակագույն լույսի կամ լազերային ճառագայթման ազդեցության ներքո։ ԱԼԹ-ով պայմանավորված ֆոտոդինամիկ թերապիան թույլ է տալիս գլխուղեղի չարորակ քաղցկեղի և այլ նորագոյացությունների միաժամանակյա պատկերավորում և բուժում: Իտալիայի Պադովայի համալսարանի  կենսաբանության ֆակուլտետի մեր գործընկերների հետ ԱԼԹ սինթեզելու նպատակով կլոնավորել ենք ցիանոբակտերիալ շտամներ։ Հետազոտության հաջորդ փուլում նախատեսվում է իրականացնել  ռեկոմբինանտ շտամների աճեցում, աճի պայմանների ուսումնասիրություն, կլոնների կողմից սինթեզված ԱԼԹ-ի հայտնաբերում և համեմատական վերլուծություն, որոշ ֆերմենտների անջատում, մաքրում և ակտիվության գնահատում։ Նախատեսվում է ձեռք բերել միկրոսրվակների համար նախատեսված  ինկուբատոր, մինի ցենտրիֆուգ, միկրոպլանշետների թափահարիչ ինկուբատոր, միկրոպլանշետ ընթերցող սարք, վեսթերն բլոտ էլեկտրոֆորեզի համակարգ և ֆլյուորեսցենտային մանրադիտակ։

Ի՞նչ գիտական արդյունք եք ակնկալում ստանալ:

- Նոր սարքավորումները հնարավորություն կտան ստանալ հավաստի և միջազգային չափանիշներին համապատասխան գիտական արդյունքներ՝ մեր կողմից ստեղծված ռեկոմբինանտ կլոններից ընտրել ԱԼԹ արտադրող արդյունավետ նոր շտամներ, մշակել այդ շտամների աճեցման օպտիմալ պայմաններ։

 

Ովքե՞ր են ընդգրկված Ձեր թեմայում: 

- Թեմայում ընդգրկված են կենտրոնի գիտաշխատողներ Աննա Զաքոյանը և Բելլա Բաբայանը։ Գիտական ղեկավարը «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Այլընտրանքային Էներգիայի աղբյուրների լաբորատորիայի վարիչ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Վիգեն Գոգինյանն է:  

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ ծրագրերը երիտասարդ գիտնականների համար:

- Այսպիսի ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին նորարական հետազոտություններ իրականացնել, ստեղծել համագործակցության հնարավորություններ այլ գիտնականների հետ, ստանալ արժեքավոր գիտական արդյունքներ, հզորացնել հետազոտական ինստիտուտների և համալսարանների նյութատեխնիկական բազան։ 

Ինչպե՞ս որոշեցիք զբաղվեք գիտությամբ, ի՞նչը Ձեզ դրդեց կամ ոգեշնչեց:

- Ես շատ եմ սիրում գիտությունը, սիրում եմ նոր բացահայտումներ կատարել։ Շատ հետաքրքրասեր եմ, նաև՝ բծախնդիր, փորձում եմ ուշադրություն դարձնել բոլոր մանրուքներին։ Անհամբեր եմ, ինչը երբեմն խանգարում է։ Սակայն եթե նպատակադրվում եմ կատարել ինչ որ բան կամ հասնել ինչ որ արդյունքի, ջանք չեմ խնայում։ Սիրում եմ շփվել և համագործակցել մարդկանց հետ։ Կարծում եմ՝ հետաքրքրասիրությունը, մարդկության համար լավ և բարի գործեր անելու ցանկությունը, սերը բնության, կենսաբանության և բժշկության հանդեպ օգնեցին ինձ զբաղվել գիտությամբ։ 

Իմ գիտական ուղղվածությունը հատկապես հետաքրքիր է միկրոօրգանիզմների անհավանական հատկություններով և դրանց բջիջներում տեղի ունեցող  ֆենոմենալ երևույթներով։ Այժմ 11 գիտական հոդվածի հեղինակ եմ, 4-ը տպագրվել են արտասահմանյան գիտական ամսագրերում։ Համահեղինակ եմ գրքի մեկ գլխի, որը տպագրվել է «‎Springer»-ում։ 

Որքանո՞վ է արդիական Ձեր մասնագիտությունը 21-րդ դարում։

- 21-րդ դարի գիտական մարտահրավերների մի զգալի մասը կապված է կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության հետ: Դրանց թվում են կենսաէներգետիկան և վերականգնվող էներգիան, կայուն և շրջանաձև տնտեսությունը, պլաստիկով աղտոտվածությունը, համաշխարհային առողջապահությունը, վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, սննդի անվտանգությունը և այլն։ 

Միջազգային ի՞նչ համագործակցություն ունեք, ի՞նչ խթանների կարիք ունեք:

- Մեր լաբորատորիան համագործակցում է Իտալիայի Պադովայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի, Խորվաթիայի Զագրեբի համալսարանի սննդի տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ֆակուլտետի, Պորտուգալիայի Լիսաբոնի Էներգետիկայի և երկրաբանության ազգային լաբորատորիայի, Գերմանիայի Դրեզդենի մի շարք կենսատեխնոլոգիական կազմակերպությունների, Հարավային Կորեայի Մակրոգեն ընկերության հետ: 

Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին: 

- Վերջին տարիներին կա դրական տեղաշարժ պետության կողմից երիտասարդ գիտնականներին աջակցման գործում։ Կան աջակցման բազմաթիվ ծրագրեր։ Երիտասարդները պետք է լինեն ակտիվ, զարգացնեն իրենց ստեղծագործ միտքը, համագործակցեն միմյանց հետ և ստանան էական գիտական արդյունք։

Ի՞նչ նախադրյալներ ունենք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար և ի՞նչ ակնկալիքներ ունեք: 

- Ըստ իս՝ նախադրյալներից է վերջին տարիներին գիտությանը հատկացվող ֆինանսավորման ավելացումը, միջազգային դրամաշնորհներին դիմելու և Հայաստանում հետազոտություններ իրականացնելու աճող հնարավորությունները, Հայաստանում համալսարանների և ինստիտուտների միջև համագործակցության մակարդակի բարձրացումը, արտասահմանյան համալսարանների և հետազոտական ինստիտուտների հետ համագործակցության ակտիվացումը։ Սակայն նախադրյալներից բացի կան նաև բացեր, որոնք մեր բոլորիս ջանքերով անհրաժեշտ է լրացնել։ Անհրաժեշտ է գիտությունը դարձնել գրավիչ, գիտության մեջ ներգրավել ավելի մեծ թվով երիտասարդ գիտաշխատողներ և մեծացնել գիտությամբ զբաղվողների թիվը։ 

Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի  համակարգի ներդրումը կնպաստի թեկնածուական աշխատանքից հետո հմտությունների դիվերսիֆիկացմանը, կլրացնի պրակտիկ գիտելիքների բացերը, կընդլայնի մասնագիտական կապերի շրջանակը, հնարավորություն կտա փոխելու հետազոտական ուղղությունը։  Բարձր մակարդակի PostDoc համակարգ ունենալու դեպքում այն գրավիչ կլինի նաև արտասահմանցի գիտնականների համար, և իրենց հետթեկնածուական աշխատանքները կիրականացնեն Հայաստանում, ինչը կնպաստի գիտական նոր կապերի հաստատմանը։ 

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները:

- «Գիտուժ»-ը մեծ աշխատանք է կատարել Հայաստանում գիտության հանրայնացման, գիտության խնդիրների մասին բարձրաձայնման, գիտության երիտասարդացման, ինչպես նաև գիտության ֆինանսավորման ավելացմանը նպաստող գործընթացներում։ Աջակցում եմ «Գիտուժ» նախաձեռնությանը և հնարավորության դեպքում կնպաստեմ նախաձեռնության կողմից իրականացվող աշխատանքներին։ 

Ինչի՞ մասին եք մտածում, երբ զբաղված չեք գիտական աշխատանքով:

- Անկեղծորեն կարող եմ ասել, որ ինձ համար դժվար է կտրվել գիտական աշխատանքից։ Մտածում եմ նաև իմ ծննդավայր Կողբի մասին, թե ինչպե՞ս կարող եմ ապագայում իմ ներդրումն ունենալ Կողբի զարգացման և բարգավաճման գործում։ Սիրում եմ լսել դասական երաժշտություն։ 

Ի՞նչ գրքեր եք կարդում: Ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը: 

- Իմ սիրելի  հեղինակը Հովհաննես Թումանյանն է։ Աշխատանքի բերումով հիմնականում կարդում եմ մասնագիտական գրականություն։ 

Ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական բանականությանը, կարո՞ղ է այն փոխարինել Ձեզ Ձեր աշխատանքում:  

- Արհեստական բանականությունն արդեն իսկ ներթափանցել է մեր կենցաղ և մեր առօրյա։

Ամեն օր բոլորս բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ սարքավորումների միջոցով օգտվում ենք արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից և առավելություններից: Արդեն իսկ կան բազմաթիվ սարքավորումներ, որոնք նպաստում և ավելի արագ ու արդյունավետ են դարձնում գիտնականների հետազոտությունները։  Արհեստական բանականությունը մոտ ապագայում ավելի մեծ կիրառություն կգտնի լաբորատորիաների թվայնացման, ավտոմատացման և կառավարման գործում։ Սակայն կարծում եմ, որ մոտ ապագայում արհեստական բանականությունն ամբողջությամբ չի կարող փոխարինել մեզ մեր աշխատանքում։ 

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում, կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Սովորել, հետազոտել, բացահայտել, սովորեցնել։ Հետաքրքրասեր եմ, սիրում եմ գիտությունը և իմ աշխատանքը, նպատակասլաց եմ և չհանձնվող։ 

Մոնիկա Երիցյան