Young Scientist Tribune
Մարիամ Ամիրյան

«Առաջնային եմ համարում մասնագիտական արդյունքների հրապարակումը միջազգային գիտական ամսագրերում»

Եվ ի ապացույց Մարիամ Ամիրյանի խոսքերի՝ այս հղումը [1] տանում է Քեմբրիջի համալսարանի "Advances in Archaeological Practice" պարբերական, որտեղ հրապարակված է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի [2] գիտաշխատողների հեղինակած "Foregrounding Daily Data Collection on Archaeological Fieldwork" հոդվածը: Այստեղ անդրադարձ է կատարվել պեղումների ընթացքում ձեռքբերված տվյալների՝ թվային տարբերակով հավաքագրման մեթոդներին՝ օրինակ ունենալով «Ուշկիանի» (հայ-գերմանական արշավախումբ), «Կոտայք» և «Վայոց ձոր» (հայ-իտալական արշավախումբ) ծրագրերի փորձը: Հոդվածի համահեղինակներից է նաև ինքը:

- Այսպիսի աշխատանքային խմբերը կապող օղակ են միջազգային գիտական հանրության և Հայաստանում գործող երիտասարդ գիտնականների միջև:

Մարիամ Ամիրյանն ինստիտուտի Վաղ հնագիտության բաժնի հայցորդ և կրտսեր գիտաշխատող է: Մասնակցել է թվով 13 հնավայրերի պեղումների Հայաստանում [3], Բուլղարիայում, Վրաստանում: Այդուհանդերձ, Մարիամ Ամիրյանի իրականացրած հետազոտությունները հիմնականում հայ-գերմանական համագործակցության [4] շրջանակներում են:

- Լինելով դեռ մագիստրանտ՝ հնարավորություն ստացա մասնակցելու հայ-գերմանական արշավախմբի կողմից (ղեկ.՝ Արսեն Բոբոխյան)՝ Սևանա լճի հարավ-արևելյան ավազանում [5] իրականացվող հնագիտական աշխատանքներին: Սա էլ սկզբնակետ հանդիսացավ մասնագիտական ուղուս համար (իսկ մինչ այդ ավելի շատ հակված էի ուսումնասիրելու Վանի թագավորության մշակույթը [6] պատմահնագիտական համատեքստում). որոշվեց ստացված տվյալները ներկայացնել թեկնածուական ատենախոսության տեսքով: Այժմ հետազոտություններիս կենտրոնում է նաև լճի հյուսիս-արևելյան ափը: Ըստ էության, տարածաշրջանը, որպես հնագիտական հետազոտությունների օբյեկտ, բավական վատ է ուսումնասիրված և այս առումով հնարավոր կլինի համալրել Հայաստանի հնագիտության շտեմարանը նոր տվյալներով: Առավելապես մասնագիտանում եմ բրոնզ-երկաթեդարյան խեցեղեն նյութի ուսումնասիրության մեջ: Աշխատում եմ նաև «ստեղծել» և գործնականում կիրառել խեցեղեն նյութի մշակման ընդհանուր մեթոդիկա և եզրաբանություն, քանի որ աշխատանքի ընթացքում մշտապես բախվել եմ մեթոդական և եզրաբանական տարաձևությունների, հայերենով համապատասխան գրականության գրեթե բացակայության:

- Մասնագիտական ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Վերջին երկու տարիներին հետաքրքրված եմ Հանրային հնագիտությամբ: Սա գիտակարգ է, որն ուսումնասիրում է հանրություն-մշակութային ռեսուրս-պետություն փոխհարաբերությունները: Այն նոր է սկսում տարածում ու կիրառություն գտնել մեզ մոտ: Թերևս, մեր օրերում չնվազող կողոպուտի դեպքերը հնավայրերում, անփույթ վերաբերմունքը ցանկացած տեսակի հուշարձանի նկատմամբ, փաստում են մեր հասարակության կրթվածության պակասի և պատկան մարմինների՝ այս ոլորտում առկա բացերի մասին: Հնագիտական դաշտային աշխատանքները Հայաստանի տարբեր մարզերում ինձ թույլ են տալիս անմիջականորեն շփվել համայնքի անդամների հետ, բացահայտել նրանց արժեհամակարգը, աշխարհայացքը և ինչ-որ չափով ազդել դրանց վերաձևմանն ու զարգացմանը:

- Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել Հայաստանի հումանիտար մտքի զարգացման համար:

- Եթե դիտարկեմ ի մասնավորի հնագետի աշխատանքը, ապա առաջնային եմ համարում մասնագիտական արդյունքների հանրահռչակումը միջազգային գիտական շրջանակներում, բայց և տեղում անպայմանորեն ազգային գիտական դպրոցի պահպանումն ու արդիականացումը: Մյուս կարևոր քայլը կլինի մասնագիտական արդյունքները հասարակության համար հասանելի [7] և մատչելի դարձնելը, բայց անպայմանորեն հիմք ունենալով գիտականությունը: Սա, կարծում եմ, մեծապես կնպաստի արժեհամակարգի, կրթության, ինչու չէ նաև տնտեսության բարելավմանը:

- Ի՞նչ է անհրաժեշտ գլոբալացմանը համընթաց քայլելու համար:

- Կարծում եմ՝ մեր պետության համար հրամայական պետք է լինի ունենալ ազգային կրթական և գիտական որակյալ համակարգ, որը զուտ փաթեթավորված չի լինի միջազգային չափանիշներով, այլ իսկապես կհամապատասխանի միջազգային չափանիշներին՝ հիմքում ունենալով սեփական դպրոցը: Սա թույլ կտա նախ չկորցնել առկա փորձը, ապա հավասարվել միջազգային շրջանակներին: Այս դեպքում և կունենանք ինքնարժեքն իմացող ու գիտակից հանրություն, ըստ այդմ նաև կայուն համակարգ, որը պատրաստ կլինի դիմակայելու ցանկացած տատանումների:

- Մասնագիտական ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Ըստ էության, որքան հմտանում և կայանում եմ մասնագիտությանս մեջ, այնքան ավելի են լայնանում հեռանկարների շրջանակները, սակայն հարց է՝ որքանով են դրանք իրատեսական: Թերևս, վերջերս գիտաշխատողների (ընդգծում եմ հումանիտար ուղղվածության) աշխատավարձի բարձրացումը, պետմարմինների հետաքրքրվածությունը հնագետների աշխատանքների ուղղությամբ, ինչ-որ կերպ ոգևորում է ընտրածս մասնագիտությամբ ապագա տեսնել հայրենիքումս: Հայաստանն իսկապես ունի պոտենցիալ հնագիտության առումով (թե՛ որպես մաքուր գիտություն, թե՛ որպես միջոց տնտեսության, կրթության ոլորտներում), սակայն ամենամեծ խնդիրը համապատասխան ֆինանսավորումն է (ո՛չ միայն աշխատավարձը) և ապա օժանդակ լաբորատորիաների բացակայությունը: Արդյունքում երիտասարդների մեծ մասը կա՛մ ընդհանրապես չեն շարունակում զբաղվել գիտությամբ (որպես արդյունք՝ ունենում ենք կադրերի պակաս), կա՛մ գիտությունը դիտարկում են որպես հավելյալ միջոց (որպես արդյունք՝ ունենում ենք ոչ այդքան կոմպետենտ կադրեր) կենսաապահովման համար: Ըստ այդմ, հեռնակարներն առավելապես կապված են արտասահմանյան ներդրումների առկայության հետ՝ հնագիտության դեպքում համատեղ արշավախմբերի և ծրագրերի տեսքով:

- Մասնակցե՞լ եք ՀՀ Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթներին:

- Այժմ մասնակցում եմ «Հայաստանի պատմական լանդշաֆտների «հողի հիշողությունը» և «մշակութային հիշողությունը». բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների հողահնագիտական միջմասնագիտական հետազոտություն» ծրագրին: Ծրագրի շրջանակներում հայ-ռուսական միջմասնագիտական թիմը հողի միջոցով փորձում է հնագույն բնակավայրի սահմաններից դուրս գտնել վայրեր, որոնք տեղի հին հասարակությունը կարող էր օգտագործել անասնապահության կամ երկրագործության համար:

- Պահանջվող չափանիշների մեջ կա՞ն կետեր, որոնց համապատասխանելը ասպիրանտի (հայցորդի) համար դժվար է կամ ավելի շատ փորձ է պահանջում:

- Կարծում եմ՝ Գիտության կոմիտեի ծրագրերը մատչելի են ասպիրանտների համար: Եթե անգամ կան դժվարություններ, ապա դրանք կարող են խաղալ միայն ի օգուտ դիմորդի, քանի որ դա ազդակ է բացերը լրացնելու: Ինձ համար ոգևորիչ է, որ վերջին ժամանակներում կառույցն ավելի ուշադիր է երիտասարդ հետազոտողների աշխատանքների նկատմամբ:

Զրույցի ընթացքում քննարկեցինք նաև երիտասարդ գիտական կադրերի աշխատանքների միջազգայնացման հարցը: Մարիամը բերում է իր օրինակը: Տասնամյակների միջազգային համագործակցության շնորհիվ ինստիտուտում ձևավորված միջավայրը օղակ է դարձել երիտասարդներին տարբեր միջազգային աշխատանքային խմբերում ընդգրկելու համար, և, ըստ այդմ, նրանց մոտ ձևավորելու միջազգային գիտական հանրության պահանջներին համապատասխան աշխատելաոճ:

Հղումներ

  1. A. Petrosyan, H. Azizbekyan, B. Gasparyan, R. Dan, A. Bobokhyan, M. Amiryan 2021, Foregrounding Daily Data Collection on Archaeological Fieldwork, Advances in Archaeological Practice, 9 (4), 402 – 414, https://www.cambridge.org/core/journals/advances-in-archaeological-practice/article/
    foregrounding-daily-data-collection-on-archaeological-fieldwork/39409C6C27FAA55D4F3
    1A00EB8ACDCDA?fbclid=IwAR0-L1zcu2wAfPzMWc3awpUcR9jAoiOeXhijoppuGu0k30ZbW
    wHD1iOYkv4
    .
  2. ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտ, մասնագիտացումը՝ հնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, էթնոսոցիոլոգիա, մարդաբանություն, վիմագրություն՝  http://iae.am/:
  3. Պեղումներ Սոթք և Նորաբակ համայնքներում՝ https://armenpress.am/arm/news/735881?fbclid=IwAR2UkM6GALBMrNn-vs2F7tk6BFE88QkSOgKxLkDEYmgjFVMu4RVrIMnKnWA:
  4. Mariam Amiryan, The Excavation of Kurgan N1 of Norabak in 2012 (in Armenian), 2013, https://www.academia.edu/39837962/The_Excavation_of_Kurgan_N1_of_Norabak_in_
  5. 2012_in_Armenian_?fbclid=IwAR1aauqK3x4Fuh-6tuZy4qu0TmxM4VmWlB1ZPHRQaq-nM_
    ygTJkZ-AnJMEw.
  6. Mariam Amiryan, The South-Eastern Basin of Sevan Lake in Historical and Archaeological Context (XV-VI c. BC) (in Armenian, abstract in English), 2014, https://www.academia.edu/39924794/The_South_Eastern_Basin_of_Sevan_Lake_in_
    Historical_and_Archaeological_Context_XV_VI_c_BC_in_Armenian_abstract_in_English_?fbclid=IwAR2j8GWmJ4gTGjpfzLz2QQOf7ZUxypWOfol8Kvd5dGPCagIFrBoLr-o_A7M.
  7. Mariam Amiryan, The Land of Etiuni (in Armenian, abstract in English), 2012, https://www.academia.edu/37972264/The_Land_of_Etiuni_in_Armenian_abstract_in_
    English_?fbclid=IwAR2JHZ0PGjg3rag7SonqHZedY-6rpP8tMa9hnQAlpKnhOzNx7fd2-zyS5y4.
  8. Էլինա Ղազարյան, «Հայկական հնագիտության մեջ այս եղանակը առաջին անգամ է կիրառվում․Մարիամ Ամիրյան»՝ https://www.aravot.am/2020/03/11/1099228/?fbclid=IwAR3mXVS_-qikQnwBC7a2yufKLY2qpSe0k4DpbUjou4OKAqVyUB61zG7sgrk.

Հերմինե Օհանյան