Young Scientist Tribune
Նաիրա Ալավերդյան

«Հնարավորության դեպքում կհամագործակցեի արտերկրի մասնագետների հետ»

Նաիրա Ալավերդյանը սովորում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում: Ուսումնասիրում է «Օրենսդիր մարմնի կարգավիճակը պառլամենտական կառավարման համակարգում. ՀՀ օրինակով, տեսական, իրավական վերլուծություն» գիտական թեման: 

Ուսումնասիրություններն ուղղված են ինչպես օրենսդիր մարմնին, այնպես էլ՝ կառավարման համակարգին: Գտնում է, որ թեման հեռանկարային է, քանի որ կառավարման համակարգի փոփոխությունը բերում է նաև լիազորությունների փոփոխման: Հայաստանի փորձը ևս օրինակ է պարզելու համար արդյո՞ք պառլամենտական կառավարման համակարգը ազդում է օրենսդիր մարմնի դերի բարձրացմանը:

- Գիտական թեմայի շրջանակներում ուսումնասիրել եմ խորհրդարանական կառավարման ձևը: Կառավարման այս ձևն ունեցող պետություններում իշխանության տարբեր ճյուղերի միջև առկա է զգալիփոխկապվածություն, ինչը դրանց միջև պատնեշներըդարձնում է պակաս հստակ։ Խորհրդարանական կառավարման ձևի բնութագրության հետ կապված, երբեմն գործածվում է «իշխանությունների սիմֆոնիա» եզրույթը, որի համաձայն՝ իշխանությունների բաժանումը չպետք է շատ կոշտ լինի [1]։

Նշեմ, որ խորհրդարանական կառավարման ձևը հատուկ է արևմտաեվրոպական այնպիսի միապետությունների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Դանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Իսպանիան, նաև՝ այնպիսի հանրապետությունների, ինչպիսիք են Գերմանիան և Իտալիան։ 

- Ձեր գիտական թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայ հեղինակներից կողմից: 

- Հայ հեղինակների կողմից կան որոշակի հետազոտություններ, սակայն դրանք սահմանադրաիրավական ուղղվածություն ունեն: Մինչդեռ, իմ հետազոտությունը տեսաիրավական ուղղվածությամբ է: Այս պատճառով սկսել եմ ուսումնասիրել արտերկրի գիտնականների աշխատանքները: Արժեքավոր եմ համարում Ռիկարդո Պելիցոյի և Ջոզեֆ Կուպերի  Stability in Parliamentary Regimes: The Italian Case [2] հոդվածը: Հեղինակներն Իտալիայի փորձի օրինակով տարբերակում են օրենսդրական կայունությունը կառավարության կայունությունից: Որպես եզրահանգում պնդում են, որ առաջինը չպետք է դիտարկվի որպես երկրորդի ածանցյալ էֆեկտ: Հեղինակների պնդումները կարող են ուղենիշ հանդիսանալ այլ խորհրդարանական համակարգերում երկուսի միջև հարաբերությունների հետագա ուսումնասիրության համար:

- Ի՞նչ խնդիր եք դրել Ձեր ուսումնասիրության հիմքում: 

- Աշխատանքն իրավահամեմատական է: Միջազգային փորձի ուսումնասիրությունը  թույլ է տալիս նոր ինստիտուտների ստեղծման ուղղությամբ աշխատել, որը կներկայացնեմ ավարտական աշխատանքում: Առայժմ ծանոթանում եմ նաև Գերմանիայի Բունդեսթագում խորհրդարանական հարցերի քանակական տեքստային վերլուծությանը [3]:

- Կարդո՞ւմ եք Legislative Studies Quarterly-ի [4] պարբերականում հրապարակվող այլ հեղինակների հոդվածներ: 

- Առանձնացրել եմ նաև Legislative Capacity in Germany's Parliaments [5] հոդվածը, ուր բերվել են նոր տվյալներ Գերմանիայի օրենսդիր մարմինների աշխատանքի վերաբերյալ։ Հոդվածի հեղինակներն են Նիլս Ափելդորնը և Դեվիդ Ֆորտունատոն: 

Հավելենք նաև՝ Նաիրա Ալավերդյանը գիտական աշխատանքի կատարման ընթացքում կարևորում է գիտական ղեկավարի դերը: Գտնում է, որ ասպիրանտները ճիշտ ուղղորդման կարիք ունեն: Հնարավորության դեպքում նաև արտերկրի մասնագետների հետ համագործակցության ցանկություն է հայտնում: 

Հղումներ

  1. А.В.Васильев, Разделение властей։ теоретические аспекты и современная практика, Право и государство։ теория и практика, Москва, 2006, N 7, էջ 5 http://lawlibrary.ru/article1214117.html.
  2. Riccardo Pelizzo, Joseph Cooper, Stability in Parliamentary Regimes: The Italian Case, Legislative Studies Quarterly, 2011,  https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.2307/3598527.
  3. Thomas Zittel, Dominic Nyhuis, Markus Baumann, Geographic Representation in Party-Dominated Legislatures: A Quantitative Text Analysis of Parliamentary Questions in the German Bundestag, Legislative Studies Quarterly, 2019, https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/lsq.12238.
  4. Legislative Studies Quarterly պարբերականում հրապարակվում են  տարբեր երկրների խորհրդարանների և օրենսդիր մարմինների վերաբերյալ գիտական հոդվածներ՝ https://onlinelibrary.wiley.com/journal/19399162:
  5. Niels H. Appeldorn, David Fortunato, Legislative Capacity in Germany's Parliaments, Legislative Studies Quarterly, 2021, https://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/lsq.12338.

Հերմինե Օհանյան