| ||||||||
Հենրիկ Խաչատրյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող է։ Առաջին դեպքն է, երբ չեմ կողմնորոշվում՝ երիտասարդ գիտնականին նկարագրելիս խոսքը սկսել նրա գիտական մոտեցումներից, թե՝ այդ գիտական մոտեցումները թողնել վերջում և նախ խոսել սկզբունքային հարցերից, որոնք նա արծարծել է մեր զրույցի ընթացքում: Իրեն ուղղված բոլոր հարցերը երկրի զարգացման հնարավոր հեռանկարների մասին էին, բայց պատասխաններն առաջին հերթին մեր կորցրածի մասին են: 2020թ.-ի պատերազմի մասնակից է: Ծանր մարտական ուղի է անցել. ընկերների կորուստը, նրանց ինքնազոհությունն ու պատերազմի ելքը երբեմն չեն թողնում հայացքն ապագային սևեռել. - Կամավորագրվեցի, այլ կերպ ապրել չէի կարողանա: Մասնակցեցի երկու փուլով։ Սկզբում Կենտրոնի երկրապահ կամավորականների հետ Ջրականի [1] հատվածում. կեսից հետ ենք եկել՝ ավտոբուսները ռմբակոծվում էին և անհնար էր առաջ գնալ,- լռություն. մտքերը հավաքում է,- չեմ հիասթափվել և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի հետ 25.10.2020թ.-ին կրկին մեկնել եմ Արցախ՝ Մատաղիս [2]։ Վերադարձել եմ 20.11.2020թ.-ին։ Խոսքի յուրաքանչյուր հնչյունի մեջ ծայրահեղ լարվածություն էր, և երբ խնդրեցի հուշերից առանձնացնել մեկը, լռություն տիրեց: Որոշել էր իր ապրածից և ոչ մի պահով չկիսվել: Պատերազմն իր համար չի ավարտվել. այն տեղափոխվել է գիտության ճակատ: Գիտության ճակատում առանձնացնում է այն կետերը, որոնք մեզ պետք է ամրացնեն՝ կանխելու և/կամ պատրաստվելու հնարավոր պատերազմներին. - Գիտության բոլոր ճյուղերում բեկումնային ճեղքում իրականացնելը պետք է լինի պետական դոկտրին, իսկ գիտատեխնիկական ոլորտի վերափոխումը՝ հրատապ։ Պետք է հասնել ռազմարդյունաբերության զարգացման և բանակի արդիականացման։ Զուգահեռ անհրաժեշտ է համարում երիտասարդ գիտական կադրերի պատրաստումն՝ առանձնացնելով հայագիտության ոլորտը։ Հենրիկը մայրենիից (նաև` գրաբար) զատ տիրապետում է անգլերեն [3], ռուսերեն, լեհերեն, պարսկերեն լեզուներին։ Աշխարհին հասկանալի երկիր լինելու համար անհրաժեշտ է համարում հայագիտական արդյունքի ներկայացումը միջազգային վարկանշային պարբերականներում [4] անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: Գտնում է, որ դա է եվրոպական, ամերիկյան, և ո՛չ միայն վերջիններիս, գիտական լսարանին մեր պատմության առանցքային խնդիրները ներկայացնելու միակ միջոցը: - Պատրաստվում եմ ամերիկյան "Journal of Historical Geography" [5] պարբերականին ներկայացնել հոդված, որտեղ լինելու է նախարարական Հայաստանի քարտեզը։ Սա հեռանկար կարող է բացել թե՛ ճանաչման, թե՛ համագործակցության համար։ Քարտեզագրության և պատմաաշխարհագրական բնույթի հրապարակումներ իրականացնելով նշված պարբերականներում՝ միջազգային ասպարեզում առավել տեսանելի և հիմնավորված կդարձնենք մեր պահանջատիրության խնդիրը [6]։ Դեռևս ասպիրանտական տարիներին ուսումնասիրել է «Հայաստանի վարչական կառուցվածքն ու իրավական կարգավիճակը 387-630 թթ.» [7] գիտական թեման։ Նպատակադրել է ստեղծել քարտեզագրական կենտրոն՝ ներգրավելով մասնագետների։ Գտնում է, որ պատմագիտական յուրաքանչյուր թեմա ուսումնասիրելիս և արդյունքը հոդվածի տեսքով հրապարակելիս կարևոր է քարտեզի առկայությունը։ - Պատմական աշխարհագրությունը և համապատասխան քարտեզագրումը հումանիտար գիտություն մաս կազմող պատմությանը մոտեցնում է ճշգրիտ գիտության ոլորտին՝ նրան դարձնելով վստահելի և կիրառելի։ Յուրաքանչյուր գավառի և նահանգի պատմությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ է դրա մանրակրկիտ քարտեզագրումը: Դա թույլ է տալիս պատկերացում կազմել նյութական մշակույթի, ժողովրդագրական պատկերի, պետական ու վարչական սահմանների վերաբերյալ, և ըստ այդմ՝ դրանց կեղծման դեմ հանդես եկողներին տալ հստակ և ծանրակշիռ փաստարկներ։ Կարևոր են ոչ թե գունազարդ ու գծային, այլ՝ գեոդեզիական, ճշգրիտ ֆիզիկական տեղեկություններ պարունակող քարտեզները։ Հղումներ
|