| ||||||||
Մարգարիտա Հովհաննիսյանը Գյումրի քաղաքից է, 35 տարեկան, մասնագիտությամբ՝ կենսաբան, կենսաքիմիկոս: Սովորել է Գյումրու Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետում: Մասնագիտական կրթությունը շարունակել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ախտաբանական կենսաքիմիայի բաժնում, որտեղ ներկայում աշխատում է որպես ավագ գիտաշխատող, նաև դասախոսում է Հայկական բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի և ֆարմակալոգիայի ամբիոնում: Նա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահն է։ Մարգարիտան կենսաբանական գիտությունների թեկնածու է, 19 գիտական հոդվածի և 12 թեզիսի համահեղինակ: Համագործակցում է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի և Էնդոկրինոլոգիայի ամբիոնների, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական բաժանմունքի, Մարալիկի բժշկական կենտրոնների հետ: Ինչպե՞ս ընտրեցիք այս մասնագիտությունը, ձեր սպասելիքներն արդարացվա՞ծ են: - Դեռ փոքր տարիքից ցանկություն եմ ունեցել բուժել մարդկանց։ Այս ոլորտում գիտելիքներ ձեռք բերելուց հետո հասկացա, որ ցանկությունս իրագործելու համար անհրաժեշտ է իրականացնել երկարատև, համակարգային, տարաբնույթ հետազոտություններ։ Իմ մագիստրոսական թեզի պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ Գևորգ Գևորգյանը, ով այդ ժամանակ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենն էր, նկատեց գիտության հանդեպ իմ սերը և առաջարկեց շարունակել հետազոտություններն ավելի բարձր մակարդակով։ Շատ ուրախ եմ, որ այսօր իմ սիրելի ինստիտուտում եմ, որտեղ ունեմ բանիմաց ավագ գործընկերներ, ովքեր պատրաստակամ են իրենց փորձը փոխանցելու և աջակցելու։ Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ: - Յուրաքանչյուր ստացված արդյունք կարևոր է և կարող է նոր հետազոտությունների հիմք դառնալ: Օրինակ, գլխուղեղ-աղեստամոքսային համակարգ-միկրոբիոտա-արյուն/իմունային բջիջներ առանցքում ցուցադրվել են արգինազի, ազոտի օքսիդի սինթեզի և կրեատինկինազի տեղաշարժերը, որոնք ներգրավվում են խոցային կոլիտի, երկբևեռ խանգարման ախտաբանական մեխանիզմներում: LBC1 ընտրված պրոբիոտիկների կոմպլեքսն օգտագործվել է այդ հիվանդությունների հակադարձ բուժման համար, ցուցադրվել է դրանց բարենպաստ ազդեցությունը, ինչպես նաև վերը նշված ֆերմենտների ակտիվության կարգավորումը հյուսվածքներում և իմունային բջիջներում: Նույն ֆերմենտների տեղաշարժերը դիտվել են շրջանառվող լեյկոցիտներում տիպ 1 շաքարային դիաբետով հիվանդների շրջանում և բացահայտվել է տարիք կախյալ (դեռահաս և սեռահաս խմբերում), սեռական դիմորֆիզմ՝ կապված գլիկեմիկ ստատուսից և հիվանդության տևողությունից ինսուլինաթերապիայի ֆոնին: Այժմ այդ մեխանիզմները հետազոտվում են տիպ 2 շաքարախտի և այլ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև Covid-19-ով հիվանդների շրջանում և պատվաստված առողջ մարդկանց մոտ առաջին և երկրորդ պատվաստումից հետո: Ակնկալվում է նշված կոմպլեքսը կիրառել աուտոիմուն հիվանդությունների ադյուվանտային թերապիայում, մասնավորապես՝ տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում, հետագայում կլինիկայում ներդնելու համար: Բացի այդ, «AGBU-Research Program» ծրագրին պատրաստվել և ներկայացվել է նախագիծ՝ «Narimax forte» պրոբիոտիկ համալիրով և «Rally Sunroot Pro» զեոլիտով իմոբիլիզացված պրոբիոտիկների և պրեբիոտիկների խառնուրդով օժանդակ թերապիայի ազդեցությունն աղիքային միկրոբիոտայի և շրջանառվող լեյկոցիտների նյութափոխանակության վրա տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում: Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը: - Պատշաճ ֆինանսավորումը, նյութատեխնիկական բազայի վերազինումը, ազգային և միջազգային համագործակցությունը, երիտասարդ կադրերի վերապատրաստումը: Ի՞նչ կցանկանայիք փոխվեր գիտության ոլորտում: - Գիտությունը պետք է դուրս գա ֆինանսավորման մնացորդային վիճակից: Առաջնային և հրատապ հարց է գիտական հետազոտությունների արդյունքները դարձնել կիրառելի և մրցակցային: Գիտնականի վարկանիշը, ցավոք, ընկել է, գիտությունը դադարել է հրապուրիչ լինել տաղանդավոր երիտասարդների համար: Պետք է լավ վարձատրել գիտնականին, հնարավորություն ընձեռել նրա մասնագիտական աճի համար, խրախուսել տաղանդավոր երիտասարդներին: Մասնակցո՞ւմ եք գիտական ծրագրերի, դրամաշնորհների մրցույթներին, միջազգային գիտաժողովներին: - Այո, իհարկե: Օրինակ, «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնագիտական խորհրդի կողմից՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում, գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթի» շրջանակներում 2021թ-ին ստացել եմ 3 000 000 դրամաշնորհ, ինստիտուտի համար ձեռք ենք բերել նոր սերնդի ցենտրիֆուգ: Նաև ստացել եմ դրամաշնորհ ազդեցության գործակից ունեցող պարբերականներում տպագրվելու համար։ Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրմանը: - Գերազանց: Ինքս կցանկանայի շարունակել գիտությամբ զբաղվել իմ երկրում, թեպետ գիտակցում եմ, որ անհրաժեշտ կլինի հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը, մասնակցո՞ւմ եք «Գիտուժ»-ի նախաձեռնություններին կամ աջակցո՞ւմ եք նրանց: - «Գիտուժ»-ի գործունեությունը գնահատում եմ դրական: Դեռ չեմ մասնակցել, հնարավորության դեպքում և՛ կմասնակցեմ, և՛ կաջակցեմ։ Կնշեք այն գիտնականներին, ովքեր Ձեզ համար օրինակելի են: - Մարի Կյուրին, առաջին և միակ կին գիտնականը, ով երկու անգամ Նոբելյան մրցանակ է ստացել երկու տարբեր գիտական բնագավառներում: Հասնելով այդքան մեծ հաջողությունների՝ նա կանգ չի առել և շարունակել է զբաղվել գիտությամբ: Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում: - Նպատակիդ հասիր քրտնաջան, ազնիվ, համառ աշխատանքի շնորհիվ։ Ի՞նչ երազանքներ ունեք, ո՞րն է ամենամեծը: - Երազանքներ, նպատակներ շատ ունեմ: Ամենամեծ երազանքս, որ մարդիկ լինեն բարի, ներողամիտ, առողջ, ապրեն խաղաղ երկնքի տակ։ Իսկ ո՞րն է ձեր «գիտական» երազանքը: - Ցանկանում եմ ունենալ իմ սեփական վերահսկիչ, ճշգրիտ կենսաքիմիական ախտորոշիչ լաբորատորիան: Սա ավելի շուտ նպատակ է, քան երազանք։ Իսկ գիտական երազանքը մեկն է` արժանանալ Նոբելյան մրցանակի։ |