| ||||||||
Վահե Սարգսյանը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող է: Գիտի ռուսերեն, գերմաներեն, ուրարտերեն: Գիտական թեման ուրարտագիտությունից է՝ «Կ. Ֆ. Լեման-Հաուպտի [1] աշխատություններում Վանի թագավորության պատմության հիմնահարցերը» [2]: Վահե Սարգսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում են Հին Մերձավորարևելյան տարածաշրջանի երկրները (մ.թ.ա II-I հազարամյակներ): Նա նպատակ ունի գերմաներենից հայերեն թարգմանելու մի շարք առանցքային աշխատություններ, գրելու Ուրարտուի քաղաքական պատմությունը: Լինելով ուրարտագետ՝ ղեկավարում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր [3] մասնաճյուղի աշխատանքները: Սկսած 2019թ.-ից՝ Կարմիր բլուրում հայ-ավստրիական համատեղ արշավախմբի կողմից ուսումնասիրություններ են իրականացվում: - Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ աշխատանքներ են տարվել մինչ այժմ: - Պեղումներ, որից հետո պեղված նյութերի հետազոտություն, արդյունքների ամփոփում, շարադրում, հնաբուսաբանական, հնակենդանաբանական հետազոտություններ: - Ո՞րն է հետազոտության արդյունքում փաստված նորույթը: - Իրականացված պեղումները նոր տվյալներ հաղորդեցին Կարմիր բլուր հուշարձանի ուրարտական ժամանակաշրջանի վերջին փուլի մասին, ինչը Ուրարտուի պատմության վերաբերյալ մի շարք վերանայումների հնարավորություն է տալիս: - Ո՞վքեր են համագործակիցները: - Ավստրիացի հնագետներ՝ Ինսբրուկի համալսարանի [4] պրոֆեսոր Վ. Կունտների [5] գլխավորությամբ: - Ի՞նչ նոր հնարավորություն է տալիս Ձեզ այս համագործակցությունը: - Նոր հնարավորությունները երկուստեք են՝ թե՛ ավստրիացի, թե՛ հայ հետազոտողների համար: Նշելի է, որ մեր ավստրիացի գործընկերները հնարավորություն են ունենում աշխատելու եզակի հուշարձանում, աշխատանքի ժամանակ քննարկումների արդյունքում ծնվում են նոր գաղափարներ, տեղի է ունենում փորձի փոխանակում: - Միջազգային ո՞ր ամսագրին է ներկայացվել աշխատանքի արդյունքում կազմված հոդվածը: - Հետազոտողներ Վ. Կունտների, Ս. Հայնշի [6], Մ. Բադալյանի և Վ. Սարգսյանի շարադրած նյութերի հիման վրա կազմված հոդվածը ներկայացվել է Quaternary International [7] հանդեսին: - Միջազգային համագործակցությունից զատ, Դուք նաև սփյուռքի գիտական համայնքի հետ կապի ամրապնդման ջատագով եք: Ե՞րբ եք սկսել համագործակցել: - 2018թ.-ին Բեյրութում կայացած «Եգիպտոսի, Սուդանի և Եթովպիայի հայերը» [8] միջազգային հայագիտական գիտաժողովից հետո: Ի դեպ, գիտաժողովին մասնակցելու խորհուրդ էր տվել պատմաբան Արծվի Բախչինյանը: - Ի՞նչ համատեղ աշխատանքներ եք կազմակերպում: - Սփյուռքի հետ մեր վերջին աշխատանքը եղել է հունվարի 22-ին Համահայկական կրթական առցանց աշխատաժողովի շրջանակում: Ես հանդես եմ եկել Վանի թագավորության մասին դասախոսությամբ: Հավելենք, որ Վահե Սարգսյանը կարևոր է համարում հայաստանյան գրադարաններն անհրաժեշտ գրականությամբ համալրելը, ուսանողությանը հիմնարար գիտելիքներ տալը: Իսկ նշված խնդիրների լուծման միջոց է համարում աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ աշխատանքը: Հղումներ
|